ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում ՀՀ քաղաքացիների Հայաստանից մեկնման եւ Հայաստան ժամանման մասին պաշտոնական վիճակագրությունը: Համաձայն այդ վիճակագրության` նշված ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 1 մլն 17 հազար եւ ժամանել 922 հազար ՀՀ քաղաքացի: Տարբերությունը, այսինքն՝ բացասական հաշվեկշիռը, կազմել է ավելի քան 95 հազար, ինչը 30 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Հետևաբար` հայտարարել, որ անհանգստանալու կարիք չկա, և գործ ունենք արտագնա աշխատանքի մեկնողների հետ, մեղմ ասած, ադեկվատ չի լինի մերոնց կողմից, որովհետև արտագնա աշխատանքների մեկնողների թիվը, կարելի է ասել, քիչ թե շատ կայուն է:
«Հայկական ժամանակ» թերթի կանխատեսումներով` տարվա երկրորդ կեսին այս ցուցանիշը կմեղմվի՝ նույն արտագնա աշխատանքի մեկնողների վերադարձի հաշվին, բայց միևնույն է, տարին կեզրափակենք 80 հազարին մոտ բացասական սալտոյով: Այլ կերպ ասած` Հայաստանի բնակչությունը կնվազի ևս 80 հազարով (մեր ողջ բանակը երևի այդքան չկա):
Ամփոփելով թերթը նշել է, որ վերջին երեք տարիներին Հայաստանից արդեն արտագաղթել է 200 հազար մարդ...
Սարսափելի ցուցանիշ է, անգամ եթե ենթադրենք, որ այդ 200+80 հազարի մի մասը հետ էլ վերադառնա, միևնույն է, նման տեմպերով Հայաստանը 10 տարուց պարզապես կդատարկվի:



