
1in.am-ը գրում է.
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում իրական արշավ է սկսվել ներգաղթյալների դեմ, մասնավորապես՝ կովկասցի: Մոսկվայի շուկաներում այս օրերին սկսված պրոֆիլակտիկ գործողության հետևանքով ձերբակալվել է ավելի քան 1000 մարդ: Ոստիկանությունը մայրաքաղաքային շուկաների «մաքրումը» կազմակերպել է այն բանից հետո, երբ շաբաթ օրը շուկաներից մեկում ծեծի է ենթարկվել ոստիկանության աշխատակիցներից մեկը՝ բռնաբարության մեջ կասկածվող կովկասցի միգրանտ տղամարդուն ձերբակալել փորձելիս:
Ազգությամբ հայ միգրանտների հնարավոր ձերբակալման մասին ՌԴ ներքին գործերի նախարարությունը լռում է: Ռուսաստանի հայերի միությունը հարցում է ուղարկել ոստիկանությանը՝ պարզելու, թե կա՞ն ձերբակալված հայ միգրանտներ, սակայն որևէ հստակ տեղեկություն դեռևս չի ստացել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռուսաստանի հայերի միության մամլո խոսնակ Լուսիկ Ղազարյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ Ռուսաստանում հայերին առնչվող բոլոր խնդիրների դեպքում իրենք ստանում են նամակներ, զանգեր, օգնելու խնդրանքով դիմումներ, սակայն մինչ այս պահը որևէ դիմում չեն ստացել: Նրա խոսքով՝ ՌՀՄ-ն կապի մեջ է բոլոր իրավասու մարմինների՝ իրավապահ մարմինների և ՌԴ-ում փոքրամասնությունների միությունների հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում միավորվեն ու համատեղ հայտարարություն տարածեն՝ հայտնելով իրենց դիրքորոշումն ու մտահոգությունը երկրում կովկասցիների «մաքրման» վերաբերյալ:
«Մենք մեր մտահոգությունը հայտնել ենք ներքին գործերի նախարարությանը և հանդիպում խնդրել նախարարության ներկայացուցչի հետ, ուստի վաղը, օրվա կեսին, ՌՀՄ-ում կկայանա այդ հանդիպումը, և ՌՀՄ-ն կհայտնի իր մտահոգությունը կովկասցիների հանդեպ տեղի ունեցող գործողության կապակցությամբ»,- ասաց Լուսիկ Ղազարյանը՝ հավելելով, որ մտահոգված են, քանի որ այս օրերին բավականին լարված, ծանրացած մթնոլորտ է, «մաքրման» մասին այս տեղեկությունները վախ են ներշնչում մարդկանց՝ հայերին, կովկասցիներին: Ի դեպ, նա հավելեց, որ տեղեկություններ կան բնակարաններում խուզարկությունների մասին, նաև՝ մի շարք կովկասցիների թույլ չեն տվել օգտվել Մոսկվայի մետրոյից: