1in.am-ը գրում է.

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ տեղեկություն է հայտնել Հայաստանի բնակչության թվի մասին, ըստ որի 2013 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 3 միլիոն 11 հազար մարդ, ինչը 15 հազարով պակաս է հունվարի տվյալից: Այս տարբերությունը, բնականաբար, կարելի է վերագրել խոպանին, և իրական համեմատությունն անցկացնել հաջորդ տարվա հունվարի դրությամբ: Սակայն Հայաստանի դեպքում արտագաղթի կամ այսպես ասած` ելումուտի սալդոյի վիճակագրությունը հաշվելը հարաբերական է, որովհետև Հայաստանի ժողովրդագրական պատկերն այնպիսին է, որ ինչքան էլ քիչ հեռանան Հայաստանից, միևնույն է` էլի շատ է:

Շատ է այն իրողությունների պայմաններում, որ առկա են Հայաստանում ցանկացած ոլորտում: Շատ է այն պարագայում, երբ բանակում, օրինակ, վերջին մի քանի օրերի ընթացքում արձանագրվում է խաղաղ պայմաններում չորս մահվան դեպք: Շատ է այն դեպքում, երբ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում մարդիկ տարրական կենցաղային պայմաններից են զրկված, երբ Հայաստանի բազմազավակ ընտանիքներն ապրում են պարզապես անմարդկային պայմաններում: Շատ է կոռուպցիայի, գանձագողության, անբարոյականության, պետական մակարդակով ստախոսության պայմաններում:

Այդ դեպքում նույնիսկ մեկ մարդու հեռանալը երկրից խոսում է հենց առկա իրողությունների պահպանման օգտին, նույնիսկ մեկ մարդու հեռանալը նշանակում է մեղավոր մարդկանց պատասխանատվության հավանականության նվազեցում: Արտագաղթ կոչված երևույթը Հայաստանում վաղուց ի վեր չափվում է ամենևին ոչ թվերով, այն չափվում է լինել-չլինելով: Իսկ արտագաղթ կա:

Եվ արտագաղթը ունի նաև մի բավական արատավոր հատկանիշ՝ այն իշխանության նման է, իշխում է հասարակության տրամադրությունների վրա և վերարտադրվում: Այսինքն` հեռացողները տրամադրություն են ստեղծում, ստեղծում են պոտենցիալ հեռացողներ, հոգեբանորեն հեռացողներ: Այսինքն` արտագաղթը վարակի նման է, որի բացիլները, բնականաբար, ցանվում են ապաշնորհ կառավարման արդյունքում:

Ահա սա է, որ վիճակագրությունը դարձնում է հարաբերական, որովհետև եթե արտագաղթը որպես երևույթ առկա է, ապա թվերն ընդամենը մետաստազներն են արտահայտում, ուրիշ ոչինչ: Խորքում արդեն իրավիճակը չափվում է լիովին այլ պարամետրերով: Մինչդեռ Հայաստանում չափման միավորը շարունակում են մնալ թվերը, թվերով է առավելապես ուսումնասիրվում երևույթը, և այս իսկ պատճառով բոլոր մակարդակներում արտագաղթի վերաբերյալ վերաբերմունքը յուրովի ոչ ադեկվատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել