Իմ լավ բարեկամ Արամ Աբրահամյանի այս խմբագրականի ոչ բոլոր մտքերի հետ եմ համաձայն, ստեղծագործական միություններին տրված ոչ բոլոր գնահատականներն եմ ընդունում, բայց մի միտք չափազանց դուր եկավ: Այն, որ գրողները գրականություն են ստեղծում, իսկ չգրողները զբաղված են դատողություններ անելով: Ավելին` չգրողները զուգված-զարդարված հայտնվում են գրական համագումարներին, նստում մեծամիտ կեցվածքով, ամեն մի քվեարկությանը լրջորեն ձեռք բարձրացնում՝ կարծելով, թե համաշխարհային գրականության ապագան են որոշում: Հետո այս չգրողները, գրականության դաշտից հեռու, սակայն անդամատոմս ունեցող հավակնոտ-պռատությունները գրիչները վերցնում ու քվեարկում են, ասենք վարչության համար: Ու, պատկերացնում եք, չորս տարին մեկ գրողների միություն մտնող, հազար տարի գրիչ չբռնած, սպիտակ թղթի չափերը մոռացած, էլ չեմ ասում համակարգչի առջև չնստած մորքուրներն ու քեռիները, չէ, հիմնականում, հորքուր-մորքուրները վարչության կազմից ջնջում են Սերգեյ Սարինյանին, Զորի Բալայանին, Սուրեն Դանիելյանին, Անուշ Վարդանյանին, էլի ուրիշների... Սրանք քիչ են, հաշվիչ կոչվող հանձնաժողովում էլ ոմանք ինքնահաստատվում են՝ ձեռքի հետ «դեմ» գծիկներ քաշելով իրենց կողմից անընդունելի մարդկանց անունների դիմաց՝ ապահովելով իրենց ներկայությունը վարչությունում: Այսինքն` այս ողորմելիներին թվում է, թե մի քանիսին ջնջելով ու վարչությունից դուրս թողվելով՝ իրենք գրական գեներալներ են դառնում... Ընթերցողի համար՝ անգամ եֆրեյտոր չեն, քանի որ երևի միայն իրենց տներում գիտեն, որ գրող են, գրականագետ են կամ էլ չգիտեմ ինչ են: Իսկ գրականությունն այսօր ստեղծում են մոտ հիսուն հոգի և նաև մի քանիսը, ովքեր ոչ համագումար են գնում, ոչ էլ օրոր-շորոր են գալիս գրական հավաքույթներում...
Գրողների միությունն, իհարկե, կարևորագույն կառույց է, և Լևոն Անանյանն էլ արժեք բերեց այդ կառույցին, շատ բան արեց ու դեռ կանի... Բայց իսկապես պիտի հրաժարվել չգրողներից, գրականության ճանապարհին ընկած անպետքություններից, որոնք ապրում են ամբիցիաներով...
Կից նյութը` այստեղ



