1in.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացրել էինք, հայտնի հեռուստահաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանն, այդպես էլ դուրս չգալով կոմայից, այսօր մահացել է «Նաիրի» բժշկական կենտրոնում:
Մարկ Սաղաթելյանի մահը ցնցել է իրական ու վիրտուալ տարածքները։ Սոցիալական ցանցում նրա ընկերները, մտերիմները, երկրպագուները խորը կսկիծ ու ցավ են ապրում 42-ամյա տաղանդավոր Մարկ Սաղաթելյանի անժամանակ մահվան համար:
Մարկ Սաղաթելյանը Facebook-ում հաճախ էր գրառումներ կատարում, տեղեկացնում նաև նախորդ տարի ավտովթարից հետո իր առողջական վիճակի հետ կապված խնդիրների, առաջին ոգևորությունների, վիրահատությունից հետո առաջին քայլերի և այլնի մասին:
Իսկ արդեն մայիսի 8-ից՝ հայկական KBH-ի 20 ամյակից առաջ նա Facebook-ում կիսվեց իր տպավորություններով, թե ինչպես երբ КВН ЕрМИ-ի թիմով հավաքվել և սկսել են սցենարներ գրել ելույթի համար 20 տարի անց՝ բոլորն արդեն երիտասարդ չեն, դարձել են հասուն մարդիկ, և տարակուսանք էր հայտնել՝ իսկ ո՞ւր միանգամից անհետացան 20 տարիները: Մարկը նկարագրում է, թե ինչպես իրենք դեռ 20-ամյա տղաներ վերարկուով և տաք բաճկոններով Фуджика-ի մոտ տաքացնում էին իրենց ձեռքերը, որ հնարավոր լիներ ցուրտ 92-ին գրել… մոմի լույսի տակ.
«Բայց հենց այդ ժամանակ էր մեզ մոտ ստացվում գրել լավագույն հումորները և սցենարները, հենց այդ ժամանակ մենք անհաղթ խումբ էինք՝ КВН ЕРМИ: Եվ այսօր ես հասկացա, որ հենց այն ժամանակ՝ 20 տարի առաջ, մենք իսկապես երջանիկ էինք. շնորհակալություն ընկերներ նորից այդ զգացումը վերապրելու համար»,- գրել է Մարկ Սաղաթելյանը:
Ավելի վաղ՝ ապրիլի գրառման մեջ Մարկ Սաղաթելյանը խոսում է ազատության մասին։ «Մի անգամ 90-ականներին ես բեմից ասացի. երբ ազատությունը՝ ինչպես վարտիքի ռեզինը, շատ է լինում, ապա վարտիքն ընկնում է»,- կատակում է Մարկը:
Մարտ ամսին էլ Մարկը գրառում է կատարում. «Արդեն չեմ դիմանում, պիտի հարցնեմ, ես չեմ կարողանում հասկանալ՝ Սերժ Սարգսյանը ինչո՞ւ է բոլորի հետ դու-ով խոսում»:
Իր վերջին հարցազրույցներից մեկում էլ նա պատմում է, որ ավտովթարից հետո չորս ամիս չի քայլել։ «70 օր պառկած էի մեջքի վրա, չունեի հնարավորություն թեքվել ոչ այս, ոչ այն կողմ, և պատկերացրեք՝ ինչքան ժամանակ ունեի արժեքները վերանայելու: Հասկացել եմ մի բան՝ քո ապրած յուրաքանչյուր վայրկյանից դու պետք է հաճույք ստանաս, իմաստ չունի քո նյարդայնանալը, էնքան վատ բան կա, որ նույնիսկ մարդը չի պատկերացնում, ես դրանով անցել եմ, ու հասկացել եմ, որ ավելի լավ է դու հաճույք ստանաս քո ամեն վայրկյանից, ժպտաս, լավ լինես: Հասկանում եմ՝ դժվար բան է, բայց վաղվա օրդ կարող է ընդհանրապես չլինել, դու կարող ես այսօր առողջ քայլել, վաղը կարող ես չլինել, կամ կարող ես լինել հաշմանդամ»,- գրել է Մարկ Սաղաթելյանը...



