
Բարև՜:
Ներիր, որ բավականաչափ ուժեղ չեմ և միայն օրագրիս եմ կարողանում խոստովանել այն ամենն, ինչ կատարվում է ինձ հետ, բայց իմացիր, որ սա վախկոտության նշան չէ, և դրանից իմ զգացմունքները փոփոխության չեն ենթարկվում:
Սեր իմ, ուզում եմ գոնե օրագրում քեզ այսպես կոչել, չէ՞ որ այսպես են դիմում այն մարդկանց, ում սիրում են, իսկ ես քեզ չափից շատ եմ սիրում:
Ես չգիտեմ, թե նամակիս հաջորդ նախադասությունն ինչի մասին է լինելու, ուղղակի ուզում եմ գրել մեզ կապող կարևոր ու ոչ այնքան երևույթների, ամեն ինչի ու ոչնչի մասին: Քո մասին գրելիս փշաքաղվում եմ ճիշտ այնպես, ինչպես քեզ տեսնելիս, բայց ինձ ծածկող հագուստը խնամքով թաքցնում է զգացմունքներիս արտացոլանքը մարմնիս վրա: Երբ հպվում ես ինձ, ես զգում եմ ճիշտ նույնն, ինչ ճերմակ թուղթը նկարչի վրձնի շարժումներին ենթարկվելիս: Քո վրձնի ծայրը ներկված է այնպիսի գույներով, որոնց ես ծանոթ չեմ, և որոնցից յուրաքանչյուրը նոր բացահայտում է ինձ համար: Առաջին հայացքից իմ ու քո կապույտը, կանաչը, մեղրագույնը, դեղինը, կարմիրն ու մյուս գույները նույնն են, բայց իրականում շատ տարբեր են, և դրանցից միայն մեկն է թե՛ իմ, թե՛ քեզ մոտ նույնը:
Ես գիտեմ, որ դու զգում եմ քեզ, և գիտեմ, որ դու էլ ինձ ես զգում, բայց մենք դեռ գլխի չենք ընկել, որ զգում ենք իրար: Թքած բոլոր գեղեցիկ բառերի վրա, որ մարդիկ ասում են միմյանց սիրահարված ժամանակ. ինձ բնավ հարկավոր չէ, որ դու նայես աչքերիս մեջ ու ասես, որ սիրում ես ինձ և ապա սպասես պատասխանիս: Առհասարակ «Ես քեզ սիրում եմ»-ը սահմանափակում է զգացմունքները, սա անշուշտ իմ անձնական կարծիքն է: Մինչ օրս չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ սպասում այս արտահայտությանը, մի՞թե դրանով ինչ-որ բան է որոշվում, չէ՞ որ առանց դրա էլ ամեն ինչ պարզ է, և գոնե այս զգացմունքի դեպքում փաստերի ու ապացույցների կարիք չկա: Ես չեմ ուզում լսել, որ սիրում ես ինձ, և շնորհակալ եմ, որ ստիպում ես ինձ լսելու փոխարեն զգալ` ողջ էությամբ:
Ես քո անձն ու ներաշխարհը ավելի լավ եմ ճանաչում, քան դու, նույնն էլ իմ դեպքում, և մեր չգրված թեզը ևս մեկ անգամ ապացուցվում է նրանով, որ դու հիմա ժպտում ես, իսկ ես այդ մասին գիտեի օրագրում գրելիս` քո կարդալուց ժամեր առաջ :
Մեր մեջ ինձ ամենից շատ մեր զգացմունքների ազատությունն է դուր գալիս ` ոչ մի օրենք ու պարտավորվածություն : Ես սիրոիմ եմ քեզ ` քո ներքին ու արտաքին աշխարհները միասին, և ինձ բնավ չի հետաքրքրում, թե ինչ ես դու գտել իմ մեջ և իմ ինչն ես սիրում, ուղղակի սիրիր ինձ ու վերջ : Պետք չէ ամեն ինչ փչացնել անիմաստ օրենքներով, առանց այդ էլ մարդիկ չափից շատ են օրենքների ու պարտականությունների պատեր կառուցել :
Աշխարհի ամենագեղեցիկ ու միաժամանակ ամենակարճ կամուրջը մերն է . մի քայլ և ես քո կողքին եմ, կես քայլ` և դու ես իմ կողքին: Միասին....Քեզ կարելի է անվերջ շնորհակալ լինել ու ավելի շատ սիրել ամենաքիչն այն բանի համար, որ բացատրեցիր, թե ինչ է նշանակում միասին լինել և անկախ ֆիզիկական ներկայությունից մշտապես զգալ ուժ տվող շնչառությունդ :
Անշուշտ հիշում ես այն բարի հեքիաթը . որի համաձայն ես միշտ տեսնում եմ քեզ, իսկ դու լսում ես ինձ : Ես գիտեմ, որ չես չես մոռացել ու երբեք էլ չես մոռանա, ուղղակի ուզում եմ ասել, որ ես հեքիաթներին մարդկանցից շատ եմ հավատում, ու միշտ էլ այդպես կլիննի :
Ներիր, որ հաճախ չափից դուրս արագ ու շատ եմ խոսում, որովհետև վախենում եմ, որ, եթե չխոսեմ լռությունը կստիպի ասել այն, ինչի մասին չի կարելի բարձրաձայնել : Ներիր նաև հրաժեշտի ժամանակ քեզ երկար գրկելու համար (ես գիտեմ, որ դու դա չես նկատել), որովհետև հաճախ ստիպված եմ լինում հիշելով քեզնից կարոտս առնել :
Ես հասկանում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ բարդ է ու խճճված, և մեկուրիշի հետ ամեն ինչ այլ կլիներ, բայց ի՞նչ կարող եմ անել : Ես սիրում եմ մեր բարդությունը, ես սիրում եմ մեզ :
Տեսնես ո՞վ է մեզ իրավունք տվել մտածել . որ նման չենք մյուսներին: Մենք ոչ թե վերին արտի ցորեն ենք այլ վերին տիեզերքի գունավոր աստղ:
Ես հեղափոխական եմ, դու էլ ես հեղափոխական, մենք հեղափոխական ենք, և մենք փոխում ենք նախ միմյանց, իսկ հետո` աշխարհը:
Չգիտեմ ` դա քեզ ուրախացնում է, թե ոչ, բայց դու առաջին մարդն ես ում հաջողվել է հայտնվել իմ մտքում ամեն անգամ նոր գրառում անելիս ու դառնալ իմ հերոսը` բառիս բուն և փոխաբերական իմաստներով:
Այժմ վստահ կարող եմ շնորհակալություն հայտնել նրան,ով ժամանկին ոչնչացրել էր ներաշխարհիդ ծաղիկներն ու փոխարենը թերահավատտության ու ցինիկության ծաղիկներ տնկել, որովհետև վայրի ու անպիտան բույսերի փոխարեն նոր ծաղիկներ տնկելով ես ավելի լավ ճանաչեցի քեզ ու հասկացա,որ ոչնցացածին նորից ծնունդ տալը դժվար է, բայց ոչ անհնար :
Կարևոր է այն զգացողությունը,որ աշխարհում կա մեկը, ով միշտ հասկանում է քեզ, անգամ, եթե համաձայն չէ քեզ հետ :
Մենք երբեք չենք համբուրվել ,չենք խոսել մեր զգացմունքների մասին, մեր ձեռքերի ափերը կարգին ծանոթ չեն միմյանց, և ես գիտեմ,որ երբեք ոչինչ չի փոխվելու, բայց մ՞իթե այս ամենը կարևոր է, ես միևնույնն է սիրում եմ ու սիրելու եմ քեզ :
Հիմա ես 16 տարեկան եմ, (պաշտոնական տվյալներով 18, բայց ինձ միշտ էլ 16 կհամարեմ ու կզգամ ) և գուցե շատերին թվա, որ նամակս պատանեկան ծայրահեղականության արդյունք է, բայց ես գիտեմ,որ դու կհասկանաս ինձ :
Ուզում եմ իմանաս, որ ես քեզ միշտ այսպես եմ սիրելու, և առհասարակ ես միշտ միայն քեզ եմ սիրելու, բայց դու կարող ես ուզածդ ժամանակ թողնել ինձ ու հեռանալ, որովհետև ես գիտեմ,որ իմ մորեգույնը կավելանա-կպակասի, բայց երբեք չի լքի քեզ :
Մեր միջև միայն մի օրենք կա ` եթե հեռանալ, ապա անվերադարձ, ուրեմն հեռացիր այն ժամանակ, երբ զգաս, որ սկսել ես ինձ քիչ ու «սովորականի պես» սիրել :
Ի տարբերություն շատ աղջիկների ես դեմ եմ ամուսնությանը, որովհետև այն սահմանափակում է զգացմունքներն ու պարտավորվածություններ ստեղծում, բայց, եթե ստացվի այնպես, որ ես ամուսնանամ ու դու չլինես ամուսնուս դերում, ուզում եմ գոնե սրա կեսի չափ սիրել նրան,որպեսզի անհայտը իրեն դժբախտ չզգա, թեև վստահ չեմ, որ ինձ կհաջողվի միաժամանակ երկուսիդ էլ սիրել :
Մի խոստացիր այնպիսի բաներ, որոնց իրականացումը կախված է ամենազոր անիվի պտույտից ու Աստծո քմահաճույքներից , մի խոստացիր, որ միշտ կսիրես ինձ, բայց երդվիր,որ երբեք ինձ չես մոռանա ...
Միշտ քո` Մորեգույն Ժուռնիկ~