1in.am-ը գրում է.

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի կարծիքով՝ ցանկացած ժողովուրդ միշտ էլ պետք է պատերազմին և դրա վտանգներին պատրաստ լինի: Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել վերջերս հնչեցվող այն տեսակետները, թե պատերազմը կարող է հրահրվել Ռուսաստանի կողմից՝ նշելով, որ գուշակություններով զբաղվել չի սիրում։ Փոխարենն ասաց, որ պատերազմից առաջ՝ 90 թվականի սկզբին, մեր վիճակը շատ ավելի ծանր էր, քան հիմա է, բայց կան շատ այլ բաներ, որ հիմա պակասում են։ 

«Պատերազմից առաջ իրենք ավելի շատ զենք ունեին, մենք ոչինչ չունեինք, բայց միևնույն է՝ հաղթեցինք։ Ահագին բաներ են հիմա փոխվել, ուղղակի այս ազգը երեսը Աստծուց թեքել է՝ խնդիրը սրա մեջ է, մեր առաքելությունը, որ պետք է կրենք, չենք կրում ու եթե չենք կրելու՝ ուզում ես 10 անգամ ավել զենք տուր, միևնույն է՝ չի լինի ոչինչ»,- ասաց նա:

Հրամանատարը բազմիցս հայտնել է իր տեսակետը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեկ միլիարդի զենք վաճառելու շուրջ՝ ընդգծելով, որ եղբայրական Ռուսաստանը ցեղասպանություն է նախատեսում անել Հայաստանի նկատմամբ: Նա հավելեց, որ ուժերի հավասարություն հաշվարկային առումով Հայաստանի և Ադրբեջանի միջև երբեք էլ չի եղել, իսկ մարտական պատրաստականություն Արկադի Կարապետյանը չի կարծում, որ երբևէ Ադրբեջանը կունենա, սակայն մեկ խնդիր հայերի համար մեր զրուցակիցն, այնուամենայնիվ, մատնանշեց. «Հիմա բանակում չեմ ծառայում, ասել չեմ կարող, ինչպիսին է պատրաստակամությունը, բայց այն ոգևորությունը որ կար 88, 92 թվին, հիմա չկա՝ ակնհայտ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել