Կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր:
Ծնվել է 1869թ. սեպտեմբերի 26-ին, Քյոթահիայում (Թուրքիա)։ 1881թ. որբացած պատանուն բերել են Էջմիածին և ուսման տվել Գևորգյան ճեմարանում, ուր գեղեցիկ ձայնի և երաժշտական փայլուն ունակությունների համար հատուկ ուշադրության է արժանացել։ Վաղ հասակում հիմնովին յուրացրել է հայ նոտագրությունն ու հոգևոր երաժշտությունը« սկսել է ժողովրդական երգեր հավաքել և ինքնուրույն ստեղծագործելու փորձեր կատարել։ Ավարտելով ճեմարանը՝ 1893թ. նշանակվել է երաժշտության ուսուցիչ և Մայր տաճարում խմբավար։ 1895թ. ստացել է վարդապետական աստիճան և կոչվել Կոմիտաս։ 1896-1899թթ. ուսումը շարունակել է Բեռլինում՝ Ռ. Շմիդտի մասնավոր երաժշտանոցում և համալսարանում, մշակել ձայնը, սովորել նվագել դաշնամուր և երգեհոն։ Միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից է, որի հավաքներում ներկայացրել է զեկուցումներ, ժողովրդական երգերի մշակումներ։ 1899-ից Էջմիածնում շարունակել է գիտական ստեղծագործական և մանկավարժական աշխատանքը։ Ճեմարանի խմբով համերգներ է տվել Էջմիածնում, Երևանում, Թբիլիսիում, Բաքվում։ 1906թ. Ֆրանսիայի «Լամուր» ընկերության երգչախմբով հայկական ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները մեծ հաջողությամբ ներկայացրել է Փարիզում։ Համերգներ է տվել եվրոպական այլ քաղաքներում։ 1910թ. տեղափոխվել է Կ. Պոլիս, կազմել երաժշտախումբ, համերգներ տվել Եգիպտոսում և այլուր։ 1915թ. ապրիլի 2-ին և 3-ին բացառիկ համերգներ է տվել Ստամբուլի «Թուրք օջախ» մշակութային կենտրոնում, հրավերով դասախոսություններ է կարդացել, մեներգել է և իր երգչախմբով կատարել իր իսկ ստեղծագործություններից։
Նույն 1915թ. ապրիլի 24-ին թուրքական կառավարության կազմակերպած Մեծ եղեռնը ընդհատեց Կոմիտասի բեղմնավոր գործունեությունը։
Սպիրիդոն Մելիքյանը 1933թ. գրում է. «Նա առաջինն էր, որ ցույց տվեց, թե մենք ևս ունենք մեր ինքնուրույն հայկական աշխարհիկ երաժշտությունը։ Նա առաջինն էր, որ ստեղծեց ժողովրդական բազմաձայն երգերի մի աննման սերիա, որն աստիճանաբար վռնդեց հրապարակից ու էստրադայից «ազգային» անբովանդակ սուրրոգատ երգերը։ Վերջապես նա առաջինն էր, որ ստեղծեց մեզ մոտ երաժշտական շկոլա… և հիմք դրեց հայ ժողովրդական երգի կուլտուրայի…»։
Իր տեսական աշխատաքներում Կոմիտասը բացահայտել է ժողովրդական երաժշտության տեսական հիմքերը, նկարագրել է երգաստեղծության բուն գործընթացը, վերլուծել հայ ժողովրդական երգի տեսակներն ու կոմպոզիցիոն հատկանիշները, բնութագրել դրանց գեղագիտական արժանիքները։ Սկզբունքորեն կարևոր է նաև ժողովրդական և հոգևոր երաժշտության հիմքերի միասնության և հոգևոր երգի ոճական հատկանիշների բացահայտումը։ 
Հայկական երաժշտական մշակույթի գանձարանում անփոխարինելի մնացին կոմիտասյան «Պատարագ», «Կռունկ», «Մոկաց Միրզա», «Անտունի», «Գարուն ա», «Քելեր ցոլեր», «Լոռու գութաներգ», «Ծիրանի ծառ», «Կաքավի երգը» և մյուս ստեղծագործությունները։
«Կոմիտասը ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը` բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին` հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: ...Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց»:
Ա. Իսահակյան
Կոմիտասի մահարձանը դրվել է 1955թ. Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը 2,4մ, քանդակագործ՝ Արա Հարությունյան (տես` «Մայր Հայաստան» արձանը), ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան:
*******************************************************
1969թ. նոյեմբերի 19-ին Երևանի Պետական Կոնսերվատորիայի մերձակա պուրակում դրվեց Կոմիտասի արձանի կառուցման մասին հուշաքար:
Կոմիտասի երկրորդ արձանի բացումը տեղի ունեցավ 1988թ. հունվարի 8-ին իր անունը կրող Երաժշտանոցի մերձակա պուրակում: Հանդիսավոր արարողությունը ներածական խոսքով բացեց Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Է. Ավագյանը: Այնուհետև խոսք ասացին Երևանի պետական երաժշտանոցի ռեկտոր Է. Հովհաննիսյանը, «Լույս» արտադրական միավորման բանվոր Մ. Սիմոնյանը, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Ա. Հարությունյանը, կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ա. Հարությունյանը: 
Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը` 3մ, քանդակագործ՝ Արա Հարությունյան (տես` «Մայր Հայաստան» արձանը), ճարտարապետ՝ Ֆենիքս Դարբինյան:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել