Վաչե Մամիկոնյան
Հայոց սպարապետ (4-րդ դար)

Վաչե Մամիկոնյանը (ծննդյան թվականն անհայտ - մոտ 338թ.) Մամիկոնյան տոհմի նահապետն է, հայ նշանավոր զորավար: Հայոց Խոսրով Բ Կոտակ արքայի հրամանով բնաջնջել է միմյանց դեմ կռվող և երկրի ռազմական հզորությունը թուլացնող Մանավազյանների ու Որդունիների նախարարական տոհմերը: Փայլուն հաղթանակներ է տարել մի շարք ճակատամարտերում: 337 թ.-ին Վանա լճի հյուսիս-արևելյան ափին՝ Առեստ ավանի մոտ պարտության է մատնել Հայաստան ներխուժած պարսից զորքին, ձերբակալել և մահապատժի ենթարկել թշնամուն միացած Բզնունյաց նախարար Դատաբենին: Զոհվել է պարսից արքա Շապուհ Բ-ի զորքի դեմ մղած կռվում:




Վասակ Մամիկոնյան
Հայոց սպարապետ (4-րդ դար)

Վասակ Մամիկոնյան (Վասակ Զորավար) (ծննդյան թվականն անհայտ - 368 թ.) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է: Մեծացրել է հայկական զորական ուժերը, Հայոց ծանր զրահավոր այրուձին: 364 թ.-ի գարնանը Վասակ Մամիկոնյանը և նրա կրտսեր եղբայր Բագոս Մամիկոնյանի առաջնորդությամբ 60.000-անոց Հայկական բանակը վճռական ճակատամարտում պարտության է մատնել պարսկական մեծաթիվ զորաբանակին: Չկարողանալով զենքով տիրանալ Մեծ Հայքին, պարսից արքա Շապուհ Բ-ն խաղաղության և բարեկամության դաշն կնքելու պատրվակով Տիզբոն է հրավիրել Հայոց Արշակ Բ արքային և զորավար Վասակ Մամիկոնյանին և նենգորեն ձերբակալել Խուժիստանի Անհուշ բերդում, որտեղ էլ մահացել է: Վասակ Մամիկոնյանի հերոսական կերպարը մնացել է հայ ժողովրդի պատմական հիշողության մեջ: Փավստոս Բուզանդը իր «Հայոց պատմություն» գրքում նկարագրել է. «Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մամիկոնյանին՝ Մեծ Հայքի զորավար սպարապետին: Սկսեց նրան անարգել, որովհետև Վասակը փոքր էր մարմնով, Պարսից Շապուհ թագավորն ասաց. «Աղվես, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»: Վասակը պատասխան տալով ասաց. «Այժմ դու ինձ տեսնելով մարմնով փոքր, իմ մեծության չափը չզգացի՞ր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվե՞ս: Բայց մինչև ես Վասակն էի, ես հսկա էի. մի ոտքս մի լեռան վրա էր, իսկ մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»: Շապուհ թագավորը հարցրեց և ասաց. «Դե ասա, իմանանք, այդ ի՞նչ լեռներ են, որ դու գետն էիր տանում»: Վասակն ասաց. «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ Հունաց թագավորը...»:

Մուշեղ Մամիկոնյան
Հայոց սպարապետ (368-376թթ.-ին)

Մուշեղ Մամիկոնյանը (ծննդյան թվականն անհայտ - մոտ 376թ.) սպարապետական պաշտոնում հաջորդել է հորը՝ Վասակ Մամիկոնյանին: Զորակցել է Պապ թագավորին: 370թ.-ի գարնանը հաղթել է պարսից զորաբանակին, գերել պարսից արքա Շապուհ Բ-ի կանանոցը և ասպետաբար ազատ արձակել: Ղեկավարել է 371 թ.-ի Ձիրավի ճակատամարտը և պարսկական զորքի դեմ փայլուն հաղթանակ տարել: Պապ թագավորի դավադրական սպանությունից հետո Հայոց Վարազդատ թագավորը, անսալով Բատ Սահառունու և այլոց ամբաստանություններին, սպանել է տվել Մուշեղ Մամիկոնյանին:

Մանվել Մամիկոնյան
Հայոց սպարապետ (377-385թթ.-ին)

Մանվել Մամիկոնյանը (ծննդյան թվականն անհայտ - մոտ 285թ.), 377 թ.-ին վերադառնալով պարսկական գերությունից, Բատ Սահառունուց վերագրավել է տոհմական սպարապետական գործակալությունը: 378թ.-ին Կարինի դաշտում հաղթել է Հայոց թագավոր Վարազդատին, գահընկեց արել նրան: Ձերբակալել և մահապատժի է ենթարկել Բատ Սահառունուն: Հայ ավագանու համաձայնությամբ հայոց թագավոր է հռչակել Պապ թագավորի անչափահաս որդի Արշակ Գ-ին (378-մոտ 388թթ.-ին)՝ Փավստոս Բուզանդի հաղորդման համաձայն՝ Մանվել Մամիկոնյանը, օգտվելով Պարսկաստանում տիրող անկայուն վիճակից, Հայաստանը դարձրել է լիակատար անկախ և 7 տարի զբաղվել խաղաղ, շինարարական գործունեությամբ:

Վարդան Մամիկոնյան
Հայոց սպարապետ (422-451թթ.-ին)

Վարդան Մամիկոնյանը (Վարդան Մամիկոնյան Մեծ, Քաջ Վարդան, Կարմիր Վարդան) (391թ.- 26. 05. 451թ.) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, Սասանյան Պարսկաստանի դեմ 450-451թթ-ի ազատագրական պայքարի առաջնորդը, սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և Սահակ Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին: Սովորել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան դպրոցում: Մասնակցել է մի շարք պատերազմների, իրեն դրսևորել որպես խիզախ զորական: 422թ.-ին Պարսից Վռամ Ե Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետ, 432 թ.-ին՝ մազպանական Հայաստանի զորքերի սպարապետ: 442 թ.-ին Պարսից Հազկերտ Գ արքան Վարդան Մամիկոնյանի ղեկավարած Հայոց այրուձին հանել է Հայաստանից և ուղարկել պատերազմի քուշաների (հոների) դեմ: 449 թ-ին վերադարձել է Հայաստան, մասնակցել Արտաշատի ժողովին, որ մերժել է զրադաշտականության ընդունումը հայերի կողմից և դարձել սկսվող ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից մեկը: 449 թ.-ին Հայաստանից վտարել է պարսիկ մոգերին և թոթափել  պարսկական լուծը: Համատեղ պայքարի դաշն է կնքել Աղվանից ու Վրաց մարզպանությունների հետ և օգնության խնդրանքով պատվիրակություն ուղարկել Բյուզանդիայի Մարկիանոս կայսր մոտ, սակայն վերջինս մերժել է օգնության խնդրանքը և դրա մասին տեղեկացրել Հազկերտ Գ-ին: 450 թ.-ի ամսանը Աղվանքի Խաղխաղ վայրում հաղթել է պարսիկ Սեբուխտի պատժիչ զորաբանակին, քանդել պարսկական ամրությունները, հայ-աղվանական միացյալ ուժերով ոչնչացրել Ճորա պահակի (Դարբանդի կիրճ) պարսկական կայազորը, փոխօգնության դաշն կնքել հոների հետ և աշնանը վերադարձել Հայաստան: 450 թ.-ի աշնանը Արտաշատում գումարված ժողովում ընտրվել է Հայոց տանուտեր (թագավոր) և սպարապետ: 451 թ.-ի մայիսի 26-ին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտում եղել է Հայոց 66000-անոց բանակի գլխավոր հրամանատարը, թշնամու դեմ կռվել դյուցազունի պես և զոհվել մարտում: Ավարայրի ճակատամարտի և հետագա պայքարի արդյունքում պարսկական արքունիքը ստիպված է եղել հետ կանչել իր զորքերին, ճանաչել մարզպանական Հայաստանի ինքնավարությունը, հրաժարվել կրոնափոխությունից, թեթևացնել հարկերը: Վարդան Մամիկոնյանը դասվել է «Հայրենիքի Սուրբ Նահատակների» շարքը: Նրան է նվիրված «Նորահրաշ» շարականը: Հայաստանի Առաջին Հանրապետությունը Վարդան Մամիկոնյանի հիշատակին 1920 թ.-ի հունիսին հիմնել է «Սուրբ Վարդան զորավար» շքանշանը, Հայաստանի Երրրորդ Հանրապետությունը 2002 թ.-ին՝ «Վարդան Մամիկոնյան» զորավարական շքանշանը: Վարդան Մամիկոնյանի կերպարի արտացոլումն են Ղևոնդ Ալիշանի «Պլպուլն Ավարայրի», Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» գրական ստեղծագործությունները, Երևանի կենտրոնում կանգնեցված Երվանդ Քոչարի անզուգական քարարձանը: Նրա անունով կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս:

Վահան Մամիկոնյան
Հայոց սպարապետ (482-487թթ-ին)
Հայոց մարզպան (487-505թթ-ին)

Վահան Մամիկոնյանը (440-ական թթ.-ին - մահվան թվականն անհայտ) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, 451 թ.-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Հմայակ Մամիկոնյանի (Վարդան Մամիկոնյանի եղբայրը) և Ձվիկ իշխանուհու (Արծրունյաց տոհմից) ավագ որդին: Ավարայրի ճակատամարտից հետո եղբայրների՝ Վասակի, Արտաշեսի հետ պատանդ է տարվում Պարսկաստան: 455թ.-ին Գուգարքի բդեշխ Աշուշան ազատել է եղբայրներին պատանդությունից և իր տանը ստանձնել է նրանց դաստիարակության գործը: Ավագության իրավունքով Վահան Մամիկոնյանը դարձել է Մամիկոնյան տան նահապետ: 470-ական թվականներին սկսված ազգային-ազատագրական շարժումներն ակտիվացել են կապված Հայոց կաթողիկոս Գյուտ Ա Արահեզացու և Վահան Մամիկոնյանի հայրենասիրական գործունեության հետ: Շուտով Վրաց թագավոր Վախթանգ Ա Գորգասալը ապստամբել է պարսիկների դեմ և ստեղծված նպաստավոր իրավիճակում Շիրակում կայացած գաղտնի խորհրդաժողովում հայերը ևս պարզել են ապստամբության դրոշ՝ մարզպան ընտրելով Սահակ Բագրատունուն և սպարապետ՝ Վահան Մամիկոնյանին: Հայկական զորքերը գրավել են Արտաշատը, իսկ պարսիկ մարզպան Ատրվշնապսը հեռացել է Ատրպատական: 482 թ.-ին հայկական զորամիավորումները պարսիկներին հաղթել են Ակոռիի և Ներսեհապատի ճակատամարտերում, սակայն վրացիներին օգնելու նպատակով Կուր գետի ափին, Ճարմանայի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարտվել են: Զոհվել են Սահակ Բագրատունին, Վասակ Մամիկոնյանը: Վահան Մամիկոնյանն այնուհետև վարել է հիմնականում պարտիզանական հյուծիչ պատերազմ և զրկել է պարսիկներին հաղթելու հնարավորությունից: 484 թ.-ին հեփթաղների դեմ կռվում Պարսից արքա Պերոզը զոհվել է և նոր արքան՝ Վաղարշը սկսված գահակալական կռիվներում ունենալով Հայկական այրուձիու կարիքը՝ վճռել է Վահան Մամիկոնյանի հետ բանակցությունների միջոցով լուծել խաղաղության խնդիրը: Սահմանամերձ Հեր գավառի Նվարսակ գյուղում հանդիպել են Վահան Մամիկոնյանը և Պարսից արքունիքի դեսպան Նիխոր Վշնասպդատը: Վահան Մամիկոնյանը ներկայացրել է պայմանագրի իր պահանջները, դրանք ընդունվել են և ստորագրվել է Նվարսակի պայմանագիրը: Պարսից արքունիքը Վահան Մամիկոնյանին ճանաչել է Հայոց սպարապետ: 487 թ.-ին Վահան Մամիկոնյանը մեկնել է Տիզբոն և վերադարձել Հայոց մարզպանի կարգավիճակով: Նվարսակի պայմանագիրը մոտ 60 տարի առաջ պետականությունը կորցրած հայ ժողովրդի համար քաղաքական մեծ նվաճում էր: Պայմանագրով հաստատվել է Հայաստանի հոգևոր-մշակութային անկախությունը և վարչա-քաղաքական ներքին ինքնավարությունը, ապահովվել է հավատի լիակատար ազատությունը: Վահան Մամիկոնյանը ձեռնամուխ է եղել երկրի բարեկարգմանը: Վերանորոգել է Էջմիածնի Մայր տաճարը, աքսորից վերադարձրել է Ղազար Փարպեցուն: Վերջինս Վահան Մամիկոնյանի պատվերով գրել է «Հայոց Պատմություն» կոթողային աշխատությունը:

Համազասպ Մամիկոնյան 
Հայոց իշխան (654-661թթ.-ին), զորապետ

Համազասպ Մամիկոնյանը (կենսագրական տեղեկություններ չկան) սերում է Մամիկոնյանների սպարապետական տոհմից: Հայոց իշխանի պաշտոնում փոխարինել է աներոջը՝ Թեոդորոս Ռշտունուն: Բյուզանդիայի Կոստանդին Բ կայսրը նրան շնորհել է «կյուրապաղատ» տիտղոսը:

Գրիգոր Մամիկոնյան
Հայոց սպարապետ (8-րդ դար)
Գրիգոր Մամիկոնյանը (ծննդյան թվականն անհայտ - մոտ 750թ.) հայ ռազմական գործիչ է, Սմբատ Մամիկոնյանի որդին: Եղել է Արաբական խալիֆայության դեմ 747-750 թթ-ի ապստամբության առաջնորդը և հայկական զինուժի հրամանատարը: Եղբոր՝ Դավիթի հետ ձերբակալվել և ուղարկվել է Դամասկոս, աքսորվել է Եմեն: Աքսորից վերադարձել է Հայաստան և Աշոտ Բագրատունուց խլել Հայոց սպարապետի պաշտոնը:


«200 Հայ ԶՈՐԱՎԱՐՆԵՐ» գրքից, Տիգրան Հայազն, Հրաչյա Պետրոսյանց

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել