Վիշապի գաղտնի ուսմունք

Բանակի ռազմավարական ուժը

Ու վանը հարցրեց Տայգունին.
- Որն է հարձակողական պատերազմի Ուղին:
Տայգունը պատասխանեց.
- Ռազմավարական ուժը կիրառվում է ոսոխի շարժերին համապատասխան: Փոփոխությունները սկսվում են երկու բանակների առճակատումից: Անսովոր մարտավարությունը` ցին և համընդհանուր մարտավարությունը` չժենը, մշտական մտորումների արդյունք են: Այդ պատճառով մեծագործությունները չեն քննարկվում, իսկ պատերազմ վարելու մասին չեն խոսում: Ավելին` այն, ինչ խոսվում է մեծագործությունների մասին, չարժե լսել:  Նրանք հանկարծակի գնում են, հանկարծակի գալիս: Միայն նա, ով ենթարկում է իրեն, չենթարկվելով մյուսներին, ճշմարիտ ռազմական միտք ունի: Եթե քեզ լսեն, ոսոխը կպատրաստվի: Եթե քեզ հասկանան, նա կսկսի քո դեմ դավ նյութել: Եթե քեզ ճանաչեն` արգելքներ կառաջացնեն քո համար: Եթե քո մտորումներն իմանան, քեզ վտանգ կսպառնա: Այդ պատճառով նա, ով հաջողակ է պատերազմի վարման արվեստում, չի սպասում զորքերի ծավալմանը: Նա, ով ազատում է մարդկանց դժբախտություններից, անում է դա մինչ դրանց առաջացումը: 
Ոչնչացնել ոսոխին` նշանակում է հաղթանակ տանել, քանի դեռ նրա ուժերը չեն կազմավորվել: Գերազանցողը մարտի մեջ չի մտնում: Նրան, ով մարտնչում և հաղթանակ է տանում մերկացված սրերի օգնությամբ, չի կարելի համարել լավ զորավար: Նրան, ով պատրաստություն է տեսնում ճակատամարտում պարտվելուց հետո, չի կարելի համարել բարձր իմաստուն: Նրան, ում արվեստը չի տարբերվում մյուսների հմտություններից, չի կարելի համարել «պետության կառավարիչ»:   
Ռազմի արվեստում չկա ոչինչ ավելի կարևոր, քան կատարյալ հաղթանակը: Ռազմավարության մեջ չկա ոչինչ ավելի կարևոր, քան անհայտությունը և լռությունը: Շարժման մեջ չկա ոչինչ ավելի կարևոր, քան հանկարծակիությունը: Մտորումներում չկա ոչինչ ավելի կարևոր, քան գաղտնիքը: 
Հաղթանակ տանելու համար առաջին հերթին պիտի թույլ ձևանալ, այնուհետև մտնել մարտի մեջ: Այնժամ ջանքերի կեսով կրկնակի արդյունք կունենաս: Իմաստնագույնն առաջնորդվում է Երկնքի և Երկրի շարժմանը համապատասխան, ուրիշ էլ ով գիտի դրա սկզբունքները: Նա հետևում է Ինի և Յանի Ուղուն և դրա տարեկան կարգին: Նա հետևում է Երկնքի և Երկրի լիությանն ու ունայնությանը` իմանալով դրանց շրջապտույտը: Բոլոր իրերը ծնվում և մահանում են Երկնքի և Երկրի ձևին համապատասխան: 
Ասված է, որ եթե ինչ-որ մեկը մարտնչում է առանց իրավիճակի գնահատման, ապա նա կպարտվի, անգամ եթե նրա ուժերը գերազանցող են: Նա, ով կատարելագործվել է ռազմի արվեստում, կսպասի դեպքերին առանց շարժումների: Երբ նա տեսնում է, որ կարող է հաղթանակ տանել, առաջ է շարժվում, երբ նա տեսնում է, որ անկարող է հաղթանակ տանել, նա կդադարեցնի: Այդ պատճառով ասված է, որ վախ չունի և վստահ է: 
Մեծագույն դժբախտությունը, որ կարող է տանել բանակը, անվստահությունն է: Այն ամենավտանգավորն է: Բոլոր այն դժբախտություններից, որ կարող են կործանել բանակը, ոչինչ չի կարող համեմատվել կասկածի հետ: 
Նա, ով կատարելագործվել է ռազմի արվեստում,բաց չի թողի շահը, եթե տեսնում է այն և չի կասկածի, երբ հարմար ժամանակը գա: Նա, ով բաց է թողնում շահը, կամ ուշանում է` հաջողություն չի ունենա: Այդ պատճառով իմաստունները հետևում են ժամանակին և շահին. հմուտները վստահ են և չեն կասկածում: Այդ պատճառով, երբ հանկարծ ամպրոպն է որոտում, ականջները փակելու ժամանակ չի լինում, երբ փայլում է կայծակը, աչքերը փակելու ժամանակ չի  լինում: Շարժվիր այնպես, ասես հենց նոր ես վախեցել, պատերազմիր այնպես, ասես շփոթմունքի մեջ լինես: Նրանք, ովքեր ընդդիմանում են` կոչնչանան, նրանք, ովքեր մոտենում են` կջախջախվեն: Ով կհամարձակվի դիմակայել այդպիսի հարձակմանը: 
Երբ մտքերը հայտնված չեն, և զորապետը դրանք գաղտնի է պահում, նա նման է ոգու: Երբ իրերն չեն դրսևորվում, սակայն նա գնահատում է դրանք, նա տեղեկացված է: Եթե ինչ-որ մեկը գիտի ոգիների և իմացության Ուղին, ոչ մի ոսոխ չի մարտնչի նրա դեմ, ոչ մի տերություն չի գա պատերազմով նրա դեմ: 
- Հիանալի է, - ասաց Ու վանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել