Pastinfo.am-ը գրում է.

Այսօր «Փաստինֆո»-ին է դիմել Վրթանես Հակոբյանի հարազատներից մեկը, ով ներկա է եղել 27.07.2013թ. վերջինիս բնակարանում և գրասենյակում կատարված խուզարկություններին՝ որոշ մանրամասներ հայտնելով տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: «Փաստինֆո»-ին դիմած քաղաքացին վրդովված էր առանձին լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկատվության կապակցությամբ, թե իբր, երբ ոստիկանության աշխատակիցները ցանկացել են խուզարկություն կատարել Վրթանես Հակոբյանի բնակարանում և գրասենյակում, նա ավտոմեքենայով փախուստի է դիմել` այդ ընթացքում կրակոցներ արձակելով ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, ավտոմեքենան վարելով նրանց վրա:

Մեր զրուցակիցը, ում անունը չենք հրապարակում նրա իսկ ցանկությամբ, պնդեց, որ Վ.Հակոբյանը ոչ մեկի վրա չի կրակել և ընդհանրապես զենք չի օգտագործել։ Ըստ նրա, Վրթանես Հակոբյանը ոչ թե խուզարկության ժամանակ իր բնակարանից է դիմել փախուստի, այլ դեպքը տեղի է ունեցել փողոցում` նրա բնակարանից բավականին հեռու: Ականատեսը պատմեց, որ մի քանի ավտոմեքենա ընթացքի ժամանակ կտրուկ արգելափակել են Վրթանես Հակոբյանի ավտոմեքենայի ճանապարհը։ «Էդ ում ավտոյի դեմը միամիտ ջիպով կտրեն, հետևից ու կողքերից շրջափակեն, որ մարդը չվախենա իրա անվտանգության համար ու չփորձի դուրս գալ շրջափակումից: Դաժե ներկաներն էին վախեցած ու մենակ Վարդանի գնալուց հետո են իմացել, որ շրջափակողները ոստիկաններ են: Սուտ են գրում, թե Վարդանը փախնելու ժամանակ կրակելա ոստիկանների ուղղությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նա:   

Ինչ վերաբերում է խուզարկությամբ առգրավված թվով 10 հատ փամփուշտներին, որի մասին, ի դեպ, «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր իր նախորդ հրապարակումներից մեկում՝ հիմնվելով իր աղբյուրների վրա, ապա Վ.Հակոբյանի հարազատը մանրամասնեց, որ դրանք հայտնաբերվել են  մեկ այլ անձի կողմից վարձակալած տարածքում։ Նրա ներկայացմամբ, ճիշտ է, տվյալ տարածքը, որտեղ կատարվել է խուզարկությունը, սեփականության իրավունքով պատկանում է Վ.Հակոբյանին, սակայն վարձակալվում է մեկ այլ քաղաքացու կողմից, որտեղ նշված քաղաքացին հիմնել է Վիվարո բուքմեյքերական գրասենյակ և փամփուշտներն էլ հայտնաբերվել են այդ քաղաքացու աշխատասենյակից: Մեր զրուցակիցը պնդեց, որ նշված քաղաքացին հենց խուզարկության պահին խոստովանել է, որ այդ փամփուշտներն իրեն են պատկանում, որոնց գոյության մասին մոռացած է եղել: Ինչ վերաբերում է գումարին, ապա, նրա ներկայացմամբ, ոստիկանության աշխատակիցների կողմից բացարձակապես չի առգրավվել:

Վրթանես Հակոբյանի հարազատն  վրդովված է, որ այս ամենը փորձ է արվում կապել Վարդանի եղբոր` Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հետ, ով մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու մեջ:

Ի դեպ, նշենք, որ Ստեփան Հակոբյանի շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան Երեմ Սարգսյանը, որից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ կատարվածի կապակցությամբ։ Նախաքննության շահերից ելնելով՝ փաստաբանը հրաժարվեց մանրամասներ հայտնել կատարվածի մասին, սակայն նշեց, որ երկու դեպքերն իրար հետ կապակցված չեն։

Փաստաբանը միայն հաստատեց, որ Վրթանես Հակոբյանի բնակարանից և գրասենյակից խուզարկությամբ իրոք որևէ արգելված իր, այդ թվում` թմրանյութեր, ապօրինի կերպով պահվող զենք կամ զինամթերք չի հայտնաբերվել: Ըստ փաստաբանի խուզարկությամբ գումար նույնպես չի առգրավվել, քանի որ խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն իրավունք ունեին առգրավել միայն գործի համար նշանակություն ունեցող առարկաներ կամ այնպիսի առարկաներ, որոնց պահելն արգելվում է օրենքով: (Ի դեպ, «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով նշված տարածքում հայտնաբերված գումարը նաեւ չի արձանագրվել, քանի որ գումար պահելն ինքնին արգելված չէ)։

Փաստաբան Երեմ Սարգսյանը նույնպես հաստատեց, որ Վրթանես Հակոբյանը խուզարկության ժամանակ իր բնակարանից չի դիմել փախուստի, այլ` միջադեպը տեղի է ունեցել նրա բնակարանից բավականին հեռավորության վրա գտնվող խաչմերուկում, ինչի մասին, ըստ փաստաբանի, վկայում են նաև լրատվական միջոցներով հրապարակված` դեպքի վայրի լուսանկարները:

Փաստաբանը նշեց, որ ինքն ուշադիր հետևում է իր պաշտպանյալ Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի կապակցությամբ լրատվական միջոցների հրապարակումներին` նշելով, որ մի շարք լրատվական միջոցների կողմից որոշ իրադարձություններ լուսաբանվում են ոչ օբյեկտիվ, դրանք որոշ շահագրգիռ անձանց պատվերով իրենց ձեռնտու տարբերակով են լուսաբանվում: Որպես ասվածի ապացույց փաստաբանը նշեց. «Որոշ լրատվական միջոցների կողմից դեռևս մի քանի ամիս առաջ Անդրանիկ Զատիկյանի մահը փորձ էր արվել ներկայացնել որպես սպանություն, որի կատարող էլ ներկայացվում էր հենց Վրթանես Հակոբյանը, սակայն երբ ի վերջո պաշտոնապես հաստատվեց, որ Անդրանիկ Զատիկյանի մահը վրա է հասել այսպես ասած թմրանյութային թունավորումից, հիմա էլ փորձ է արվում ներկայացնել, թե իբր հենց Վրթանես Հակոբյանն է Անդրանիկ Զատիկյանին վաճառել այդ թմրանյութը»:

Ըստ փաստաբանի նշվածը բացարձակ անտրամաբանական է ոչ միայն այն պատճառով, որ Վրթանես Հակոբյանը թմրանյութերի վաճառքով չի զբաղվում և չի էլ զբաղվել, այլ` նաև այն պատճառով, որ Վրթանես Հակոբյանի եղբայրը մեղադրվում է Անդրանիկ Զատիկյանի եղբոր սպանությունը կազմակերպելու մեջ, ինչին հավատում են Զատիկյանները, ուստի Վրթանես Հակոբյանը չէր կարող Անդրանիկ Զատիկյանին թմրանյութ վաճառել, իսկ վերջինս էլ չէր կարող նրանից թմրանյութ գնել:

Ըստ փաստաբանի, ներկայումս էլ նույն լրատվական միջոցները հղում կատարելով, այսպես ասած, իրենց «անհայտ» աղբյուրներին, նշում են, թե իբր փորձ է արվում «ջրել» այս դեպքը` որպես ապացույց ներկայացնելով այն հանգամանքը, թե հենց այս նպատակով էլ ծառայողական քննություն է սկսվել ոսիկանության աշխատակիցների նկատմամբ:

«Ոստիկանության կողմից իրականացնող ծառայողական քննությունը, եթե իհարկե այդպիսին իրոք իրականացվում է, վկայում է միայն այն մասին, որ ոստիկանության ղեկավարության կողմից փորձ է արվում պարզել, թե արդյոք իրականացվող միջոցառումն իրականացվել է ըստ սահմանված կարգի, թե` ոչ»,- մեջբերեց փաստաբանը: Իսկ վերջում հավելեց, որ «Ստեփան Հակոբյանի դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվել է նրա անմեղությունը, այն որ վերջինս կապ չունի Սեդրակ Զատիկյանի սպանության հետ, ուստի ակնհայտ է, որ այս ապատեղեկատվությունը տարածելով, իրադարձություններն ուռճացնելով, ինչպես նաև Վրթանես Հակոբյանին Անդրանիկ Զատիկյանի «սպանության» մեջ անհիմն մեղադրելով փորձ է արվում կատարվածը որևէ կերպ կապել նաև Ստեփան Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական գործի հետ` այդ միջոցով փորձելով հասարակական տրամադրվածություն ստեղծել և ճնշում գործադրել դատարանի վրա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել