Իրաքյան Էլ Ֆալլուջա քաղաքն առաջին տեղն է զբաղեցրել աշխարհում բնածին քաղցկեղով հիվանդ երեխաների ծնունդների քանակով: Փորձագետները համոզված են, որ դրա պատճառը 2003-2004 թվականներին ԱՄՆ-ի կողմից զանգվածային խոցման զենքի կիրառումն է քաղաքի դեմ:

Այս մասին գրել է lifenews հարթակը` հղում անելով իր տրամադրության տակ գտնվող էքսկլյուզիվ նյութերի վրա, որոնք ստացվել են միջազգային հետաքննությունների Սթրինգերյան բյուրոյից: Բյուրոյի լրագրողներից մեկին հաջողվել է այցելել Ֆալլուջայի հիվանդանոցներից մեկը և զրուցել այնտեղի բժիշկների հետ: Բժիշկները պատմել են, որ նորածինների շրջանում պաթոլոգիկ երևույթների կտրուկ աճը սկսվեց արդեն 2005 թվականից: Նորածինների 15 տոկոսի մոտ ի ծնե առկա են լինում ներքին օրգանների պաթոլոգիաներ, լեյկիմիա, բնածին օնկոլոգիա, ընդ որում, սրանք ամբողջական տվյալներ չեն, քանզի կանանց 40 տոկոսը ծննդաբերում է տնային պայմաններում:

Լրագրողին ցույց են տվել նաև նման բնածին հիվանդություններով տառապող նորածինների որոշ նկարներ: «Այս կադրերը սարսուռ կառաջացնեն ցանկացած նորմալ մարդու մոտ. երեխաները խեղված մարմիններ ունեն և հաճախ նման էլ չեն մարդու: Այս փոքր հրեշները զինվորականների անմտության ու դաժանության արգասիքն են», - գրել է լրագրողը:

Քաղցկեղով հիվանդների ցուցանիշը եռապատկվել է Ֆալլուջայում Իրաքի օկուպացիայից ի վեր և այժմ կազմում է 96 հիվանդ՝ ամեն 100,000 բնակչի հարաբերությամբ: Կանանց մոտ հիմնականում կրծքի, ձվարանների և արգանդի քաղցկեղն է տարածված, իսկ տղամարդկանց մոտ՝ թոքերի, ստամոքսի և միզապարկի քաղցկեղը: Ամենից շատը, սակայն, տուժել են նորածինները: Հետազոտությունները ցույց են տվել, որ 11 ամսվա ընթացքում ծնվել է սրտի արատներով, միզասեռային, նյութափոխանակման համակարգերի խաթարումներով տառապող 291 նորածին:

«Մենք ենթադրում ենք, որ սա ուղղակիորեն կապված է պատերազմի արդյունքների հետ: Հարևան շրջանները ևս տուժել են, սակայն Ֆալլուջան է այսօր զբաղեցնում «առաջատարի» տխուր դիրքը: Ի դեպ հատկանշական է, որ նման պաթոլոգիաների ամենաբարձր տոկոսը քաղաքի կենտրոնի բնակիչների շրջանում է, որտեղ և ընթացել են ամենաարյունահեղ մարտերը ամերիկացիների հետ», - պատմում են բժիշկները:


9 տարի առաջ, երբ դեռ պատերազմը վերջնականապես չէր ավարտվել, Ֆալլուջան անվանում էին «իրաքյան Ստալինգրադ»: Այստեղ՝ այսպես կոչված սուննիական եռանկյունում, ընթանում էր լիամասշտաբ պատերազմ: Ամերիկացիները կիրառում էին զրահատեխնիկա և օդուժ իրաքցիների դեմ, իսկ Ֆալլուջայի երկու գրոհների արդյունքում քաղաքում չէր մնացել ոչ մի անվնաս շենք, իսկ ամեն 4-րդ շենք հողին էր հավասարեցվել:

«Դա իսկական դժոխք էր: Մարդկանց սպանում էին հարյուրներով: Կրակահերթի էին ենթարկում նաև բնակելի թաղամասերը և դա անում էին բոլոր կողմերից` թե՛ օդից, թե՛ ցամաքից: Ոմանց հաջողվեց դուրս պրծնել հրե այդ օղակից, բայց մեծ մասը մնաց թակարդի մեջ: Երկինքը լուսավորվում էր ծիածանի բոլոր գույներով՝ ամերիկացիների ռմբակոծությունների ժամանակ: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք ուզում էին մեզ ջնջել աշխարհի երեսից: Ընկերներիցս մեկը կորցրեց իր ողջ ընտանիքը այդ ռմբակոծություններից մեկի ժամանակ. նրանք կենդանի-կենդանի այրվեցին: Դա սարսափելի էր», - պատմել է լրագրողին տեղաբնակ վարորդ Սաադին:
Ամերիկացի զինվորականները Ֆալլուջայում օգտագործել են ՄԱԿ-ի կողմից արգելված զանգվածային խոցման զենքեր: Որպես օրինակ կարելի է բերել սպիտակ ֆոսֆորը, որը սկսում է այրվել թթվածնի հետ շփման մեջ մտնելով և տաքանում է մինչև 1200 աստիճան: Եթե այն կպնում է փափուկ հյուսվածքների, ապա այրումը մինչև ոսկոր է լինում:

Լայնորեն կիրառվում էին նաև հարստահարված ուրանով զինամթերք: Հենց դրանք էլ Ֆալլուջան վերածեցին նոր Չեռնոբիլի: Այս զինատեսակների կիրառության արդյունքները դեռ տասնյակ տարիներ իրենց զգացնել կտան: Արդեն հիմա պարզ է, որ իրավիճակը քաղաքում ավելի վատ է, քան այն իրավիճակը, որ տիրում է Հիրոսիմայում ու Նագասակիում՝ ատոմային ռմբահարումից հետո: 

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Ֆալլուջայում քաղցկեղով հիվանդ նորածինների ծննդի ցուցանիշը անգամներով գերազանցում է ճապոնական դժբախտ քաղաքների նույնօրինակ ցուցանիշին, բայց ի տարբերություն Էլ Ֆալլուջային` Հիրոսիմայի ու Նագասակիի մասին գիտի գրեթե ամեն երեխա...

Իրաքի այժմյան իշխանություններն ամեն կերպ ջանում են, որպեսզի Ֆալլուջայի մասին տեղեկությունները հանրային հասանելիություն չունենան: Բաղդադում գտնվող Իրաքի Առողջապահության նախարարությունում հետաքննող լրագրողին ասել են, որ բնածին հիվանդությունների աճի մասին վկայող ոչ մի ցուցանիշ գոյություն չունի, իսկ որպեսզի շարունակի այս թեմայի շուրջ զրույցը, անհրաժեշտ է հատուկ թույլատվություն՝ անձամբ նախարարի կողմից տրված:

Ինչ վերաբերում է Պենտագոնին, ապա այնտեղ ընդհանրապես հերքում են բոլոր մեղադրանքները: ԱՄՆ-ն չի ստորագրել ՄԱԿ-ի ԶԽԶ-ի կիրառումն արգելող կոնվենցիայի այն լրացումը, որով արգելվում է ԶԽԶ-ի կիրառությունը խաղաղ բնակչության կենտրոնացման վայրերում: Այդ իսկ պատճառով ֆորմալ տեսակետից ԱՄՆ-ն պարտավոր չէ կատարել այդ կոնվենցիան և չանել այնպիսի բաներ, որոնք մնացյալ քաղաքակիրթ աշխարհում համարվում են բարբարոսություն ու ռազմական հանցագործություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել