
Հայաստանում հերթական անգամ նկատվող գնաճը ևս մեկ անգամ մեզ ստիպում է ոչ միայն անդրադառնալ դրա հետևանքներին, այլև փորձել հասկանալ, թե հատկապես որ մարմիններն են պատասխանատու դրանց անհասկանալի աճի կամ որ ավելի ճիշտ կլինի ասել՝ դրա կանխարգելման համար:
Կառավարությանն առընթեր գործում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով անունը կրող կառույց, որը մեծ իմաստով պետք է ամենաշահագրգիռը լինի տարբեր ապրանքատեսակների գների աճի կանխարգելման ու դրանց նկատմամբ մշտական մոնիտորինգի իրականացման հարցում: Ու չնայած այն հանգամանքին, որ այս հանձնաժողովի անդամները պետական համակարգում ամենաբարձր վարձատրվողներից են, նրանք հայաստանյան հարկատուներիս այդպես էլ չկարողացան «համոզել», որ իրենց գլխավոր նպատակը սպառողների իրավունքների պաշտպանությունն է:
Բացի որոշ ֆորմալ նիստերից ու կայացված որոշումներից` հասարակությունը որևէ լուրջ գործունեություն այս հանձնաժողովի մասով չի ֆիքսել:
Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի՝ Գների կայունության կարևորությունը բաժնում նշվում է, թե «Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրների կենտրոնական բանկերը, ՀՀ կենտրոնական բանկը ևս նպատակ է հետապնդում ապահովել գների կայունությունը: Գների կայունություն բառացիորեն չի նշանակում անփոփոխ գներ, այլ նշանակում է գների դանդաղ և կայուն աճ»: Առաջին հարցը, որ ընթերցողի մոտ կարող է առաջ գալ հետևյալն է. արդյոք Հայաստանում գները դանղա՞ղ են աճում, կամ արդյոք ապահովվո՞ւմ է գնային կայությունը:
Ճիշտ է՝ Կենտրոնական բանկին հաջողվեց 2 տասնամյակի ընթացքում կայուն բանկային համակարգ ձևավորել, այն եզակի ոլորտներից էր, որ ֆինանսական ճգնաժամի պայմաններում գրեթե անցնցում մնաց, սակայն գների կայունության տեսնակյունից ԿԲ-ն ակնհայտ խնդիրներ ունի:
Արդեն առիթ ունեցել եմ խոսելու ուղևորափոխադրումների սակագների բարձրացման դեմ բողոքի ալիքի ու դրա ֆենոմենի մասին, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ դեռևս անհայտ է մնում այն, թե ինչո՞ւ հասարակությունը բավարարվեց տրանսպորտի հին ուղեվարձի պահպանմամբ` այն դեպքում, երբ շուկայում մեծ թվով ապրանքատեսակներ գնային առումով շեշտակի աճ արձանագրեցին:
Պատկան մարմինների լռության և անտարբերության պայմաններում քաղաքացին երկու հիմնական ճանապարհ է ընտրում՝ համակերպում կամ արտագաղթում, ինչը երկու առումով էլ վտանգավոր է: