Lragir.am-ը գրում է.
ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Կարտերը մոտ ժամանակներս կարող է այցելել Հյուսիսային Կորեա, որպեսզի հասնի ամերիկացի Քենետ Բեի ազատ արձակմանը: Նա պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով այժմ աշխատանքային ճամբարում է գտնվում:
Այցի ժամանակ Կարտերը հնարավոր է հանդիպի Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին, նշում է Radio Free Asia-ն: Փորձագետները չեն բացառում, որ Ընը կօգտագործի այս հնարավորությունը Բարաք Օբամային ուղերձ փոխանցելու համար:
Կորեական ծագմամբ ամերիկացի Քենետ Բեն բիզնես ուներ զբոսաշրջության ոլորտում: Այդ բիզնեսի ուղղություններից մեկն էլ Հյուսիսային Կորեան էր: Մի քանի տարի առաջ Բեն ընտանիքի հետ տեղափոխվել էր Չինաստան: Բացի գործարար լինելուց նա նաեւ հավատացյալ քրիստոնյա էր եւ քարոզներ էր անում:
2012 թվականի նոյեմբերին Հյուսիսային Կորեայի իշխանությունները ձերբակալել են Բեին: Նրան մեղավոր են ճանաչել պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ եւ 15 տարով ուղարկել են աշխատանքային ճամբար:
Ամերիկյան իշխանությունները բազմիցս պահանջել են Փհենյանից ազատ արձակել գործարարին, սակայն Հյուսիսային Կորեան համաձայն է բանակցել միայն ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցչի ներկայությամբ: