
1in.am-ը գրում է.
Երիտասարդությունը ոչ անկախ Հայաստանում թատերաբեմ դուրս եկավ ինքնուրույն և կայացրեց միջավայր, որը Հայաստանն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, քաղաքական վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով երիտասարդական ակցիաներից և դրանց կարևորությունից:
Նա նկատեց, որ մեկ տարի է՝ մեկ հարց է շրջանառվում Հայաստանում, որը «ֆունդամենտալ նշանակություն ունի»՝ մոլորակը խորը վայրիվերումների մեջ է, գնալով ավելի լուրջ և բազմաշերտ են դառնալու մարտահրավերները, սակայն այդտեղ ՀՀ-ին պետք է մեկ բան՝ պարզել՝ Հայաստանը այդտեղ գոյություն ունի որպես երկի՞ր, թե՞ որպես տարածք: Ըստ նրա՝ թվում էր, որ բոլոր ճիգերն արդյունավետ չեն, և ոչինչ չի փոխվում, ֆորմալ տեսանկյունից անկախ ենք, բայց չունենք պետական համակարգ, որում լինի մեկ սեփական միտք, թութակի պես կրկնում ենք այն, ինչ հրամցվում է, չունենք սեփական օրենքներ, այնպես որ Հայաստանն անկախ չէ բացարձակապես։ Ըստ նրա, Հայաստանում անկախություն չունենալու ամենավատ դեպքն է՝ մեր ներսում է այդ ոչ անկախությունը, ուստի այս իրավիճակում կարևոր է անկախություն ձեռք բերելը:
«Հուլիս ամսին ճեղքման փորձ իրականացվեց, սկսվեց տարերային գործողություն, չգիտես ինչ խնդիր էր պետք լուծել. մեկը գները բարձրացրեց՝ չհասկացավ, թե ինչու, մյուսն ասաց՝ ինչ ես անում։ Մեկ էլ թատերաբեմ դուրս եկավ երիտասարդությունը, նա դուրս է եկել ինքնուրույն, նա կայացրեց մի միջավայր, որը Հայաստանն է։ Սա սահմանադրական կարգ չէ, այլ մեծ հույս կա մթնոլորտում, դա Հայաստանն է, դա կրեց մեկ ակնթարթ, բայց դա մեծագույն շանս է, այդ շանսն ամրագրվեց ազատամարտիկներով»,- մեկնաբանեց Աշոտ Մանուչարյանը՝ շարունակելով, որ հիմա երիտասարդությունը ստեղծում է երկրի տիրոջ համակարգ, ժողովուրդն ամբողջականացնում է, բոլոր հարցերով սկսում են մտածել, գործել, և սա լինելու է պարտադրող: Նրա համոզմամբ՝ ԱԳ նախարարը, որ մի տեղ ուզում է «ոչ» ասել, կարևոր է, որ ետևում ժողովուրդ ունենա, նույնը ՀՀ նախագահի և ՀՀ պաշտպանության նախարարի դեպքում: Այս ամենը շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը, Մանուչարյանի խոսքերով, կարողանա դուրս գալ ընդառաջ այս մարտահրավերներին: