
Aysor.am-ը գրում է.
Շուշում մեկնարկել է Barcamp Արցախ 2013
Այս տարվա BarCamp-ը տարբերվում է նախորդներից նախ նրանով, որ ավելի երկար կտևի, քան նախորդ տարիներին, բացի այդ, այս տարի մասնակիցները կաշխատեն միայն երկու խմբերով` ՏՏ և Մեդիա, ինչը հնարավորություն կտա ավելի երկար ժամանակ տրամադել մասնակիցների շնորհանդեսներին:
Բացման արարողությանը ներկա էր ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբաբյանը, ում խոսքով`իրենք շատ են կարևորում BarCamp-ը նախ և առաջ այն պատճառով, որ Արցախի մասին ճիշտ տեղեկատվություն ներկայացվի: <Նման միջոցառումները ունեն ճանաչողական բնույթ: Հուսամ, այս տարվա մասնակիցները ևս ակտիվորեն կկիսվեն իրենց տպավորություններով համացանցում: Ցավոք, այսօր վիրտուալ դաշտում մեր հարևաններն Արցախի այլ կերպար են ներկայացնում, և այս հարցում մենք պետք է համատեղենք մեր ուժերը: Մեզ համար օգտակար կլինի ծանոթանալ այն ժամանակակից գործիքներին, որոնցով կկարողանանք ճիշտ ներկայացնել Արցախը համացանցում»,-ասաց Ն. Աղաբաբյանը:
Նշենք, որ սա Արցախում կազմակերպված 3-րդ BarCamp-ն է: Այն կազմակերպվել է 2010թ., 2011թ., իսկ 2012 թ. չի կայացել տեխնիկական պատճառներով:
Մրցույթի կազմակերպմանը աջակցել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, իսկ մասնակիցների թվում են հյուրեր ԱՄՆ-ից և Դանիայից` Արմեն Հայրյանը և Գերթ Լոուրսենը:
BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որը կիրառվել է 2005 թ.-ից ԱՄՆ-ում և ստացել լայն տարածում աշխարհում։ Միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, որն ուղեկցվում է բաց քննարկումներով և մտքերի ազատ փոխանակմամբ։