#չեմվճարելու150դրամ շարժումը, զարմանալի արագությամբ թափ առնելով ու արձանագրելով առաջին հաղթանակը, էսօր կանգնել ա որոշ դժվարությունների առաջ: Կարծում եմ` էդ դժվարությունները անհաղթահարելի չեն, եթե փորձենք վերլուծել կատարվածն ու գտնենք ելքեր: 

Առաջ եկած դժվարությունները, ինչքան նկատել եմ, հիմնականում կապված են էն հարցի հետ, թե ինչի վրա ա կենտրոնանալու պայքարը` առաջին հաղթանակն արձանագրելուց հետո, եւ ինչ ձեւով ա ընդունվելու դրա հետ կապված որոշումը: Ամենասկզբում, երբ շարժումը դեռ նոր-նոր էր սկսվում, ինչպես եւ ում կողմից որոշումներ ընդունելու հարցը կարծես թե սուր չէր դրված, երեւի որովհետեւ քչերն էին հավատում պայքարի հաջողությանը, եւ բնական էր, որ մտածեին` ովքեր որ հավատում են հաջողությանը, ովքեր որ նախաձեռնել են, թող նրանք էլ ընդունեն հիմնական որոշումները: Ընդ որում նախաձեռնող խումբը կար հենց սկզբից, բայց փաստացի հստակեցում չկար, թե ովքեր են, քանիսն են դրա անդամները: Մյուս կողմից` նախաձեռնողները հենց ամենասկզբից հաջողությամբ կիրառեցին հանրային` բոլորի համար բաց ժողովի գաղափարը, ինչի նախադեպը (հաջողությամբ կիրառելու) մեզանում կարծես թե չկար: Իհարկե, շատ կարեւոր հարցերը երեւի ոչ թե էդ բաց հարթակում, այլ ավելի նեղ շրջանակում էին որոշվում, բայց դա մինչեւ վերջին օրերս մեծ խնդիր չէր առաջացնում: Միայն առաջին հաղթանակից հետո էր, որ նման խնդիր առաջացավ, ու կարծում եմ` առաջացավ բնականորեն:

Ակնհայտ ա որ #չեմվճարելու150դրամ շարժումը հենց սկզբից չուներ խարիզմատիկ լիդեր կամ լիդերներ: Եւ ընթացքում էլ, ոնց երեւում ա, դրանք չեն առաջանում, գոնե մինչեւ հիմա` ոչ մի նշան չկա: Շատերը, մասնավորապես նախաձեռնողները, սա համարում են էս շարժման ուժը` համարելով սա հորիզոնական շարժում, որի շրջանակներում տեղի ա ունենում շատ կարեւոր գործընթաց` հասարակությունը ինքնակազմակերպվում ա: Մի կողմից` սրա մեջ ճշմարտության մեծ բաժին կա իհարկե` վերջին տարիներին լիդերներից անընդհատ հիասթափվող Հայաստանում շարժման հորիզոնական բնույթը հաճելի նորություն ա, հրապուրում ա ինքնուրույնությունը գնահատող, համարձակ երիտասարդներին, եւ ինքնակազմակերպման առաջին նշանները իսկապես կան: Բայց մյուս կողմից էլ` եթե չկա ոչ խարիզմատիկ լիդեր, ոչ էլ շարժումը ղեկավարող էն խումբը, որի անդամությունը լինի ֆիքսված եւ որոշումներ ընդունելու համար պատասխանատվությունը` հանրության մեծ մասի կողմից ընդունված (ոնց որ 1988-ին Ղարաբաղ կոմիտեն օրինակ, որի անդամներին բոլորը ճանաչում էին), անխուսափելիորեն դժվարություններ են առաջանալու որոշումներ ընդունելու, ավելի ճիշտ` էդ որոշումները բոլորի համար ընդունելի դարձնելու հարցում:

Ուրեմն ի՞նչ անել: Երեւի թե հնարավոր ա երեք հիմնական տարբերակ:

Տարբերակ ա. առաջարկել, որ էս շարժումը նախաձեռնած խումբը բացահայտ հայտարարի իրա մասին, իրա անդամների մասին, եւ նաեւ, եթե պետք ա, կատարի անդամների համալրում` շարժման ամենաակտիվ եւ արդյունավետ մասնակիցների միջից: Սա կնշանակի, որ էդ խումբը վերցնում ա իրա վրա հիմնական պատասխանատվությունը` թե հետագա հաջողությունների, թե հնարավոր ձախողումների համար:

Տարբերակ բ. հասնել նրան, որ ուժեղանա հանրային ժողովի մեխանիզմը եւ հիմնական որոշումներն ընդունվեն հենց էդ մեխանիզմով, որից հետո դառնան շարժման բոլոր մասնակիցների համար պարտադիր:

Տարբերակ գ. հայտարարել, որ չկան բոլորի համար պարտադիր որոշումներ, որ ամեն խումբ կարող ա ընդունի սեփական որոշումներն ու փորձի դրանք իրագործել:

Երեւի թե` երեք տարբերակներն էլ ունեն իրանց առավելություններն ու թերությունները: Արժի մտածել` դրանցից որն ա գերադասելի մեր պայմաններում: Ես ընդամենը շարադրեցի իմ խոհերը` ենթադրելով, որ մյուսները դրանք կշարունակեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել