Aysor.am-ը գրում է.
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հրաչյա Հարությունյանը նամակ է գրել` խնդրելով, որպեսզի նրա շահերը պաշտպանեն այլ փաստաբաններ:
Ու ինչպես արդեն հայտնի է, Հ. Հարությունյանի նախկին փաստաբան Ալեքսանդր Մալցևը հայտարարել է, որ Հարությունյանն իր այս որոշումը, հավանաբար, կայացրել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ հանդիպելուց հետո:
Galatv.am-ը զրուցել է ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ:
-Պարոն Անդրեասյան, ճի՞շտ է տեղեկությունը, որ Դուք շահագրգռված եք եղել, որպեսզի Հրաչյա Հարությունյանը հրաժարվի նախկին փաստաբաններից, եթե այո, ապա ինչո՞ւ:
-Ուղղակի ավելի որակյալ և ճիշտ կառուցված փաստաբանական պաշտպանության խնդիր կար և իմ այցի հիմնական նպատակներից և արդյուքներից մեկը փաստաբանական թիմը ավելի հզորացնելն էր և նոր փաստաբանների ներգրավմամբ վստահ եմ, որ կունենանք ավելի արդյունավետ պաշտպանություն:
-Հավաստի՞ են արդյոք տեղեկություններն այն մասին, որ նախկին փաստաբաններից Ալեքսանդր Մալցևի կողմից Հարությունյանի շահերի պաշտպանության նախապայմաններից մեկն է եղել Ռուսաստանի հայերի միության կողմից զոհվածների ընտանիքներին 1 միլիոն ռուբլի և տուժածների ընտանիքներին 500 հազար ռուբլի վճարելը:
-Միգուցե ինքը այդպիսի մտքեր է ունեցել, բայց երբ նա օգնել ու սատարել է Հրաչյային և համաձայնություն է տվել Հրաչյային պաշտպանելու, նա որևէ նախապայման, իմ տեղեկություններով, դրած չի եղել և ընդհանրապես փաստաբանները պայմաններ չեն դնում իրենց պաշտպանյալների առաջ, որպեսզի որևէ մեկին պաշտպանեն և կարծում եմ, որ հենց այդպիսի խոսակցությունների բացառման համար է, որ Ռուբեն Մարգարյանը և իր թիմը կներկայացնեն Հրաչյային,և ես շատ ավելի ապահով եմ զգում այդ թիմի պաշտպանության պարագայում:
-Պարոն Անդրեասյան, ամեն դեպքում հնարովո՞ր է, որ դատավարությունից հետո, եթե Հրաչյա Հարությունյանը մեղավոր ճանաչվի, արվի այնպես, որ նա պատժի մնացած մասը կրի Հայաստանում:
-Նախ ուզում եմ, որ ի սկզբանե չարագուշակ կանխատեսում չանենք, որ անպայման Հրաչյան պետք ճանաչվի մեղավոր այս ամեն ինչում: Նախ նրա մեղքը ճանաչված չէ և հարգելով անմեղության կանխավարկածը՝ եկեք չշտապենք և նրան արդեն չդատապարտենք պատժի կրման: Իսկ ինչ վերաբերվում է նրան, որ եթե իսկապես վերջում որոշվի, որ նա մեղավոր է և պետք է կրի ազատազրկմամբ պատիժ, ապա արդեն այդ ժամանակ կարող են մեր համապատասխան մարմինները՝ հատկապես արդարադատության նախարարությունը միջոցներ ձեռնարկել, որպեսզի եթե նա դատապարտվի, ապա պատժի մնացած մասը նա կրի Հայաստանում:
-Այսօր արդեն որոշակի հրապարակումներ կան այն մասին, որոնք գրեթե ապացուցում են, որ այս գործում Հրաչյա Հարությունյանը արել է ամեն ինչ, և նա մեղավոր չէ խոշոր հաշվով: Խոսքը բեռնատարի տեխնիկական վիճակի մասին է և այլն...
-Դրանք բոլորը ենթադրություններ և ինչ-որ մասով սպեկուլյացիաներ են, որովհետև ոչ ոք հիմա ճշգրիտ տեղեկություն չգիտի...Մինչև չլինեն փորձաքննության արդյունքները, ես կարծում եմ՝ կոռեկտ չէ նույնիսկ ենթադրությունների մակարդակով այդ քննադատությունները: Սպասենք փորձաքննության արդյուքների ավարտին, դրանք առայժմ ընթացքի մեջ են և դրանից հետո արդեն կարելի է որոշակի ստույգ խոսել նման երևույթների մասին:
-Որքանո՞վ է ապահով Հրաչյա Հարությունյանի գտնվելու վայրը: Կան տեղեկություններ, որ նա գտնվում է հայազգի հեղինակությունների հովանավորության տակ:
-Հայ ազգությունը անընդհատ շեշտելը ինձ համար մտահոգիչ է: Ես կարող եմ ասել, որ այն պահի դրությամբ նա ամեն ինչով ապահովված է և գոնե այսօր, քանի դեռ չենք ստացել հակառակը պնդող տվյալներ, կարծում եմ՝ շարունակում է լինել ապահով վայրում: Քանի որ մեր դեսպանության աշխատակիցները շարունակում են հետևել Հրաչյայի և առողջական, և ֆիզիկական, և նյութական վիճակին և քանի որ չենք ստացել ահազանգ և անհանգստություն, շարունակում ենք կարծել, որ նա նույն վիճակում է, ինչ ես տեսել եմ, այսինքն՝ բավականին բարվոք է նրա վիճակը:
Այսինքն՝ այստեղ կապ չունի՝ նա հայերի հետ է, վրացիների, թե՞ ռուսների, կարծում եմ, որ մի բան չի կարող նրան անհանգստացել կամ վտանգել: