
«Չենք վճարելու 150 դրամ» բողոքի ակցիան մեռնում է, մեռնում է աչքներիս առաջ, մեռնում է անմիջապես առաջին հաղթանակից հետո: Սարսափելի բան է, երբ լավ բանը մեռնում է, ողբերգական է, երբ լավը ինքնասպան է լինում, ու արդեն կարևոր չէ` մահը գիտակցական է, թե... նրբորեն հրամցված: Արագ ու, այնուամենայնիվ, ինչ-որ մեկի հաշվարկած, քայլ-քայլ է մեռնում, մեռնում է արեգների բազմերեսանի վարքագծերին զուգընթաց, «արբունքի չհասած» երիտասարդների գոռում-գոչյունների հնչերանգների ներքո, կիսագրագետ երիտասարդության չմոտիվացված պորտապարերի ուղեկցությամբ... և այլն, և այլն:
Ակամա էն «անասուն»` երբեք ոչինչ չասող Ալիկ Սարգսյանի արտահայտությունը հիշեցի` «հեղափոխությունն իր ծոցում կխեղդեմ»: Սատանան տանի, հիմա հեղափոխությունն ինքնուրույն իր ծոցում խեղդվում է, կրկնում եմ, աչքներիս առաջ. օրը ցերեկով ու նաև երեկոյան ու նաև գիշերը` մթության քողի տակ: Հաստատուն քայլերով ԻՆՔՆԱԽԵՂԴՎՈՒՄ Է. հետևությունները թողնում եմ բոլորին, իսկ ես անկեղծ հոգու ցավ ու տարակուսանք եմ զգում հիմա: