
Operativ.am-ը գրում է.
Ինքնասպանության խնդիրը բոլոր ժամանակներում գրավել է հասարակության ուշադրությունը: Սա այն երևույթներից է, որը մանրամասն ուսումնասիրման կարիք ունի, քանի որ ինքնասպանության կանխման համար անհրաժեշտ է խոր գիտելիքներ ունենալ տվյալ երևույթի վերաբերյալ:
Այն հոգեբանական առումով իրենից ներկայացնում է գիտակցված կամ իմպուլսիվ ձևով անձի կողմից իրականացվող գործողություն, որը հանգեցնում է մահվան:
Որպես կանոն, մարդը ինքնասպանություն կատարում է կյանքի այն պահին, երբ կորցնում է իր վերջին հույսը, գտնվում է անելանելի վիճակում՝ այդ պահին մտածելով միայն իր մասին: Սակայն լինում են դեպքեր, երբ մարդը դիմում է ինքնասպանության մտերիմներին բեռ չդառնալու համար: Այդպես են հաճախ վարվում ծանր հիվանդությամբ տառապող մարդիկ:
Այս հոգեբանական երևույթը հասկանալու համար անհրաժեշտ է նախ հասկանալ այն մարդու հոգեվիճակը, ով համարձակվել է դիմել այդ քայլին: Օգնությունն ու աջակցությունը շատ կարևոր են դժվար պահերին: Մեկ բառը և նույնիսկ մեկ հայացքը կարող են փրկել մարդու կյանքը: Ինքնասպանության փորձ թույլ չտալու համար անհրաժեշտ է ուշադիր լսել այդ քայլին դիմող մարդուն, փորձել հասկանալ այն խնդիրը, որը թաքնված է նրա խոսքերի ետևում, խնդրին նայել նրա աչքերով: Անհրաժեշտ է բացատրել, որ նման հուզական վիճակը ժամանակավոր է և այն պետք է հաղթահարել, այլ ոչ թե փորձել ինքնասպանությամբ կյանքին վերջ տալ: Փորձեք բացատրել, որ նրա կյանքը շատ կարևոր է մտերիմ և հարազատ մարդկանց համար: Ներգրավեք ընկերների, բժիշկների, պրոֆեսիոնալ հոգեբանների, քահանաների օգնությունը՝ նրանց հետ միասին մշակելով օգնության ռազմավարություն: