
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստերն ու նրա նշանած Արթուրին՝ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդուն, երեկ տեսել են Կենտրոնի դատարանում։ Մեզ հաջողվեց պարզել, որ զույգը մասնակցել է Արթուրի ընկեր Դավիթի դատական նիստին։ Պարզվում է՝ մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով «Hyundai sonata» մակնիշի 08 UU 800 համարանիշի և «Bently» մակնիշի 08 LL 800 համարանիշի ավտոմեքենաները, հայտնաբերել են զենք և ձերբակալել վարորդներին։
«Bently»–ն հաշվառված էր Արթուր Աբրահամի Մանուկյանի, «Hyundai sonata»–ն՝ Հակոբ Աբրահամի Մանուկյանի անվամբ։ Նրանք Աբրահամ Մանուկյանի որդիներն են։ «Hyundai sonata»–ի ղեկին Արթուրի թիկնապահն է եղել՝ Դավիթ Մկրտչյանը, ում օրեր հետո ձերբակալեցին Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք պահելու համար։ Ի դեպ նշենք, որ Արթուր Աբրահամյանն այդ ժամանակ ասել էր, որ մեքենան իր հետ կապ չունի, մինչդեռ երեկ նշանածի հետ մասնակցել է դատավարությանը»,– գրում է թերթը։