Այսօր Անահիտ Բախշյանի հետ աշխատանքն ավարտելուց հետո երեկոյան իջանք քաղաքապետարանի դեմ նստացույց անող մեր պայծառ երիտասարդների մոտ: Զրույցի բռնվեցինք տարբեր մարդկանց հետ: Անահիտ Բախշյանը հեռացավ, իսկ ես մի փոքր էլ մնացի այնտեղ` զրուցելու թե՛ հին ընկերներիս, թե՛ ինձ համար նոր մարդկանց հետ: Մեկ էլ հանկարծ մի տարեց տիկին (բնականաբար, ՀՀԿ-ական սանրվածքով) իր երկու անուշ թոռնիկների հետ եկավ ուղիղ դեպի մեր կողմը, ըստ որում` հետեւյալ բովանդակությամբ ելույթ ունենալով. «Մի ասեք, տեսնեմ, Տարոն Մարգարյանից լավ քաղքապետ կա՞»: Մինչ բերանս կբացեի ու կպատասխանեի, որ տիկին, ամենեւին հարմար օբյեկտ չեք ընտրել այդ կարծիքը պարտադրելու համար, կողքս կանգնած պայծառ երիտասարդը` Հարությունը, առաջ ընկավ ու բարձրաձայն կոչ արեց. «Ծափողջյուններ տիկնոջը, էրեխեք, ծափողջյուններ»: Հաջորդեց խմբակային ծափահարությունը, ու տիկինը հեռացավ: Բայց` մի 20 մետր: Երբ Հարությունը տեսավ, որ նա հիմա էլ մեկ այլ ծայրամասում է ելույթ ունենում նույն թեմայով, վազեց այդ կողմ ու կրկին նույն կոչով: Համատարած ծափեր հնչեցին նաեւ այնտեղ, ու տիկինը լուռ հեռացավ...
Ինչո՞ւ եմ գրում այս ամենի մասին: Նման տեխնոլոգիա իմ մտքով չէր անցնի: Միգուցե ես զրույցի բռնվեի տիկնոջ հետ, որը վերաճեր անպտուղ բանավեճի կամ լեզվակռվի: Իհարկե, այլ` գռեհիկ ուղղություն չէր ստանա, բայց հաստատ իրավիճակից ավելի լավ ելք չէր լինի, քան Հարությունի արածն էր: Մեր երիտասարդներից արդեն շատուշատ բան ունենք սովորելու: Հաստատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել