Ամառ է, ծովափնյա հանգստի, պիկնիկների և այլ բացօթյա զվարճանքների ժամանակը: Իհարկե, շատ վայրերում ամառը ասոցացվում է տապի և կիզիչ արևի հետ: Ծովափնյա հանգիստը արձակուրդի անցկացման ամենաերանելի ձևերից է, սակայն այնտեղի տապը կարող է մտահոգիչ լինել: Սակայն երբ իմանաք այս ցանկում ներկայացված վայրերի ջերմաստիճանը, այլևս չեք բողոքի 30-32 աստիճանի հասնող շոգից: Երբ կարդաք այս արևակեզ վայրերի մասին, դուք պարզապես չեք կարողանա զսպել սառը ցնցուղ ընդունելու գայթակղությունը:

5. Թիմբուկթու, Մալի

Timbuktu, Mali

Արևմտյան Աֆրիկայում տեղակայված Թիմբուկթուում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 54 աստիճան, իսկ մայիս ամսին այն միջին հաշվով կազմում է 42 աստիճան: Թիմբուկթուն Աֆրիկայում իսլամի տարածման գործում մեծ դեր է խաղացել: Այնտեղ են գտնվում մի քանի ազդեցիկ մզկիթներ և աշխարհի ամենահինավուրց ձեռագրերի ամենահին հավաքածուները: Չնայած իր պատմամշակութային հարստությանը` Թիմբուկթուում կարող են մնալ միայն այն մարդիկ, ովքեր չեն նղավում մեծ տապից կամ ցանկանում են մի լավ քրտնել:


4.Քեբիլի, Թունիս

Kebili, Tunisia

Աշխարհի չորրորդ ամենաշոգ վայրը Քեբիլին է: Այն Թունիսի կենտրոնում գտնվող օազիսային քաղաք է: Այստեղ ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 55 աստիճան: Քեբիլին համարվում է հնագույն քաղաք, և այստեղի բնակչությունը բազմազան է: Քաղաքը նաև հայտնի է իր քաղցր արմավներով: Ասում են, որ Քեբիլիի արմավները աշխարհում առաջինն են իրենց որակային հատկանիշներով: Ուրեմն գուցե արժե՞ մի փոքր տանջվել այնտեղի տապից:  


 3. Գադամես, Լիբիա

Ghadames, Libya

Հարավարևմտյան այս օազիսային քաղաքի ջերմաստիճանը նույնպես կարող է բարձրանալ մինչև 55 աստիճան: Դժվար է պատկերացնել, որ այս վայրի բնակչությունը կազմում է 10,000 մարդ: Ինչպես և շատ այլ լիբիական համայնքներում, այստեղ ևս քաղաքի բնակիչները իրենց տները կառուցում են լայմի, արմավենու ծառի բնից և ցեխից: Մի խոսքով, անում են հնարավոր ամեն բան` տապը հաղթահարելու համար:


2.Ալազիզիյա, Լիբիա

AlAziziyah, Libya

Հյուսիսարևմտյան այս քաղաքը նույնպես Լիբիայում է տեղակայված: Այն աշխարհի ամենաշոգ վայրերից է: Աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը արձանագրվել է հենց այստեղ: 1922 թ. սեպտեմբերի 13-ին Լիբիայի այս քաղաքում գրանցվել է աննախադեպ 57 աստիճան: Որոշ մարդիկ պնդում են, որ այս թիվն ուռճացված է և չի համապատասխանում իրականությանը: Այնուհանդերձ, ոչ ոք չի կարող հերքել, որ սա աշխարհի ամենաշոգ վայրերից է:

 

 1. Դեֆ Վելի, Կալիֆոռնիա

Death Valley, California

Աշխարհի ամենաշոգ և ամենաչորային կլիմա ունեցող վայրը գտնվում է Կալիֆոռնիայում: Դեֆ Վելիում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 57 աստիճան: Նման բան այստեղ պատահել է 1913 թ. հուլիսի 10-ին: Այստեղ միջին ջերմաստիճանը կազմում է 47 աստիճան: Այսպիսով, դժվար չէ գուշակել, թե ինչու է այս վայրը ստացել Դեֆ Վելի անվանումը (Death Valley – մահվան հովիտ): Թեպետ մեր ցանկում այս վայրը գտնվում է առաջին հորիզոնականում, այստեղ գիշերները հաճախ գրանցվում է բավականին ցածր ջերմաստիճան: Պետք է ասեմ, որ այս ցանկի մեջ ներառվել են այն վայրերը, որտեղ կան անհրաժեշտ սարքավորումներ` եղանակը ամենայն ճշգրտությամբ կանխատեսելու համար: Անշուշտ, կան նաև ավելի տոթակեզ վայրեր, օրինակ` Սահարայի որոշ հեռավոր շրջաններ: Բայց քանի որ այստեղ եղանակի հավաստի կանխատեսման համար նախատեսված կայաններ չկան, դրանք դուրս են մնացել մեր ցուցակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել