![](/static/news/b/2013/07/70266.jpg)
![]() |
Նկարում աշակերտներին ծեծող ուսուցչուհին է |
2013 թվականի մարտ ամսին Արարատի մարզի Դարակերտ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանը իր առարկայից գրավոր աշխատանք է հանձնարարել: Նույն դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարուխանյանը չի կարողացել 3 էջն էլ գրի, ինչի պատճառով Գալոյանը բարկացել է աշակերտի վրա, պտտեցրել է ձեռքի մատանին ու հարվածել Գևորգի գլխին՝ քներակի հատվածում: Դրանից հետո երեխամ վատանում է, ուզում է պայուսակից ջուր հանել, որ խմի, ուսուցիչն ասում է. «Ես քեզ պատժում եմ, ջուր էլ չպետք է խմես»: Երեխան երբ տուն է եկել, բողոքել է գլխացավից ու ակնացավից, հետո պատմել է, որ Գալոյանն է խփել: Մի քանի օր հետո դպրոց բժիշկներ են եկել ու երեխայի մոտ տեսողության լուրջ խնդիր են հայտնաբերել ու տեղեկացրել են ծնողին: Մայրը երեխային տարել է Մալայան անկաբուժական կենտրոն, որտեղ բժշկուհին հայտնում է, որ երեխայի աչքի տեսողությունն իջել է մինչև 10%, գլխի շրջանում՝ քունքի կողքը, հարված է ունեցել, որի արդյունքում թաղանթը մահացել է, ինչն էլ անբուժելի հիվնադություն է: Բշժշկի ներկայությամբ հարցուփորձ է արվել երեխային, երեխան հիշել է, որ ուսուցչի հարվածն է եղե: Գնալով երեխայի տեսողությունը վատանում է, այժմ երեխան չի տեսնում 90%-ով: Սրանից մի քանի օր հետո Գալոյանն ինքն է այցելում Գևորգին, երեխան զրույցի ժամանակ պնդում է, որ ուսուցչի հարվածից է, ուսուցիչը նեղելով պատասխանել է, թե՝ ճիշտ է. ես եմ հարվածել, տվեք կտանեմ, կբուժեմ: Սակայն, բժիշկների հավաստմամբ, դա անբուժելի է: Պատմում է մայրը. «Գնացինք դպրոցի տնօրենի մոտ, մանկավարժի ամուսինը եկավ, թե եթե իմ կնոջ հարվածով է, ես կբուժեմ, փողը կտամ, ամեն ինչ կանեմ, մենք էլ չհամաձայնեցինք, ասացինք, որ քո կինը պետք է դպրոցից դուրս գա, իրավունք չունի աշխատելու: Նրանք չհամաձայնեցին, ասացին, թե 62 տարեկան է, պետք է մի տարի էլ աշխատի, նոր դուրս գա, գնա թոշակի, դուրս չի գա դպրոցից: Ասացինք` մի ամիս ժամանակ ենք գալիս, ամուսինը գումար առաջարկեց դեղերի, բուժման համար` փոխարենը խնդրելով` կնոջ անունը դուրս չգա, որ չիմանան, որ իր ձեռքով է եղել, բայց մենք չհամաձայնեցինք»: Այդպես անցել է մեկ ամիս, բայց ուսուցիչը շարունակում է աշխատել, իսկ գյուղում լուրեր են տարածվել, թե մանկավարժը օգնել է, փող է տվել ընտանիքին, դրա համար չեն բողոքում: Գեւորգի հայրն էլ գնացել, բողոքել է ոստիկանությունում, որ «մանկավարժի ձեռքով երեխայի աչքի տեսողությունը կորել է»: Այժմ քրեական գործ է հարուցվել, հարցաքննել են թե երեխային, թե ծնողներին:
Գայանեն նաեւ պատմեց, որ մինչեւ իրենց գյուղ գալը Սուսաննա Գալոյանը աշխատել է հարեւան գյուղերից մեկի` Նորաբացի դպրոցում, սակայն տնօրենը նրան հեռացրել է մեկ այլ երեխայի ծեծելու համար: Այժմ իրենց գյուղում եւս կան այլ ծնողներ, որոնք դժգոհ են մաթեմատիկայի ուսուցչուհուց, քանի որ նա կոպիտ է, երեխաներին ծեծում է, նրանք բողոքել են, բայց ոչ մի արդյունքի չեն հասել, ուսուցչուհին ասել է, թե իր մեթոդը դա է:
Ներկայումս Գեւորգն օրական չորս հաբ դեղ է խմում, չորս անգամ էլ դեղ են կաթացնում աչքի մեջ, հայտնի չէ` ինչքան կտեւի բուժումը, այս ամենը անում են, որ գոնե դեղորայքով պահպանեն տեսողության 10 տոկոսը, այն այլեւս վերականգնել հնարավոր չէ, թաղանթը մահացել է եւ բուժման ենթակա չէ: