
1in.am-ը գրում է.
ՀՀ պետական և ոչ պետական բուհեր այս տարի ընդունվեցին շուրջ 10500 դիմորդներ: Ոչ պետական բուհերի ընդունելության քննությունները ևս անցկացվեցին միասնական և ներբուհական կարգով, ինչպես պետական բուհերինը:
«Այն բուհերը, որոնք մասնագիտական քննություններ ունեն, ասենք՝ կինոյի, երաժշտության, նկարչության, սպորտի, դրանք իրենք ներքին հանձնաժողովներով են անցկացնում: Իսկ մնացած քննություններն անցկացվում են միասնական կարգով»,- մանրամասնեց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը:
ԳԹԿ-ում գրանցված ոչ պետական բուհերի թիվը 2012 թ. եղել է 47, այս տարի՝ 41։ Նախորդ տարում ոչ պետական բուհեր առաջին հայտով դիմորդների թիվը 205 է եղել, այս տարի՝ 130: Ոչ պետական բուհեր առաջին հայտով ընդունված դիմորդների թիվն անցած տարի 151 է եղել, այս տարի՝ 76:
«Դիմորդների թիվը շատ քիչ է ոչ պետական բուհերում՝ նախորդ տարվա համեմատությամբ։ Թափուր տեղերը շատ-շատ են»,- տեղեկացրեց Գագիկ Մելիքյանը:
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանում դիմորդների ընդհանուր թիվը մոտ 15 հազար էր՝ չհաշված միջպետական համաձայնագրերով գործող երեք բուհերի՝ Հայաստանի Ամերիկյան, Ֆրանսիական ու Սլավոնական համալսարանների դիմորդներին։
Պետական և ոչ պետական բուհեր ընդունվել է 15 հազար դիմորդից 12 հազարը, 2500-ը չի կարողացել հաղթահարել դրականի շեմը ընդունելության քննություններում, մնացած 500-ը ստացել է դրական միավոր, բայց չի ընդունվել։ Վերջիններս հնարավորություն ունեն մասնակցելու նոր մրցույթի։
Միասնական քննությունների ընթացքում դրական միավոր է հավաքել, բայց մրցութային շեմը չի հաղթահարել շուրջ 600 դիմորդ: Քննություններին անբավարար միավորներ է ստացել և մրցույթից դուրս է մնացել շուրջ 2600 դիմորդ: