Tert.am-ը գրում է.

Tert.am-ի բացառիկ հարցազրույցը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ։ Պատմություն այն մասին, թե ինչպես Արտաշատի պահածոների գործարանի բանվորը դարձավ նախարար, նրա խորհրդածությունները պետական սեկտորի խղճուկ աշխատավարձերի, քծնողների և պրոֆեսիոնալների, մամուլում հայտնված քննադատական հրապարակումների, գեղանկարիչ Մինասի հետ ազգակցական կապի շուրջ . ի՞նչ են պատմում նրա մասին նախարարության շենքի հավաքարարները և ի՞նչ է կերել այսօր գյուղատնտեսության նախարարը։ 

-Ինչպե՞ս դարձաք նախարար։

–Շատ պատահական։ Մտքովս էլ չէր անցնում, որ նախարար կդառնամ։ Ոչ երազել եմ, ոչ էլ երբևէ մտածել, որ նախարար կդառնամ կամ էլ կաշխատեմ պետական կառավարման համակարգում։ Երբ նշանակվեցի, բավականին էլ տարիք ունեի։ Ես 42 տարի շարունակ արտադրության մարդ եմ եղել։ 1968 թվականից Արտաշատի պահածոների գործարանում բանվոր էի, իսկ հետագայում այն ղեկավարեցի։ Ինչ աշխատանք ասես, որ չեմ կատարել՝ հսկիչ, որակի հսկիչ, արտադրամասի պետ, լաբորատորիայի վարիչ, հերթափոխային քիմիկ, ավագ ապրանքագետ, գլխավոր էներգետիկ, գլխավոր ինժեներ,ապա՝ գլխավոր տնօրեն։

- Ասում են ՝ ինչ-որ ճակատագրական ժողովի ժամանակ հանրապետության նախագահը գյուղոլորտից Ձեզ մի հարց է տվել և Ձեր պատասխանից հետո նշանակել գյուղատնտեսության նախարար։ Այդպե՞ս է։

- Ես Արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամ էի, և մենք տարին մեկ-երկու անգամ հանդիպում էինք նախագահին, ոլորտային խնդիրները ներկայացնում նրան, որոնք, իմիջիայլոց, շատ արագ իրենց լուծումներն էին գտնում : Այդ օրը գյուղատնտեսությունում տիրող իրավիճակի մասին ես խոսեցի, և, այո, այդ ելույթը ճակատագրական դարձավ ինձ համար՝ դրանից հետո ինձ առաջարկեցին նախարարի պաշտոնը: Ճիշտն ասած, ես հանկարծակիի եկա: Չէի սպասում, մտքովս անգամ չէր անցնում նման բան:

- Փաստորեն, նախարար դառնալն ամենևին էլ Ձեր երազանքը չի՞ եղել։

- Կյանքում ոչ մտածել եմ, ոչ էլ երազել դրա մասին։ 

- Ինչպե՞ս եք վերաբերվում մամուլում Ձեր շուրջ եղած քննադատական հրապարակումներին։ 

- Անկեղծ ասած, շատ վատ եմ զգում։ Սա երևի անփորձությունից է. ես կառավարման ոլորտում չեմ աշխատել, սովոր չեմ քննադատություններին և շատ նեղսրտում եմ դրանից։ Եվ հետո, եթե քննադատությունը փաստարկված է, պրոֆեսիոնալ, ոլորտից հասկացող լրագրողի աշխատանք է, արժե քննարկման առարկա դարձնել այդ հրապարակումը, հակափաստարկներ բերել, իսկ եթե նյութը կառուցված է զուտ անվանարկումների վրա, խախտված են էթիկայի կանոնները, այդպիսի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը չարժե, որ գործից կտրվես ու դրան հատկացնես թանկ ժամանակդ։ Գյուղատնտեսության նախարարությունը բաց կառույց է, մենք թաքցնելու բան չունենք լրագրողներից, այստեղ մենք օրուգիշեր աշխատում ենք և երկրի համար կենսական հարցեր ենք լուծում։ Եվ անկեղծ ասած, ինքնաքննադատությունից էլ հեռու չենք։ Անցյալ օրը «Արմենիայի» լրագրող Ազնիվ Ապրեսյանն էր այստեղ, ինձ ասում է՝ «Հիմա ընդունված չէ, որ պաշտոնյան ինքն իրեն քննադատի, Դուք ինչո՞ւ Ձեզ քննադատեցիք»։ Գիտե՞ք, ես անկեղծ ձգտումներով եմ աշխատում։ Իհարկե, աշխարհում իդեալական ոչինչ չկա, բայց իմ միջավայրում, իմ աշխատանքի մեջ, անգամ ամենամանր հարցերում ես իդեալականին եմ ձգտում։

-Պարոն նախարար, իսկ այդ անկեղծությունը, զգացմունքայնությունը չի՞ խանգարում Ձեր կարիերային։

- Ես կարիերա անելու նպատակ չունեմ։ Դասական իմաստով՝ կարիերիստ չեմ, և իմ տարիքն էլ թույլ չի տալիս, որ կարիերայի ձգտեմ։ Չգիտեմ, թե քանի տարի նախարար կաշխատեմ, բայց նախարար եմ եղել, թե բանվոր, ես միշտ եմ այսպիսին եղել։ Իհարկե, ես մի քիչ շուտ եմ բռնկվում, շուտ եմ նեղսրտում, երբ չեմ կարողանում որևէ հարցի լուծում տալ, և սա շատ երկար կարող է ինձ մտատանջել։ Սրանք բնավորության վատ որակներ են։ Ինքս էլ շատ հաճախ ինձ քննադատում եմ։ 

- Հատկապես պետական գերատեսչություններում գլխապտույտ կարիերա է անում քծնող տարրը. որպես կանոն, քծնում է նա, ով մասնագիտական որակ չունի, ավելին՝ այս տեսակը լուրջ մասնագետներին նետում է բանսարկությունների դաշտ, իսկ այնտեղ ինքն անպարտելի է։ Հարց՝ ի՞նչ անել:

- Քծնողների հարցն աշխարհի չափ հին է: Եվ իզուր եք կարծում, որ երևույթը հատուկ է միայն պետական սեկտորին: Ինձ համար լուրջ մասնագետը արժեք է, և իմ գրեթե կեսդարյա աշխատանքային փորձն ասում է, որ, որպես կանոն, լավ մասնագետը նաև բարոյական մարդ է լինում: Իմ ղեկավարած գերատեսչությունում չկան ֆավորիտներ: Արդեն երրորդ տարին է, ինչ նախարարի պաշտոնում եմ, և թող որևէ մեկն ասի, թե ես աշխատողների միջև խտրականություն եմ դնում կամ իմ որևէ ազգականին, բարեկամին, ծանոթին բերել եմ ու տեղավորել նախարարությունում։ Այդպիսի դեպք չի եղել։ Ես աշխատում եմ լավ մասնագետին առաջ տանել և դրսից բերել լավագույն կադրերին։ Իմ գալով՝ նախարարությունում կադրային ջարդ տեղի չի ունեցել։ Ուղղակի այն աշխատողները ովքեր չեն կարողացել առաջադրված խնդիրները ժամանակին և որակով կատարել՝ կամավոր հեռացել են։ Իմ պահանջները խիստ են՝ մարդը պիտի ազնիվ աշխատի ու ակնկալիք չունենա պետբյուջեի միջոցներից, և մեզ մոտ այս խնդիրն իսպառ վերացված է. բոլորը կարող են վկայել այս մասին։

-Այսինքն՝ նախարարությունում կոռուպցիան զրոյակա՞ն է։

- Կարող եք ինքներդ հետաքրքրվել, իմանալ: Մեզ մոտ այդպիսի խնդիր չկա։ Ես բոլորից պահանջում եմ ազնիվ աշխատանք՝սկսած առաջին տեղակալից մինչև որևէ մասնագետ։ Փոքր երկիր ենք, հնարավոր չէ անազնիվ աշխատել և անտեսանելի մնալ: Իմ սկզբունքը սա է՝ եթե աշխատում ես, պիտի ազնիվ աշխատես, լավ աշխատես, անես առավելագույնը։ Այո, քաղծառայողների աշխատավարձը բարձր չէ։ Բայց սա չի նշանակում, որ նրանք պիտի այլ գայթակղություններ ունենան:

- Բայց այդ ցածր աշխատավարձերը պետական սեկտորում կամաց-կամաց փոշիացնում են մասնագիտական կապիտալը։ Պրոֆեսիոնալին դժվար է 70-80 հազար դրամով գամել պետական աթոռին։ Այսպես մասնագիտական բանկը չի՞ արտահոսի դեպի բիզնես: 

- Այո, մասնավոր սեկտորում համարյա երեք անգամ բարձր է տվյալ մասնագիտության գինը։ Կադրային խնդիրը շատ լուրջ հարց է այսօր. երբ ցանկանում ես ինչ-որ մեկին աշխատանքից ազատել, փոխարինող չես գտնում, լավ մասնագետներն այսօր քիչ են։ Հիմա մենք ունենք այդպիսի երիտասարդ կադրեր, ովքեր լեզուներ գիտեն, շատ լավ տիրապետում են գործին և մեծ հաջողությամբ կարող էին բիզնես ոլորտում աշխատել, բայց ընտրել են պետական կառավարման համակարգն իրենց առաջընթացի համար. վաղը նրանք պաշտոններ կզբաղեցնեն, նրանց մեծ ապագա է սպասվում։ Ես գնահատում եմ այդ մասնագետներին, և շատ եմ ուզում երիտասարդացնել նախարարության մասնագիտական բանկը: Դրա համար էլ ես ատամներով պահում եմ այս ոլորտն ընտրած երիտասարդներին, ոգևորում եմ, աշխատում եմ նրանց վարձատրությունն ավելացնել պարգևատրումների միջոցով, որպեսզի խրախուսեմ նրանց, իրենց ընտրությունը: Ասեմ, որ շատ քիչ երիտասարդներ են ընտրում գյուղատնտեսության ոլորտը, որովհետև սա ծանր ու դժվար ոլորտ է, պատասխանատվությունն էլ՝ ահռելի մեծ։

- Ձեզ դժվար չէ՞ այսօրվա գյուղացու հետ խոսելը։ Ի՞նչ եք խոսում տանջված, հիմնականում սոցիալապես անապահով, աչքը որդիների ճամփին գցած մարդկանց հետ։

- Նշանակման հենց առաջին օրից ես փորձել եմ մեր միջև հավասարության նշան դնել։ Անգամ հագուկապս եմ փոխում գյուղեր գնալիս. առանց փողկապի, ավելի հասարակ եմ հագնվում։ Գյուղացիներն իմաստուն են և ամեն ինչ շատ լավ են հասկանում. Նրանք բոլորիցս լավ գիտեն, որ մենք պիտի պահենք մեր հողը՝ այն մշակելով։ Ես նրանց հետ անկաշկանդ խոսում եմ և՛ մեր խնդիրներից, և՛ բացթողումներից, որոնք նոր չեն առաջացել, այլ կուտակվել են տարիների ընթացքում: Նրանց ասում եմ, որ մենք միասին պետք է այդ խնդիրներին լուծում տանք, մանավանդ, որ պետությունը ձեռքերը ծալած չի նստել, օժանդակության ահագին ծրագրեր է իրականացնում այս ոլորտում, փորձում է կանգնել գյուղացու կողքին, թեթևացնել նրա հոգսը: Մեր հողը ո՞վ պիտի մշակի, ո՞վ պիտի կերակրի մեր ժողովրդին, ո՞վ պիտի պահի մեր հայրենիքը։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել