1in.am-ը գրում է.

Դեղձը տարբեր ծավալներով մթերելու պատրաստակամություն հայտնել է 17 ընկերություն: Խոշոր մթերումներ կիրականացնեն՝ Արտաշատի պահածոների գործարանը, «Նոյյան» բնական հյութերի գործարանը, «Արարատ» սննդի կոմբինատը (եթե հասցնեն` կմթերեն իրենց գործարանում, եթե ոչ՝ մթերումները կկազմակերպեն Էջմիածնի պահածոների գործարանում): Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: 

«Տավուշի մարզում արդեն արտահանում է սկսել «Սպայկա» ընկերությունը, իսկ Այրումի պահածոների գործարանում կմթերվի վերամշակվող դեղձը»,- ասաց նա: 

Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակիչ Գագիկ Բաբոյանը, ով դեղձի այգի ունի, չի կարողանում իրացնել բերքը: «Ոչ մեկն էլ չի գալիս տանում, ոչ մեկն էլ ոչ մի բան չի անում, մարդիկ օրը մեկ տուփ դեղձ են հավաքում, մնացածը ծառերի տակ փտում է: Մերը կեսը լցրել ենք օղու համար, մի 5 տոննա էլ թափվել է ծառերի տակ: Այրումի գործարանն էլ չի աշխատում, որ տանենք՝ հանձնենք»,- իր մտահոգությունը հայտնեց Գագիկ Բաբոյանը: 

Տավուշի մարզի Կողբ գյուղի նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանը նշեց, որ համայնքը մոտ 1500 տոննա դեղձ է արտադրում, որից 1000 տոննան չի իրացվում: Հատուկենտ վրացիներ փոքր ծավալով գալիս տանում են, գները, կախված որակից, տարբեր են՝ 150, 200, 300 դրամ: Նրա տեղեկություններով՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Այրումի պահածոների գործարանում հոսքագիծ ունի, բերքահավաքի վերջին 15 օրում, ըստ Կողբի նախկին գյուղապետի,գալիս ընդունում են մոտ 300 տոննա դեղձ, այն էլ՝ ընտրովի: 

Նրա խոսքերով՝ հարյուրավոր հեկտարներով դեղձի այգիներ կան, լուրջ քանակությամբ դեղձ է արտադրվում, գյուղացիներն ինչքան կարողացան՝ վաճառում են, մանացածից օղի են քաշում: Արսեն Աղաբաբյանը նշեց, որ դեղձը ծիրանի նման չէ, շուտ է փչանում, Ռուսաստան էլ չեն կարողանում արտահանել: 

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը տեղեկացրեց, որ հուլիսի 24-ին նախախարը խորհրդակցություն էր հրավիրել, ներկա են եղել նաև վերամշակողներն ու արտահանողները:

«Հիմնական նպատակը արտահանման և մթերման գործընթացը կազմակերպելն էր: Վերամշակող կազմակերպություններն էլ, արտահանողներն էլ պատրաստակամություն են հայտնել դեղձը մթերելու, վերամշակելու եւ արտահանելու: Անցած շաբաթ եղել եմ նաև Տավուշի մարզում, էլի դեղձի մթերման գործընթացը նախապատրաստելու համար»,- ասաց Ռոբերտ Մակարյանը: Նրա տվյալներով՝ Տավուշում, որտեղ ամենաշատն է դեղձի արտադրությունը, հասունացել է վաղահաս դեղձը, որը վերամշակման և մթերման ենթակա չէ: Մթերվում և արտահանվում է միջահաս դեղձը: 

«Նոյեմբերյանում հասունացել է վաղահաս դեղձը, որը վերամշակման և մթերման ենթակա չէ: Այրումի գործարանը դեռևս չի աշխատում, քանի որ մասսայական բերքահավաքը չի սկսվել, կմթերվի դեղձը, կտեղափոխվի Արտաշատի պահածոների գործարան և կվերամշակվի»,- պարզաբանեց գյուղատնտեսության փոխնախարարը: 

«Մթերման սորտավորում չկա, իրենք դեղձի ջեմ են սարքում կամ էլ՝ կիսաֆաբրիկատներ, որից բնական հյութ են ստանում: Տարբերություն չկա շուտ հասնող դեղձն է, թե՝ ուշ հասնողը»,- նշեց Տավուշի մարզի Կողբ գյուղի նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել