Ինտերնետով երկրի նորություններին-բանին էի ծանոթանում, հատկապես գիտությանը վերաբերող նորություններին, մեր փառապանծ, բայց էսօրվա դրությամբ խեղճացրած գիտությանը, հանկարծ անսպասելիորեն թեմայից դուրս մի նյութ ընկավ աչքիս՝ Հռոմի Պապի մասին: Դե, մեր հոգևոր առաջնորդների հայտնի արարքներից հետո ասացի՝ տեսնեմ Պապի՞ մասին ինչ են գրում: Կարդացի ու հոգիս փառավորվեց. շա՜տ հարգեցի էդ արժանավոր մարդուն. ա՜յ փառահեղ մարդ: Դե թող մերոնք գնան ու իր մոտ ա՛շկերտ դառնան:

Ես, որ ամեն տեսակ բանով շատ էլ տարվող մարդ չեմ՝ մինչև հիմնավոր չտնտղեմ, հազար ձևի չհետազոտեմ, խոսք չեմ ասի, էս նյութից միանգամից էնպես հիացա, որ որոշեցի բառացի ներկայացնել ձեզ, հարգելի ժողովուրդ՝ Կաթոլիկ եկեղեցու ղեկավար Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ը քննադատել է թանկարժեք մեքենաներով շրջելու՝ հոգևորականների ձգտումը. «Ես ցավում եմ, երբ տեսնում եմ, թե ինչպես է հոգևորականը կամ միանձնուհին երթևեկում վերջին մոդելի մեքենայով: Պետք չէ այդպես անել: Մեքենան անհրաժեշտ է այն բանի համար, որպեսզի հնարավոր լինի գործել այլոց բարօրության համար, սակայն մեքենայի ընտրությունը ավելի համեստ պետք է լինի: Եթե դուք սիրում եք յուրօրինակ ժամանակակից մեքենաներ, ապա հիշեք, թե ամբողջ աշխարհում որքան երեխա է սովի մատնված»:

Հիշեցնեմ, որ սա ե՛ս չեմ ասել, այլ Հռոմի Պա՛պը:

Հետազոտությանս արդյունքում պարզեցի էլի՛ հետաքրքիր ինֆորմացիա՝ առ այն, որ Հռոմի Պապն իր իսկ ապրելակերպով է ցույց տալիս իսկական հոգևորականի օրինակ՝ հրաժարվելով ոսկյա խաչից ու ադամանդակուռ մատանուց: Ըստ ձեռք բերածս տվյալների՝ նա հրաժարվել է նաև Պապի հանար նախատեսված շքեղ կացարանից ու ապրում է համեստ մի բնակարանում:

Փառահե՜ղ մարդ: Չգիտեմ՝ դուք՝ ո՜նց, բայց ես՝ Արամս, հիացմունքից տեղս չեմ գտնում: Դե հիմա, հայ ժողովուրդ, եկեք միասին համեմատություն անցկացնենք, եթե իհարկե կկարողանանք համեմատության եզրեր գտնել: Եկեք անկեղծորեն խոստովանենք, որ բոլորս էլ, մի մարդու նման, էս տողերը կարդալով հիշեցինք մի բենթլի ավտոմեքենա ու նրա հարգարժան տիրոջը: Իսկ ինչո՞ւ միայն բենթլու տերը. եթե մեր հոգևոր առաջնորդը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ու էլի շատ հովիվներ, հրաժարվեին աշխարհիկ որոշ շքեղություններից, ինչքա՜ն բարի գործեր կարող էին անել:

Ես՝ Արամս, իմ սեփական նախաձեռնությամբ, նաև ընկերներիս խնդրանքով, նստեցի ու միտք արեցի՝ ի՞նչ անել, որ նրանց շքեղամոլությունը քննադատության թիրախ դառնալու աստիճան աչք ծակող չլինի, որ բարության դասերը նրանք տա՛ն ժողովրդին և ոչ թե առնե՛ն: Մտածում եմ ու, բնականաբար, գտնում պատասխանը, ինչն էլ ներկայացնում եմ ձեզ:

Առաջին հերթին միասին ճշտենք՝ արդյոք Հայ Առաքելական եկեղեցին ունի՞ առաքելություններ և որո՞նք են դրանք: Բնականաբար, քրիստոնեական եկեղեցու առաջին առաքելությունը բարությունն է. թույլին, հիվանդին հուսահատվածին օգնելը: Բա էդ ո՞նց են օգնում, եթե այսօր, ելնելով ստացած նվազագույն աշխատավարձից, ամենաթույլ խավը գիտնականներն են, իսկ եկեղեցականներն այնքան հեռու են իրենց պահում գիտնականներից, որքան հեռու են իրարից խավարն ու Լույսը:

Եթե անգամ Հռոմի Պապն է ասում, որ իսկական հոգևորականը չպիտի ապրի ճոխությունների մեջ, ապա ի՞նչ է նշանակում մեր Կճոյանի բենթլին, հոգևորականների՝ տարբեր բիզնեսներում ներգրավվածությունը, մինչև անգամ գծատեր լինելը: Եթե հոգևորականն իր համեստությամբ ու խոնարհությամբ օրինակ պիտի ծառայի մեր ղեկավարությանն ու հասարակ ժողովրդին, ապա էդ ինչպե՞ս նա չի նկատում եկեղեցու գմբեթներից ու խաչից բարձր, օլիգարխների երկինք խոյացած դղյակները:

Կամ ո՞նց եք բացատրում էդքան նոր եկեղեցիների կառուցումը, եթե երկրում կան սովյալներ ու հսկայական թվով անտուններ: Բոլորս ականատես եղանք այն սահմռկեցուցիչ տեսարանին, Երբ Ծառուկյանն իր նոր կառուցած եկեղեցու առիթով ճաշկերույթ էր կազմակերպել: Ժողովուրդը, ինչպես Վարպետն է ասում՝ «իրար կոկորդից պատառ էր հանում»: Բա մեր հոգևոր հովիվները չասացի՞ն, որ սոված ժողովրդի համար կացարաններ ու ճաշարաննե՛ր է պետք կառուցել և ո՛չ թե նոր եկեղեցիներ՝ ուսուցողական նպատակով օգտագոևծելով Ջիվանու տողերը՝

-Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար, Բնակիչները՝ հայ, մոտ քսան հազար. Իրանք սնունդ չունին ապրելու համար, Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։

Ես շատ մտածեցի և եկա այն եզրակացության, որ մեր եկեղեցին պիտի կատարի ռեֆորմ, և այդ ռեֆորմի առաջին քայլը, կաթոլիկ եկեղեցու նման, պիտի լինի՝ քավել իր մեղքը գիտության հանդեպ: Նա դեռ պարտավո՛ր է հրապարակավ ներողություն խնդրել՝ դարեր շարունակ մտավորականությանը տեռորի ենթարկելու և իր կղերական մութով Լույսի դեմ աննահանջ պայքար մղելու համար: Նա պարտավո՛ր է իր զղջումն արտահայտել Կոմիտասի, Խ. Աբովյանի և շատ-շատերի հարցում:

Եթե մեր Հայ Առաքելական եկեղեցին իրոք ուզում է իր դեմքը մաքրել, ռեֆորմի երկրորդ կետով պարտավո՛ր է հաշվի նստել պետության վիճակի հետ, դադարեցնել նոր եկեղեցիների կառուցումն ու հորդորել օլիգարխներին, որ հիմա արդեն ձևը փոխվել է՝ 7 պորտով օրհնվում է ո՛չ թե եկեղեցի կառուցողը, այլ աղքատներին ու սովածներին ձեռք մեկնողը: Կառուցե՞լ եք ուղում, կառուցեք բնակարաններ երիտասարդ գիտնականների համար: Անտուններից շատերը երիտասարդ գիտնականներն են: Բա ամուսնանում են երիտասարդ գիտնականները՝ ամեն ամիս ունենալով 35հազար+35հազար=70հազար դրամ գումար ընտանեկան բյուջեում: Դրանով հա՞ց առնեն, կոմունալի ու տրանսպորտի ծա՞խս հոգան, թե՞ ՏՈՒՆ կառուցեն, ո՞նց եք պատկերացնում էդ հարցը, բա երիտասարդ գիտնականը զավակ չունենա՞, սերունդ չտա՞: Պարզ չի՞, որ կթողնեն կգնան երկրից, իսկ ո՞վ պայքարի արտագաղթի դեմ, ո՞ւմ գործն է դա՝ իշխանությունների՛, հասկացա՛նք, բա եկեղեցու պարտականությունների մեջ հե՞չ չի մտնում:

Ես՝ Արամս, նրբանկատ մարդ եմ և ամենևին չեմ ցանկանում դիպչել հավատացյալների զգացմունքներին, և ամենևին անհավատության քարոզ չեմ անում, ընդհակառակը՝ համարում եմ ճիշտ Վոլտերի էս խոսքերը՝Եթե աստված չլիներ, արժեր նրան հորինել: Ես էդ բոլորը լա՜վ հասկանում եմ, հո երկնքից չե՞մ իջել՝ մեր որոշ հոգևորականների պես: Ես ժողովրդի մեջ եմ ու ժողովրդի հետ, ու հատկապե՛ս գիտնականների: Բայց և ազնի՛վ մարդ եմ, և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ մեր եկեղեցին արդեն չափազանց է խայտառակված. նա կարծում է, թե իր գործը բիզնես անելն է, գանձանակների փողերը գրպանելն ու ճոխությունների ու վայելքների մեջ ապրելը: Մարդ կա, ասում է` եկեղեցին միշտ է եղել էդպիսին, նա սովոր է եղել մարդկանց ցավերի վրա բիզնես անել։ Ա՛յ մարդ, ասում եմ, բա եղա՞վ էդպես բան ասել, բա հենց մեր Վազգեն առաջինը չէ՞ր մաքրագույն ու ազնվագույն, նաև ազնվածին մարդ, էնպես որ այդպիսի անկապ ընդհանրացումները հեչ տեղին չեն։ Բայց դե իհարկե համաձայն եմ, որ այսօր արդեն վաղո՜ւց ժամանակն է վերանայելու էսօրվա խայտառակ պահվածքը, և ոչ թե ավելի խրվելու կեղտի և նույնիսկ մաֆիայի մեջ:

Ուրեմն՝ պարոնա՛յք հոգևորականներ, ձեզ պետք է շտկել վիճակը, և էս պարագայում էլ ոչինչ չի մնում. ձեզ ռեֆո՛րմ է պետք, ռեֆո՛րմ: Ի դեպ, ռեֆորմը (բարեփոխումը, բարեշրջումը) կարող եք սկսել կամաց-կամաց, փոքր քայլերից, հենց օրինակ բենթլին ծախելուց: Մեր 100 լավագույն, արդյունավետ աշխատող գիտնականներին պետությունը, ո՜վ հրաշք, հատկացրել է 1 տարով 100 հազարական դրամ: Էս բոլորը որ գումարենք-բազմապատկենք, կլինի մի բենթլու գնից ընդամենը մի քիչ շատ:

Հիմա ասելիքս ո՞րն է՝ արդյունավետ աշխատող հո ընդամենը 100 գիտնական չունենք, դե երկրորդ 100-ի գումարն էլ՝ բենթլուց: Դա, հարգելի՛ պարոնայք հոգևորականներ, միանգամից 2 հարց կլուծի՝ հա՛մ մասամբ կմաքրեք ձեր դեմքը գիտնականների առաջ, հա՛մ էլ մասամբ կվերականգնեք կորցրած հարգանքը հոտի առաջ: Դե համ էլ, Հռոմի Պապի հիշեցմամբ, խոսքս բենթլուց սկսեցի, բենթլու վրա էլ եզրափակեմ:

Էնպես որ, ես իմն ասացի, մտածե՛ք… Մեր եկեղեցուն անհրաժեշտ են գիտահենք ռեֆորմներ:

Նյութի աղբյուր՝ http://www.armversion.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել