Aysor.am-ը գրում է.
Գեղեցիկ և խնամված ոտքեր ունենալը յուաքանչյուր կնոջ ձգտումն է: Սա առավել արդիական է դառնում ամռան ամիսներին, երբ մենք հագնում ենք բաց կոշիկներ:
Սակայն երբեմն մեզ խանգարում են մեխանիկական վնասներից առաջացած կոշտուկները: Սկզբում ոտքի մատերի կամ կրունկի մասում առաջանում է կարմրություն, այտուցում է մաշկի որոշ հատված, որն էլ վերածվում է ջրաբուշտի: Նման դեպքերում պետք է պարզապես կպչուն սպեղանի դնել կամ էլ մանգանաթթվի թունդ լուծույթով մանրէազերծել: Ամռանը կարելի է եզան լեզվի աղացած տերև դնել վերքի վրա :
Իսկ եթե ջրաբշտերը վերածվել են կոշտուկների կարելի է օգտագործել հետևալ միջոցը` պայքարելու այդ տհաճ գոյացությունների դեմ: Այսպիսով՝ 2 լ տաք ջրին ավելացնել է 1 թեյի գդալ սոդա և 1 ճաշի գդալ տնտեսական օճառ: Ոտքերն այդ ջրի մեջ պահել 20-30 րոպե: Այսպիսով կարելի է կոշտուկները փափկացնել, դրանից հետո ոտքերը պատել յուղոտ քսուքով:
Արդյունավետ է նաև եզան լեզվի տերևներից ու վաղենակից (կալենդուլա) պատրաստված եփուկ օգտագործելը, որի համար 2 լ եռման ջրին պետք է ավելացնել 4 ճ. գդալ նշված բույսերի տերևներից (մանրացված) ու թրմել, ապա քամել: Այս միջոցը նաև հակաբորբոքային հատկություն ունի:
Ի դեպ, անհարմար կոշիկից առաջացած կոշտուկները ժամանակի ընթացքում անհետանում են, իսկ այն կոշտուկները, որոնք նույնիսկ կոշիկը փոխելուց հետո էլ չեն վերանում, կարող են օրգանիզմում կատարվող փոփոխությունների ահազանգ լինել: Այդ իսկ պատճառով պետք է լինել հետևվողական և խորհրդակցել բժշկի հետ: