Վաղվանից սկսվելու է քաղաքացիական դիմադրության մասին բազմազան վերլուծությունների, գնահատականների, ասուլիսների մարաթոնը: Տրանսպորտի թանկացման դեմ իսկապես մաքուր քաղաքացիական դիմադրությունը փաստում է, որ Հայաստանում տեղի է ունենում հասարակության բնական էվոլյուցիա: Ամեն ինչից զատ այդ էվոլյուցիայի գլխավոր արդյունքն այն է, որ ակնհայտ դարձրեց, որ Հայաստանում հասարակական խնդիրների միակ կրողը կուսակցությունները չեն, ավելին` նրանք իրենց ավանդական աղճատված դերով սպառել են իրենց և անգամ խանգարում են կոնկրետացնել խնդիրները, ձևավորել դրանց լուծման ռացիոնալ վարքագիծ: Կուսակցությունները հիմնականում ֆիկտիվ պայքարել են զուտ իշխանության համար` դնելով «համակարգային» փոփոխությունների ոչ համարժեք պահանջներ: Մաքսիմալիստական գործելաոճը, պոպուլիզմը, որով թաքցվել են զուտ անձական շահերը, իրենց սպառել են: Այսօր կուսակցությունների մեծ մասը ոչնչով չի տարբերվում գծատերերից:

Կուսակցությունների պայքարի արդյունքում չի լուծվել ոչ մի կոնկրետ խնդիր` ոչ իրական քաղաքական, ոչ սոցիալական, որոնք էական նշանակություն կունենային: Հետևաբար այսօրվա հայաստանյան կուսակցությունների մեծ մասը պետք է ինքնալուծարվի (հենց միայն նրա համար, որ նաև որոշ չափով քաղաքացիների հարկերից են սնվում), իսկ շատ թե քիչ ամրացած մասը լիովին վերափոխվի: Կուսակցությունները պետք է սահմանագծեն իրենց և քաղաքացիական հասարակության սահմանները և չներխուժեն վերջինիս տիրույթ, չշահարկեն սոցիալական բողոքը` «քաղաքական հայտ» ներկայացնելու համար: Հասարակությունը, հասարակական համակարգը էվուլյուցիա է ապրում, դրական էվոլյուցիա, որի հաջող ընթացքը ապահովելու համար պետք է պահպանեն իրենց ապակուսակցական և ապա«քաղաքական» բնույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել