Չնայած այն բանին, որ ո՛չ Ալբերտ Էյնշտեյնը, ո՛չ Իսահակ Նյուտոնը IQ թեստավորում չեն անցել, նրանց IQ-ն համապատասխանաբար եղել է 160 և 190 : Այս մարդիկ աշխարհին հայտնի են որպես անվիճելի հանճարններ : Սակայն աշխարհում գոյություն է ունեցել մի մարդ, ում ինտելեկտուալ գործակիցը գնահատվել է 250-300-ի միջակայքում : Պատմության ամենախելացի մարդու անունը եղել է Ուիլյամ Ջեյմս Սայդիս : Նա վունդերկինդ և բացառիկ մաթեմատիկոս էր, պոլիգլոտ և շնորհալի հեղինակ : Սակայն, ցավոք, քիչ մարդիկ են տեղյակ նրա մասին :

Ուիլյամը ծնվել է 1898 թ. Նյու Յորքում : Նրա հայրը՝ Բորիսը, հայտնի հոգեբան էր, որը չորս գիտական աստիճան է ստացել Հարվարդի համալսարանում : Մայրը բժշկական գիտությունների դոկտոր էր : Հաշվի առնելով, որ ծնողները ևս հանճարներ էին, սպասելի էր, որ Ուիլյամ Ջեյմս Սայդիսը փայլուն գիտնական կդառնա :

1,5 տարեկանում Ուիլյամն ունակ էր ընթերցելու The New York Times պարբերականը : 8 տարեկանում նա ինքնուրույն սովորել էր լատիներեն, հունարեն, ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, թուրքերեն և հայերեն : Բացի այս լեզուներից նա ստեղծել էր սեփական լեզուն, որն անվանել էր վենդերգուդ :

Իմանալով որդու բացառիկ ունակությունների մասին՝ Ուիլյամի հայրը որոշեց երեխային Հարվարդ ընդունել, սակայն նրան մերժեցին, քանի որ այդ պահին տղան ընադամենը 9 տարեկան էր : Երկու տարի անց, այնուամենայնիվ, Ուիլյամին ընդունեցին, և 1909 թ. նա դարձավ ամենաերիտասարդ մարդը, որն ընդունվել է Հարվարդ :

1910 թ. նրա մաթեմատիկական ունակություններն այնպիսի բարձունքների հասան, որ տղան սկսեց դասախոսություններ կարդալ իր դասախոսների համար՝ վունդերկինդի «կոչում» ստանալով : 16 տարեկանում նա արվեստի բակալավրի աստիճան ստացավ : Համալսարանն ավարտելուց հետո Ուիլյամը լրագրողներին հայտնեց, որ կցանկանար «կատարյալ կյանքով ապրել», ևորպես այդպիսին նրա համար հանդիսանում է մեկուսացումը : Նա նաև ավելացրեց, որ երբեք չի ամուսնանա, քանի որ կանայք նրան չեն գրավում :

Ուիլյամին փոքր տարիքում դուր էր գալիս սովորելը, սակայն երբ նա մեծացավ, ամեն ինչ փոխվեց, և իր դժբախտության մեջ նա մեղադրեց հորը : Երբ Բորիսը մահացավ 1923 թ., Ուիլյամը հրաժարվեց ներկա գտնվել հոր հուղարկավորությանը :

Ուիլյամը հասարակ ու ցածր աշխատավարձով աշխատանք էր կատարում, սակայն մեծ հայտնիություն էր վայելում : 1924 թ., երբ լրագրողները հայտնաբերեցին, որ նա շաբաթական ընդամենը $23 է ստանում, նրա Ուիլյամի անունը կրկին հայտնվեց թերթերի առաջին էջերին, սակայն այս անգամ լրագրողներն արդեն ծաղրում էին նրան՝ ասելով, որ հանճարն այլևս ունակ չէ անելու այն, ինչ կարողանում էր անել մանուկ հասակում : Դա չէր համապատասխանում իրականությանը, քանի որ մինչև կյանքի վերջին պահը Ուիլյամը արժեքավոր բազմաթիվ աշխատություններ է հեղինակել :

Նա սոցիալիստական հայացքներ ուներ և Առաջին աշխարհամարտին դեմ էր ատահայտվում : 1919 թ. նրան ցույցի համար ձերբակալեցին, իսկ ցույցը վերաճեց Բոստոնի անկարգություններին : Ուիլյամը ենթարկվեց 18 ամիս ազատազրկման : Սակայն ծնողները եղանակ գտան որդուն ազատելու և նրան հանգստարանում պահեցին երկու տարի :

Ուիլյամն իր կյանքն անցկացրեց լիարժեք միայնության մեջ : Նա մեկուսացել էր ընտանիքից, աշխատում էր որպես մեխանիկ՝ օրվա ապրուստը հոգալու համար : 1944 թ. անհայտության և աղքատության մեջ 46-ամյա Ուիլյամը մահացավ ուղեղի արյունազեղումից :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել