
![]() |
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Երրորդ-չորրորդ օրն է` Երևանում հասարակական տրանսպորտի երթուղիներում շարունակվում են «պարտիզանական» կամ «տեղային բնույթի» մարտերը… Օրեցօր վերանայվում, կատարելագործվում է մարտավարությունը, վերանայվում «մարտերի» տակտիկան և ստրատեգիան…
Ի՞նչն է պատճառը, և ի՞նչ պետք է արվի...
Պատճառը «տնավարի», «աչքաչափով» որոշված սակագինն է, որը հենց միանգամից կասկած հարուցեց իր անտրամաբանությամբ, անհասկանալի մեթոդոլոգիայի և գրեթե «տապոռային» մոտեցմամբ, առանց հրապարակայնության ապահովման, առանց քննարկումների: Իսկ հիմա արդեն «լուրջ մարտերից» հետո հետախուզական-տնտեսագիտական ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տալիս նույնիսկ ստվերայնության և եկամուտների «այսբերգյան» հաշվարկների հնարավորությունը…
Ձնագնդիկը գլորվելով մեծ ձնագնդի է վերածվում ու գնալով կարող է մեծանալ, ահագնանալ, դառնալ շատ վտանգավոր: Դուք պատկերացրեք սովորական, միջին կամ միջինից ցածր հնարավորություն ունեցող ընտանիք, որտեղ բոլորը աշխատում են կամ սովորում, գնում երաժշտական կամ մարզական դպրոց: Իսկ եթե ընտանիքը մե՞ծ է... Նրանց, մեղմ ասած, չափավոր աշխատավարձի պայմաններում ահավոր մեծ տեսակարար կշիռ են կազմում տրանսպորտի ծախսերը, որի անգամ 10 դրամով թանկացումը, սպասվելիք «դաժան» ձմեռվա պայմաններում, հաշվի առնելով գազի և էլեկտրաէներգիայի թանկացումը, դառնում է մի մեծ ողբերգություն այդ ընտանիքների համար:
Ինձ թվում է` արագ, շատ արագ անհրաժեշտ է վերանայել սակագինը, կրկին քննարկել` հաշվի առնելով տարբերակված, խելամիտ հաշվարկները և ի վերջո հնարավորինս կրճատել ստվերն այդ ոլորտում, դրա հաշվին իջեցնել արդեն իսկ նոր սահմանված տրանսպորտի ուղեվարձի վարձավճարը կամ թողնել հինը: