Ադմինիստրացիայի որոշումների ու գործողությունների թափանցիկությունը ոչ թե PR (բանալ մի բան, որ կարծես թե արդեն յուրացվում է) խնդիր է, այլ՝ արդյունավետության և անգամ՝ սոցիալական համաձայնությունների:

Մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ Հայաստանի նման աղքատ երկրներում ադմինիստրացիան ավելի հաճախ պարտադրված է լինում կապիտալի շահերը պաշտպանել, քան սպառողների, նույնն է թե՝ քաղաքացիների (մտածող ու գիտելիքների ունեցող մարդկանց այս միտքն ակնհայտ է, և մանրամասնելու անհրաժեշտություն չկա, իսկ չիմացողների համար մանրամասնելն առավել ևս անիմաստ է, որովհետև, միևնույն է, չես համոզի):

Ահա, երբ որոշումներն ու գործողությունները թափանցիկ ու բավարար հիմնավորված չեն, քաղաքացիներն ադմինիստրացիայի հանդեպ անվստահության բավարար ու արդարացի հիմք են ունենում: Սա էլ իր հերթին առավել քան բավարար է սոցիալական համաձայնությունների ցանկացած իսկ հնարավորություն բացառելու համար:

Ավելի քան ակնառու է նաև, որ ադմինիստրացիայի որոշումների ու գործողությունների ոչ թափանցիկությունը կոռուպցիոն ռիսկերը գործնականում անսահմանի հասցնելու բավարար նախապայման է:

Հայաստանում ադմինիստրացիան սովոր չէ, չի ուզում կամ չի կարողանում թափանցիկ լինել: Երբեք թափանցիկ չի եղել, ու այստեղից էլ՝ վատ կառավարում, կոռուպցիա, սոցիալական համաձայնությունների հիմքերի քայքայում ու վերջինը, որը սակայն վերջինը չէ ըստ կարևորության՝ չնայած օրենսդրական և իրավական բոլոր հիմքերի առկայության՝ Հայաստանում կապիտալը այդպես էլ չի լեգիտիմանում:

Հայաստանում եղած կապիտալը ազգային կապիտալ է: Այն պետք է լինի կապիտալիստների «ձեռքին» ու բարիք արտադրի, առաջին հերթին՝ աշխատանք: Աշխարհի կայացած մասում սա հասկացել են անցած դարի սկզբներին, ու այս գաղափարը կարևորագույն իստիտուցիա է դարձել հիմնականում Մեծ ճգնաժամի տարիներին (ես այս մասին գրել եմ 6 տարի առաջ):

Հայաստանում կապիտալը պաշտպանվածության ու լեգիտիմացման լուրջ խնդիր ունի (ավելի պարզ ասած՝ պաշտպանված չէ ու լեգիտիմ չէ), ու այս ճանապարհին կարևորագույն օղակ է կապիտալի սոցիալական լեգիտիմացումը: Սրա ընթացքն էլ գաղտնիք չէ՝ կապիտալը պետք է նախաձեռնող լինի իր շուրջը սոցիալական բուֆերների ու սոցիալական համաձայնությունների ձևավորման գործում:

Չնայած մանր մունր բարեգործությունների (որ սոցիալական ակցիայի տեսանկյունից իրականում այլ նշան են ներկայացնում, քան սոցիալական կոնվենցիան է)՝ կապիտալը հակառակն է անում: Սա արդեն վտանգավոր է ոչ միայն կապիտալի, այլ նաև՝ ողջ Հայաստանի համար:

Իմ աշակերտներին ես բացատրում եմ, որ Հայաստանը դեռ  «վայրի կապիտալիզմի» փուլում է՝ գումարած ֆեոդալիզմի ինչ-ինչ տարրեր (այս մասին էլ եմ գրել 6 տարի առաջ, իսկ մեկ այլ նյութում Երևանի կենտրոնի կառուցապատումը դիտել եմ ֆեոդալական միջնբերդին բնորոշ նշանների համակարգում): Բայց մեկ այլ բան էլ եմ բացատրում իմ աշակերտներին՝ մշակույթը ձևավորվում է ոչ միայն սեփական իրավիճակի հիմքով, այլ նաև՝ լեզու – մշակութային ֆենոմեններ՝ փոխազդեցությունների համատեքստում: Ահա, մեր լեզու վաղուց է յուրացրել կապիտալի սոցիալական միսսիան՝  որպես ֆենոմեն. այն պետք է և կարող է մշակույթ դառնալ: Ազգային կապիտալը տնօրինողները պետք է լրջորեն մտահոգվեն ստեղծված իրավիճակով ու որակապես նոր նախաձեռնությունների տեր դառնան: Բոլորս նույն նավում ենք:

Վերջերս հաճախ եմ գրում ու խոսում (այս թեմայով լեկցիա եմ արել ու վաղ թե ուշ դրա վերծանումը կտեղադրեմ մեր կայքում) ակտիվիզմի ու այսպես ասած «քաղաքացիական ակցիոնիզմի» մասին: Ինձ առավել քան մտահոգում է այն փաստը, որ արտաքնապես որպես քաղաքացիական դիտվող ակցիաներին որպես կանոն ակցիայի հավանական շահառուները չեն մասնակցում: Հայաստանում ձևավորվել է պրոֆեսիոնալ ակտիվիստների մի շերտ, և հենց նրանք էլ մասնակցում ու նախաձեռնում են բողոքի տարբեր ակցիաներ: Այս պարագայում քննարկելի է ակցիայի մասնակիցների մոտիվացիան (բոլոր հնարավոր քննադատներիս հանգստացնեմ՝ հարցը դիտում եմ զուտ սոցիալական կոնֆիգուրացիաների տեսության հարթությունում ու ոչ երբեք՝ պրակտիկաների և առօրեականության): Բայց սա երկրորդական է ի վերջո: Առավել կարևոր է և փորձը ցույց է տալիս, որ այս՝ պրոֆեսիոնալ ակտիվիզմն այդպես էլ չի վերաճում իրական քաղաքացիական ակտիվության ու ակցիաների, երբ դրանք նախաձեռնում և իրացնում են բուն շահառուները: Որպես հետևանք՝ սոցիալական ակցիան մնում է քվազիքաղաքցիության հարթությունում, արգելակվում են սոցիալական նոր կոֆիգուրացիաների ու, համապատասխանաբար, նոր գաղափարների ձևավորումը: Ու ամենակարևորը՝ սոցիալական համաձայնությունների «դուռը» փակվում է նաև այս հարթությունում:

Կարող եմ երկար խոսել, բայց երևի բավարարվեմ այսքանով :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել