Այդպես էլ գլուխ չհանեցի մեր՝ իրենց ընդդիմություն հորջորջող քաղաքական ուժերից: Ավելի շուտ գլուխ հանեցի, բայց էդ հանածս շատ անմխիթար պատկեր ա ստեղծում. փաստորեն ընդդիմությունն էլ ավելի ցինիկ է, քան իշխանությունը, որովհետև եթե իշխանության հետ ոչ մի ողջախոհ մարդ էլ լավ հույսեր չի կապում, ապա ընդդիմությունը՝ հատկապես նախընտրական փուլում, վեր է ածվում սրբերի մի ծաղկաբույլի, ովքեր պատրաստ են էլ հացադուլ անել, էլ չլողանալ ու չթրաշվել, էլ միտինգներ հավաքել, էլ մարզային շրջագայություններ անել ու էլի եսիմ ինչ՝ «Հանուն ժողովրդի» շահերի... Իսկ հենց ավարտվում են ընտրությունները, ու հերթական ընդդիմադիրը, կամ ընդդիմադիրների խումբը հերթական ֆիասկոն է ապրում, ասես նրանց հետաքրքրությունն էլ կորում է ժողովրդի նկատմամբ:
Այլապես ինչպե՞ս բացատրել այն, որ երբ Երևանն է սկսել զարթնել, ոչ մի լուրջ քաղաքական ֆիգուր ոչ եկել աջակցել ա, ոչ էլ քննադատել ա, եթե համարում ա, որ սխալ բան ա արվում, իսկ ամենապատկերավոր օրինակը մեր աղոթարար Րաֆֆունն է, ով հոլիվուդյան ժանրի բոլոր կանոններով շոու արեց ընտրությունների ժամանակ, հիմա էլ իրա համար իրիկունները Օպերային մոտ զբոսնում է ու ըստ Ստյոպա Սաֆարյանի խոսքերի՝ «Մարզային շրջագայությունների» մեջ է... Հա, շատ հրատապ հարցեր կան մարզերում երևի, որ առանց Րաֆֆի չէին լուծվի:
Իմաստուններից մեկն ասել է, որ քաղաքականությունը հնարավորի արվեստն է, ու եթե ինչ-որ մեկը չի օգտվում հնարավորությունից, ուրեմն նա ոչ լավ քաղաքական գործիչ է, ոչ էլ կարող է հավակնել հասարակության լայն շերտեր առաջնորդելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել