
Հետազոտություւնները ցույց են տվել, որ ինչպես մարդը, կապիկները նույնպես կարող են հիշել տարիներ առաջ իրենց հետ կատարվածը: Սա ցույց են տվել մասնավորապես շիմպանզեների և օրանգուտանների վրա կատարված փորձարկումները:
Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում կապիկները պետք է կարողանային հիշել 3 տարի առաջ իրենց աչքի առաջ թաքցրած սնունդ հայթայթելու համար նախատեսված գործիքները:
Մտնելով նույն դասավորությամբ սենյակ, ինչ երեք տարի առաջ` կապիկներից պահանջվել է ընդամենը 5 վայրկյան, որպեսզի նրանք գտնեն գործիքները: Իսկ կապիկների այն խումբը, որոնք 3 տարի առաջ չէին տեսել թաքցված գործիքները, մնացին շփոթված:
Գիտնականներն ապշել էին կապիկների այսպես արագ արձագանքելուց ու 3 տարի վաղեմության իրադարձությունները հիշելու կարողությունից: Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են «Current Biology» գիտական հանդեսում:
Հետազոտության գլխավոր պրոֆեսոր Գեմա Մարտին-Օրդասը` Դանիայի Օրհուսի համալսարանից, նշում է. «Հետազոտությունները ցույց տվեցին, որ նրանք ուղղակի պատահականորեն չգտան արկղերն կամ էլ փնտրելով հայտնաբերեցին դրանք, այլ որ նրանց գործողությունները ուղղորդվում էին նրանց հիշողություններով»:
Շիմպանզեները և օրանգուտանները մասնակցել են նույն գիտնականների թիմի կողմից իրականացվող բազմակի հետազոտությունների: Եվ հետազոտողները համոզվել են, որ կապիկների մոտ արթնանում է տարիների վաղեմության` նույն մարդկանց, տեղանքի և առաջադրանքի հիշողությունը: Պրոֆեսոր Մարտին-Օրդասը նշում է, թե իրենց տվյալներն ու հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ կենդանիների մասին ձևավորված մարդկանց կամ գիտնականների պատկերացումները հնացել են ժամանակի ընթացքում, և նոր հետազոտությունների ու բացահայտումների կարիք է զգացվում: