Այսօր իմ մեքենայով անվճար տեղափոխել եմ 15 ուղևորի՝ գծատերերին պատճառելով 2000 դրամից ավելի վնաս: Եվ սա դեռ միայն սկիզբն է: Ասեմ ավելին, այսօր մեր նմանները մի քանի տասնյակ անգամ շատացել էին, բոլոր կանգառներում, որտեղ կանգնում էի, որ մարդ վերցնեմ, արդեն միակը չէի: Ոնց որ թե տեղից շարժվում ենք, և վերջապես հիացա իմ ազգով: Ո՞վ էր ասում, թե մենք ստրուկ ենք, ոչխար ենք: Ոչ, ստրուկ չենք, ոչխար էլ չենք, թասիբ ունենք, և դա երևաց: Կոչ եմ անում բոլոր մեքենա ունեցողներին և տաքսիից օգտվողներին՝ միանալ մեզ, իսկ ով միացել է՝ շարունակել նույն տեմպով, քանի որ հաղթանակը սարերի հետևում չէ:Երբ մի պահ իջա մեքենայից և մոտեցա կանգառում կանգնած ակտիվիստներին և ժողովրդին և մի քանի րոպե կանգնեցի հետները, հասկացա, որ ամեն ինչ կորած չէ, դեռ կարող ենք փոխել: Նրանցից մի փոքր հեռու նույն կանգառում տեսա կանգնած գծատերերի և քաղաքապետարանի՝ 12-րդ կարգի մանկլավիկներին ու ջեպի շներին, որոնք իրենց կարճ խելքով իբրև թե հեռվից վերահսկում էին իրավիճակը, սակայն նրանց հայացքներում արդեն խուճապ էր և հուսահատություն, դա պարտվողի հայացքներ էին, քանի որ նրանք արդեն իսկ պարտվել են և պարտվելու են: Չդիմացան, թողեցին գնացին: Եվ գնալու են ոչ միայն նրանք, այլև գծատերերը: Եթե այսպես շարունակենք, կարճ ժամանակում երթուղային համակարգը կաթվածահար կլինի, որից հետո կսկսվեն գծատերերի դժվար օրերը, և այդպես մինչև նրանց սնանկացում և արտագաղթ: Գծատերեր, դուք արտագաղթելու եք: Դուք, այլ ոչ թե մենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել