
Aravot.am-ը գրում է.
«Իմ ամենաթանկ գործն է, որն արել եմ մինչ այսօր: Ներկայացումս կատարելագործվելու շատ տեղ ունի, բայց կարծում եմ սրանով ինչ-որ մեկին որեւէ բան կարող եմ ասել»,-այսօր «Չեմ բողոքում» խորագրով բարեգործական մոնոներկայացման մասին Aravot.am–ի հետ զրույցում նշեց գլխավոր դերակատար Լիաննա Վարդանյանը: Ներկայացումն ըստ Դարիո Ֆոյի եւ Ֆրանկո Ռամեյի՝ «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» պոեմի հիման վրա էր: Պատմում էր մի կնոջ մասին, ով իր կյանքն ու երազանքները նվիրել է իր ընտանիքին, իր զավակներին, իսկ սեփական երջանկության համար ժամանակ չի գտել: Դերասանուհին կարծում է, որ հայ կնոջ մոտ այս ապրելաձեւը ավելի է շեշտված`տուն, խոհանոց, երեխա, անտարբեր ամուսին. «Ուզում եմ կինը մեկ վայրկյան ավել մտածի, արդյոք ինչ է ուզում իր կյանքից` հանձնվել ու ապրել քառակուսու մեջ, թե ազատվել այդ վանդակից ու հասնել երազանքներին: Ես իրականությունն եմ ցուցադրում, լուծումը թողնում եմ հանդիսատեսին»: Դերասանուհին պնդում է, որ հայ կինը ձգտում է շատ մեծ ազատության, բայց այդ ազատության մեջ դառնում է ինքն իր գերին, չհասկանալով, թե որն է ազատությունը: Հայ կնոջ համար ինքնագնահատականն է կարեւոր: Ներկայացումը տղամարդկանց է ուղղված, կինը իր հանձնված ճակատագիրը լավ գիտի. «Դժվար է բեմում միայնակ խաղալ, բայց, այնուամենայնիվ, դու գիտես, որ պատասխանատվություն ու անկախություն ունես, ամեն վայրկյանը պետք է լցնես, դատարկ ոչինչ չթողնելով»: Ներկայացումը բարեգործական էր: «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության անդամները ցանկացել են ներկայացումից ստացված ողջ հասույթն ուղղել 6 ամյա Մարիամի բուժմանը: Սա թվով 6-րդ խոշոր մշակութային միջոցառումն էր, որ կազմակերպվել է: «Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Դիանա Բուլղադարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Մարիամը հիվանդ է Կռուզոնի գանգադիմային դիզոստոզ հիվանդությամբ եւ նրան անհրաժեշտ է շտապ վիրահատել.
Նյութն ամբողջությամբ` այստեղ