Ինձ համար պատիվ է այսօր ներկա լինել աշխարհի լավագույն համալսարաններից մեկի ավարտական միջոցառմանը: Խոստովանում եմ, ես այդպես էլ չավարտեցի քոլեջը, սակայն ես երբեք ավելի մոտ չէի եղել ավարտելու օրվան, ինչպես այժմ: Եվ ես ուզում եմ ձեզ այսօր իմ կյանքից երեք պատմություն պատմել: Միայն երեք պատմություն:
Առաջին պատմությունը կետերի փոխկապակցման մասին 
Ես դուրս եկա Ռիդ քոլեջից ընդունվելուց վեց ամիս անց, սակայն դեռ 18 ամիս շարունակում էի հաճախել դասախոսությունների և ապրում էի ուսանողական ավանում, մինչև որ վերջնականապես չհրաժարվեցի այդ ամենից: Ինչո՞ւ ես թողեցի ուսումը:
Այդ պատմությունը սկսվել է իմ ծնվելուց առաջ: Իմ կենսաբանական մայրը երիտասարդ, չամուսնացած ասպիրանտ էր, որ որոշեց ինձ տալ որդեգիրներին: Նա շատ էր ուզում, որ ինձ որդեգրեն բարձրագույն կրթությամբ մարդիկ: Եվ ամեն ինչի պատրաստ էր նրա համար, որ ինձ որդեգրեն իրավաբանի ընտանիքում: Սակայն իմ ծնվելու պահին իրավաբանն ու նրա կինը որոշեցին, որ իրենց աղջիկ է պետք, ոչ թե տղա: Այնպես որ իմ ապագա ծնողներին, որոնք հաջորդն էին հերթում, զանգեցին գիշերվա կեսին և հարցրեցին. «Մենք չպլանավորված երեխա ունենք: Տղա է: Կվերցնե՞ք նրան»: Եվ նրանք պատասխանեցին. «Իհարկե»: Հետո իմ կենսաբանական մայրն իմացավ, որ իմ իրական մայրը որևէ քոլեջ չի ավարտել, իսկ իմ հայրը նույնիսկ միջնակարգ կրթություն չունի: Նա հրաժարվեց ստորագրել որդեգրման վերջնական փաստաթղթերը: Միայն մի քանի ամիս հետո իմ ծնողները կարողացան համոզել նրան: Նրանք խոստացան, որ ինձ անպայման կուղարկեն սովորելու որևէ քոլեջում: Այդպես սկսվեց իմ կյանքը:
17 տարի անց ես այնուամենայնիվ գնացի քոլեջ: Միամտաբար ես ընտրել էի շատ թանկ քոլեջ, համարյա Ստենֆորդի նման, և իմ ոչ հարուստ ծնողների բոլոր խնայողությունները ծախսվում էին իմ ուսման վարձերը հոգալու համար: Կես տարի անց ես հասկացա, որ ուսման մեջ իմաստ չկա: Ես գաղափար անգամ չունեի, թե ինչով եմ ես ուզում զբաղվել այս կյանքում և չգիտեի, թե ինչպես կարող է քոլեջը օգնել ինձ, որ ես հասկանամ դա: Միևնույն ժամանակ ես ուսման վրա ծախսում էի այն ամենը, ինչ իմ ծնողները կուտակել էին ամբողջ կյանքի ընթացքում: Հետևաբար ես որոշեցի թողնել ուսումը` հուսալով, որ ամեն ինչ մի կերպ կկարգավորվի:
Այն ժամանակ ես ինձ շատ վատ էի զգում, բայց հիմա հետադարձ հայացք գցելով` ես հասկանում եմ, որ դա իմ կյանքի լավագույն որոշումներից մեկն էր: Ինձ հեռացրեցին: Դա նշանակում էր, որ ես այլևս պարտադրված չեմ գնալու պարտադիր դասաժամերին և կարող եմ հաճախել միայն այն դասախոսություններին, որոնք ինձ հետաքրքիր են:
Իհարկե, ամեն ինչ այդքան հարթ չէր: Ես չունեի սենյակ հանրակացարանում և ստիպված էի գիշերել ընկերներիս սենյակներում, գետնին: Ես հանձնում էի կոլայի դատարկ շշերը` հատը հինգ ցենտով, որպեսզի սնունդ գնեմ: Ամեն կիրակի ես ոտքով յոթ կիլոմետր գնում էի, քաղաքի մի ծայրից մյուսը, որպեսզի շաբաթը մեկ կուշտ սնվեմ կրիշնայականների մոտ: Այնտեղի սնունդը հիանալի էր: 
Այդ օրերին իմ բացահայտումների մեծ մասը, որ ենթարկված էր զուտ սեփական հետաքրքրասիրությանս և ինտուիցիայիս, արդյունքում անգին դարձավ: Մի օրինակ բերեմ. Ռիդ քոլեջը այն ժամանակ ձեռագրագիտության ոլորտում լավագույն կրթությունն էր առաջարկում Միացյալ Նահանգներում: Ամեն պաստառ, ամեն գրառում յուրաքանչյուր պահարանի վրա ուսանողական ավանի ցանկացած կետում ձեռագրագիտության բոլոր կանոններով և ձեռքով էին արված: Ես հեռացված էի, ես կարիք չունեի սովորական դասընթացներին հաճախել և ես սկսեցի գնալ ձեռագրագիտության դասերին: Ես բավականին բան իմացա տարբեր շրիֆտերի բաղկացուցիչների մասին, տարբեր տառերի միջև տարածությունների փոփոխականության մասին, ամեն ինչի մասին, ինչը սովորական տպագրությունը դարձնում է հիանալի մի բան: Այդ դասերին կար ինչ-որ գեղեցկություն, պատմություն, արվեստի նրբություն, որը հասանելի չէ գիտությանը: Դա ինձ գրավեց:
Այն ժամանակ ինձ թվում էր, որ այդ ամենը գործնականում կիրառության ոչ մի հնարավորություն չունի: Սակայն տաս տարի անց, երբ մենք առաջին մակինտոշն էինք մշակում, ձեռագրագիտության իմ բոլոր գիտելիքները վերադարձան և պետք եկան: Մակինտոշը դարձավ առաջին համակարգիչը, որ գեղեցիկ տառատեսակներ ուներ: Եթե ես չհաճախեի այդ դասընթացներին, ապա Մակ-երում հնարավորույթուն չէր լինի տարբեր տառատեսակներ կիրառել, դրանք պրոպորցիոնալ չէին լինի: Իսկ քանի որ Ունիդոուզը ընդամենը Մակինտոշի ծծանն է, ապա ամենայն հավանականությամբ, նման հնարավորություն չէր ունենա աշխարհում ոչ մի համակարգիչ: Այսպիսով, եթե ես չթողնեի քոլեջը և չգնայի ձեռագրագիտության դասընթացների, ապա ժամանակակից համակարգիչները թերևս չէին ունենա այն հիանալի տառատեսակները, որ այսօր ունեն:
Իհարկե, ես քոլեջում չէի էլ մտածում, որ ապագայում բոլոր կետերը կփոխկապակցվեն, սակայն 10 տարի անց ակնհայտ դարձավ, որ նրանք չէին կարող չկապվել միմյանց: Եվ նորից, անհնար է միմյանց կապել կետերը, երբ դու նայում ես ապագային, դրանք հնարավոր է փոխկապակցել միայն այն ժամանակ, երբ հետ ես նայում` անցյալին: Հենց դրա համար ներկայում պետք է հավատալ, որ ապագայում կետերը կապվելու են: Պետք է հավատալ ինչ-որ բանի. Աստծուն, Ճակատագրին, Կյանքին, Կարմային, ինչին ուզում եք: Հավատը նրա նկատմամբ, որ ապագայում կետերը հատվելու են, ձեզ քաջություն կտա, որ դուք հետևեք ձեր սրտի թելադրանքին, նույնիսկ եթե ձեր սիրտը ձեզ տանում է որակապես տրորված արահետով: Սա է ամբողջ տարբերությունը:
Սթիվ Ջոբս. Իմ երկրորդ պատմությունը սիրո և կորստի մասին
Իմ բախտը բերեց: Ես վաղ գտա իմ սիրած գործը: Ընդամենը քսան տարեկան էի, երբ Վոզի հետ (Ստիվ Վոզնյակ) ծնողներիս գարաժում հիմնադրեցինք Էփըլը: Մենք շատ էինք աշխատում, և տասը տարվա ընթացքում մեր գարաժային ձեռնարկությունը դարձավ երկու միլիարդ դոլար արժողությամբ ընկերություն, որը վեց հազարից ավելի աշխատակից ուներ: Այս ամենից մի տարի առաջ մենք թողարկեցինք մեր լավագույն ստեղծագործությունը` Մակինտոշը և ես նոր էի բոլորել երեսնամյակս: Ու հենց այստեղ ինձ հեռացրեցին աշխատանքից:
Սակայն ինչպե՞ս կարող են քեզ հեռացնել այն ընկերությունից, որը ինքդ ես հիմնադրել: Տեղի էր ունեցել ահա թե ինչ: Ընկերությունն աճում էր և մենք հրավիրել էին մեզ հետ աշխատելու մի իմ կարծիքով տաղանդավոր մարդու, որ իմ հետ միասին ղեկավարեր ընկերությունը: Մի տարվա չափ ամեն ինչ նորմալ էր: Սակայն աստիճանաբար մեր պատկերացումները ապագայի վերաբերյալ սկսեցին տարբերվել և ինչ-որ պահի վերջնականապես վիճեցինք: Տնօրենների խորհուրդը այդ պահին նրա կողմից էր: Եվ երեսուն տարեկանում ինձ աղմուկով հանեցին աշխատանքից: Այն ամենը, ինչին կյանքս էի նվիրաբերել, անհետացավ և ես միայն դատարկություն էի զգում: Մի քանի ամիս ընդհանրապես չգիտեի` ինչ անել: Ինձ թվում էր, որ ես չարդարացրեցի նախրոդ սերնդի ձեռնարկատերերի սպասումները. նրանք ինձ էին փոխանցել էստաֆետային փայտիկը, իսկ ես այն ձեռքիցս ցած էի գցել: Ես հանդիպեցի Դեվիդ Պակարդի և Բոբ Նոյսի հետ և փորձեցի ներողություն խնդրել նրա համար, որ ամեն ինչ փչացրել եմ: Իմ անկումը այնքան հրապարակային էր, որ ես նույնիսկ չէի մտածում փախչել Սիլիկոնային հովտից:
Սակայն աստիճանաբար ես սկսեցի ուշքի գալ: Զգում էի, որ առաջվա պես սիրում եմ իմ գործը: Այն, ինչ որ կատարվեց Էփըլում, իմ մեջ ոչինչ չէր փոխել: Ես մերժված էի, սակայն առաջվա պես սիրում էի: Եվ ես որոշեցի ամեն ինչ նորից սկսել:
Այն պահին ես, իհարկե, չէի հասկանում, որ Էփըլից իմ հեռացումը լավագույնն էր, ինչ կարող էր պատահել ինձ հետ: Հաջողության ծանր բեռը փոխարինվեց թեթևության զգացմամբ: Ես կրկին սկսնակ էի` տեղի ունեցողի հանդեպ ավելի քիչ ինքնավստահությամբ: Այս զգացումով սկսվեց իմ կյանքի ամենաստեղծագործական շրջաններից մեկը: Հետագա հինգ տարիների ընթացքում ես ստեղծեցի ՆԵՔՍԹ և ՊԻՔՍԱՐ ընկերությունները, սիրահարվեցի մի հիասքանչ աղջկա, որը դարձավ իմ կինը: ՊԻՔՍԱՐ ընկերությունը թողարկեց աշխարհում առաջին համակարգչային մուլտֆիլմը` «Խաղալիքների պատմությունը»: Այսօր այ սընկերությունը աշխարհի ամենահաջողակ մուլտիպլիկացիոն ստուդիան է: Իրերի զարմանահրաշ դասավորությամվ Էփըլը գնեց ՆԵՔՍԹ ընկերությունը և ես այդպիսով վերադարձա Էփըլ: ՆԵՔՍԹ-ում մեր մշակած տեխնոլոգիան դարձավ Էփըլի ներկայիս վերածննդի հիմքը: Եվ ես ու Լորինը հիանալի ընտանիք ունենք:
Ես համոզված եմ, որ այս ամենը չէր լինի, եթե ինչ այն ժամանակ չհեռացնեին Էփըլից: Դեղը ահավոր համ ուներ, սակայն ոնց երևում` հիվանդը դրա կարիքը ուներ: Երբեմն կյանքի մուրճի պես կարող է հարվածել գլխիդ, սակայն մի կորցրեք ձեր հավատը: Ես վստահ եմ, որ միակ բանը, ինչի շնորհիվ ես շարունակեցի առաջ գնալ, այն էր, որ ես սիրում էի իմ գործը: Պետք է գտնել այն, ինչ սիրում եք: Սա ճիշտ է թե աշխատանքի տեսանկյունից, թե ձեր անձնական կյանքի: Աշխատանքը մեծ տեղ է զբաղեցնելու ձեր կյանքում, ուրեմն կյանքից գոհ լինելու միակ ճանապարհը այն է, որ զբաղվես այն գործով, որն իսկապես մեծ գործ ես համարում: Իսկ մեծ գործ անելու միակ եղանակը գործդ սիրելն է: Եթե դուք դեռ չեք գտել այն, ինչ սիրում եք, շարունակեք փնտրել, մի հանգստացեք: Ինչպես սրտային բոլոր հարցերում, երբ որ գտնեք, կհասկանաք, որ հենց դա էիք փնտրում: Եվ ինչպես ցանկացած իսկական հարաբերություններ, այդ հարաբերությունները ժամանակի հետ միայն ավելի լավը կդառնան: Այնպես որ փնտրեք: Մի հանգստացեք:
Իմ երրորդ պատմությունը մահվան մասին
Երբ ես տասնյոթ տարեկան էի, հետևյալ միտքը կարդացի. «Եթե ամեն օրը ապրես այնպես, ասես դա վերջին օրն է, երբևէ հաստատ ճիշտ դուրս կգաս»: Դա ինձ վրա մեծ տպավորություն գործեց: Եվ դրանից հետո արդեն 33 տարի ես ամեն առավոտ նայում եմ հայելուն և հարցնում ինքս ինձ. «Իսկ եթե այսօր իմ կյանքի վերջին օրը լիներ, ես կուզեի՞ զբաղվել նրանով, ինչով պատրաստվում եմ հիմա զբաղվել»: Եվ ամեն անգամ, երբ ինք ինձ ոչ էի պատասխանում չափից դուրս շատ օրեր իրար հետևից, հասկանում էի, որ պետք է ինչ-որ բան փոխել:
Այն միտքը, որ բոլորս շուտով մահանալու ենք, լավագույնս օգնում է ինձ կյանքիս ամենակարևոր որոշումները կայացնելու ժամանակ: Չէ՞ որ մահվան առաջ գրեթե ամեն ինչ կորցնում է իր նշանակությունը` շրջապատի կարծիքները, հավակնություններդ, խայտառակվելու կամ անկման վախը, և մնում է միայն այն, ինչն իսկապես կարևոր է: Այն միտքը, որ մահանալու ես ինձ հայտնի լավագույն միջոցն է, որ օգնում է խուսափել գիտակցության ծուղակից, որը քեզ ստիպում է մտածել, որ կորցնելու բան ունես: Դու արդեն մերկ ես: Ու ոչ մի պատճառ չունես սրտիդ թելադրանքին չհետևելու համար:
Շուրջ մեկ տարի առաջ ինձ մոտ քաղցկեղ ախտորոշեցին: Առավոտյան յոթն անց կես ես սկանավորում անցա, որը հստակ ցույց տվեց ուռուցքը ենթաստամոքսային գեղձում: Ես գաղափար անգամ չունեի, որ ենթաստամոքսային գեղձ ունեմ: Բժիշկներն ասացին, որ դա ամենայն հավանականությամբ քաղցկեղի չբուժվող տեսակն է և որ ինձ մնացել է ապրելու երեքից վեց ամիս:
Բժիշկս ինձ խորհուրդ տվեց գնալ տուն և գործերը կարգի բերել: Բժիշկների լեզվով դա նշանակում է` պատրաստվիր մահվան: Դա նշանակում է` հավաքել քեզ ու ասել երեխաներիդ այն, ինչ ուզում էիր ասել: Դու մտածում էիր, թե դրա համար առաջիկա մի տաս տարի ժամանակ ունես, այնինչ ընդամենը մի քանի ամիս է մնացել: Դա նշանակում է, որ պետք է ամեն ինչ նախապատրաստել այնպես, որ ընտանիքդ ինչքան հնարավոր է դյուրին անցնի ամեն ինչի միջով: Եվ դա նշանակում է` բոլորին հրաժեշտ տալ:
Ես այդ ախտորոշմամբ ապրեցի ամբողջ օրը: Հետո երեկոյան բիոպսիա անցա. Էնդոսկոպը կոկորդովս և ստամոքսովս անցկացրին և մտցրին աղիքներիս մեջ: Ասեղը մտցրին ենթաստամքոսային գեղձիս մեջ և մի քանի բջիջ վերցրին այդ ուռուցքից` հետազոտման համար: Ես նարկոզի ազդեցության տակ էի, սակայն կինս, որ ներկա էր այդտեղ, ասաց, որ երբ բժիշկները վերցրած նմուշները մանրադիտակի տակ դիտեցին, սկսեցին արտասվել: Պարզվեց, որ ես ենթաստամոքսային գեղձի հազվադեպ հանդիպող տեսակի քաղցկեղ ունեմ, որը բուժվում է վիրահատական միջամտության միջոցով:
Ինձ վիրահատեցին և այժմ, փառք աստծո, ամեն ինչ կարգին է:
Դա իմ ամենամոտ շփումն էր մահվան հետ մինչ այժմ: Եվ ես հույս ունեմ, որ առաջիկա քսան տարվա ընթացքում ավելի մոտ շփման անհրաժեշտություն չի առաջանա: Անցնելով այդ ամենի միջով ես հիմա ձեզ շատ ավելի վստահ կարող եմ ասել, քան առաջ, երբ մահն ինձ համար օգտակար, բայց ամբողջապես մտահայեցողական կոնստրուկտ էր:
Ոչ ոք չի ուզում մահանալ: Նույնիսկ այն մարդիկ, որ ուզում են դրախտ ընկնել, չեն ուզում մահանալ` այնտեղ հասնելու համար: Եվ այնուամենայնիվ, մահը մեր բոլորիս վերջին կանգառն է: Դրանից այն կողմ ոչ մեկս չի գնա:
Այդպես էլ պետք է լինի, որովհետև, ըստ երևույթին, մահը կյանքի համար լավագույն ստեղծագործությունն է: Կյանքի համար այն փոփոխությունների գործակալն է: Մահը մաքրում է հինը, որ նորին տեղ տա: Հիմա նորը դուք եք, սակայն կանցնի որոշ ժամանակ և դուք կդառնաք այն հինը, որ պետք է դեն շպրտվի ճանապարհից: Ներողություն եմ խնդրում դրամատիկ լինելու համար, բայց դա այդպես է:
Ձեր ժամանակը սահմանափակ է, այնպես որ այն մի ծախսեք ինչ-որ ուրիշ մեկի կյանքը ապրելու համար: Մի ընկեք դոգմաների ծուղակը, մի ապրեք ուրիշների մտքերով: Մի թողեք, որ ուրիշների մտքերի աղմուկը խլացնի ձեր սեփական ներքին ձայնը: Եվ ամենակարևորը, խիզախություն ունեցեք սեփական սրտին և մտքին հետևելու համար: Նրանք ինչ-որ ձևով գիտեն, թե դու ինչ պիտի անես: Մնացած ամեն ինչը երկրորդական է:
Իմ երիտասարդության ժամանակ հիանալի ամսագիր կար` «Աշխարհում ամեն ինչի կատալոգ»: Դա իմ սերնդի աստվածաշունչներից մեկն էր: Նա, ով հրապարակում էր այդ ամսագիրը, Ստյուարտ Բրանդը, այստեղ մոտիկ էր ապրում` Մենլո Պարկում:
Խոսքը վաթսունականների վերջի մասին է, մինչև համակարգիչները և համակարգչային էջադրումը, այնպես որ ամեն ինչ ձեռքով էր արվում, գրամեքենաների, մկրատի և պոլյարոիդի միջոցով: Դա կարծես Գուգլը լիներ` թղթային տարբերակով, սակայն Գուգլի ստեղծվելուց 35 տարի առաջ: Ամսագիրը իդեալիստական էր, լիքը հիանալի գաղափարներով և տեղեկություններով:
Ստյուարտն ու իր թիմը ամսագրի մի քանի թողարկում հրապարակեցին և երբ այն իր առաքելությունը կատարեց, որոշեցին վերջին համարը լույս ընծայել:
Դա յոթանասունականների կեսերին էր: Ես այն ժամանակ ձեր տարիքին էի: Ամսագրի հետևի էջում պատկերված էր գյուղական ճանապարհի նկարը, որն արված էր վաղ առավոտյան: Դա այնպիսի ճանապարհ է, որ սովորաբար ավտոստոպով ճանապարհորդել սիրողներին է դեմ գալիս: Այդ նկարի տակ գրված էր. «Մնացեք սոված: Մնացեք միամիտ»: Ես միշտ հենց դա էի ցանկանում ինքս ինձ համար: Եվ հիմա, երբ դուք ավարտում եք համալսարանը, որպեսզի ամեն ինչ նորովի սկսեք, ես ձեզ դա եմ ցանկանում:
Մնացեք քաղցած: Մնացեք միամիտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել