Երեկ երեկոյան ընդամենը մեկ անգամ մեքենայով դուրս գալով անվճար տեղափոխեցի 5 ուղևոր, այսինքն՝ 750 դրամով պակասեցրի գծատեր կոչվող գոյության տեսակների եկամուտը: Եթե օրը կիրակի չլիներ, ավելի շատ տեղ կունենայի գնալու և կփոխադրեի 10-15 ուղևոր՝ գծատերերից խլելով 1000-2000 դրամ: Հիմա կասեք՝ եղածն ի՞նչ է որ, դա հարցի լուծում չէ: Բնականաբար, միայնակ ո՛չ ես, ո՛չ էլ ձեզանից յուրաքանչյուրը հարց լուծող չենք: Բայց եթե մեկը դառնա 10, 10-ը՝ 100, 100-ը՝ 1000, 1000-ը՝ 10000 և ավելին, ապա 10 հազար և ավելի մարդիկ միասին արդեն կլինեն հարց լուծող, և այդ դեպքում մենք կդառնանք գծատերերի ահն ու սարսափը: Պարզագույն ու կոպիտ հաշվարկով եթե 10 հազար վարորդ օրական գծատերերից խլի 1000-2000-ական դրամ, ապա գծատեր կոչվող կենդանատեսակները օրական կկորցնեն 10-20 միլիոն դրամ և ավելի: 
Հայրենակիցներ, միացեք, անտարբեր մի մնացեք, դա ոչ ոքից ո՛չ գումար է պահանջում, ո՛չ ռեսուրս, ընդամենը պետք է չզլանալ յուրաքանչյուր կանգառի մոտով անցնելիս ծախսել լրացուցիչ 30 վայրկյան, կանգել և առաջարկել մարդկանց նստել մեքենան: Իսկ արդյունքը կլինի այն, որ որոշ ժամանակի ընթացքում միասին գծատերերին գծերից կքցենք: Ավելին, մենք կարող ենք նրանց հասցնել այն վիճակին, որ նրանք ոչ միայն սնանկանան, այլև արտագաղթեն, քանի որ գծատեր կոչվող գոյության տեսակը իմ երկրում նույնիսկ մեկ քառակուսի մետր տեղ չպիտի ունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել