Երբ մենք սկսում ենք հաշվարկներ կատարել, թե ինչպես կանդրադառնա ուղեվարձի թանկացումը աշխատավորների վրա, առաջինն, ինչ մենք անում ենք, դա այն է, որ նայում ենք, թե ինչքա՞ն աշխատավարձ է ստանում նա, և հանելով նոր սակագնով ուղեվարձի գումարը` ստանում ենք, թե ինչքան է տակը մնում: Այլ է պատկերը գործազուրկների և ուսանողների պարագայում, քանի որ նրանք ընդհանրապես եկամուտ չունեն (այստեղ բացառություն է կազմում հեռակա ուսանողների մի մասը, որ դեռ ունի աշխատանք): Հիմա այս տողերը կարդացողներից շատերը կարող են ասել` բայց գործազուրկը տրանսպորտից այդքան չի օգտվում: Հակառակ այդպես մտածողներին կարող եմ ասել, որ աշխատանք չունեցողների մեծամասնությունը այսօր հանգիստ տանը նստած չէ, նա, ժողովրդական լեզվով ասած, առավոտից իրիկուն փնտրտուքների մեջ «թափառում» է քաղաքի այս ծայրից մյուսը (մե՛կ աշխատանքի տեղավորման գործակալություններ, մե՛կ թերթում տեղադրված ազատ վականսիաների հասցեներով, մե՛կ աշխատանք գտնելու նպատակով քիչ, թե շատ ծանոթներին այցելելով և այսպես շարունակ…): Փաստորեն, այս թանկացումը քչացնում է գործազուրկի` աշխատանք գտնելու հավանականությունը, քանզի նա գումար չունենալու պատճառով կքչացնի իր որոնումները:
Հիմա ուսանողների մասով. երբ ուսանողները, ավելի ճիշտ նրանց ծնողները արդարացի դժգոհում են բուհերում ուսման վարձի թանկացումներից, նրանք այսուհետ պետք է հաշվարկ կատարեն, որ իրենց ծախսը ուսանող երեխաների առկայությամբ շատանալու է: Մենք գրեթե բոլորս ժամանակին ուսանող ենք եղել և քաջ գիտակցում ենք, որ ուսանողը այնպիսի մի կատեգորիա է, որը հանգամանքների բերումով շատ է օգտվում տրանսպորտից (ամեն օր հաճախել ուսումնական հաստատություն, բացի դրանից լրացուցիչ կոնսուլտացիաներ, ուսանողական խմբակներ, տարբեր նախասիրություններ): Ոչ մի ծնող ի վիճակի չէ էկոնոմիայի տեսակետից սահմանափակում դնել երեխայի նորմալ ուսանողական առօրյայի վրա, դրանով նա միայն կվնասի իր երեխային: 
Հ.Գ. Կյանքը ստիպեց, որ մենք հասկանանք, որ 21-րդ դարում տրանսպորտն առաջին անհրաժեշտության առարկաների ցանկում է, ինչպես մարդը չի կարող «յոլա գնալ» առանց հացի, ջրի, այնպես էլ առանց տրանսպորտի, և երբ տրանսպորտի սակագինը թանկացնում են, այս ամենը պետք է հաշվի առնվեր, գոնե խոցելի խմբերի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել