
Բնականաբար այս 2 օրերին ամենաշատ քննարկվող թեման քաղաքային տրանսպորտի սակագնի թանկացումն է: Փորձեցի ամբողջ օրն ինքս ինձ վերլուծել իրավիճակը և պատասխան գտնել հետևյալ հարցին` արդարացված է սակագնի ավելացումը 100 դրամից մինչև 150 դրամ կամ 50 դրամից մինչև 100 դրամ: Ու այդ վերլուծությունը փորձել եմ անել ինքս ինձ պատկերացնելով հետևյալ կարգավիճակներում` տնտեսավարող սուբյեկտ, քաղաքացի-սպառող և քաղաքացի, ով որոշակի պատկերացումներ կամ մոտեցումներ ունի տրանսպորտի համակարգի ու դրա զարգացման վերաբերյալ:
1.Որպես տնտեսավարող, եթե իսկապես վերլուծում եմ տրանսպորտի սակագնի վրա ազդող մի շարք գործոնների` վառելիք, ավտոպահեստամասեր և այլն, գների ու սակագների բարձրացումը շուկայում, ապա թանկացումը սպասելի էր: Եթե ավելացնենք վարորդների ու այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացումը, որը շատ ցանկալի ու բնական եմ համարում կապված վերջին 5 տարիների գնաճի հետ, ապա տնտեսավարողների կողմից միանգամայն արդարացված է սակագնի ավելացումը:
Բայց չմոռանանք որ տնտեսավարողը նաև իր վրա պարտականություններ պետք է վերցնի որակյալ ծառայություններ մատուցելու` սկսած կանգնած ուղևոր չվերցնելուց մինչև 08.00-ից 24.00-ն 5-15 րոպե ընդմիջումով համապատասխան կանգառում տվյալ տրասպորտի տեսակի առկայությունն ապահովելով: Այսինքն խոսքը միանգամայն քաղաքակիրթ և որակյալ ծառայություններ մատուցելու մասին է, որի համար յուրաքանչյուր անգամ արժե վճարել 50 դրամ ավելին:
2. Որպես <<քաղաքացի-սպառող>> բնականաբար թանկացումը հարվածում է իմ գրպանին: Կոնկրետ իմ դեպքում դա ամսական կտրվածքով կկազմի միջինը 3000 դրամ կամ օրական 100 դրամ ավել: Իսկ եթե օգտվեմ միայն մետրոպոլիտենից, բնականաբար առայժմ ֆինանսական կորուստներ չեմ կրի, եթե կարելի է դա այդպես անվանել: Սա կոնկրետ իմ դեպքում: Եթե իրավիճակը վերլուծենք այնպիսի քաղաքացի-սպառողի տեսանկյունից, ով տրանսպորտից օգտվելու համար օրական միջինը տալիս էր 400 դրամ, ապա բնականաբար ամսական կտրվածքով նրա գրպանը լրացուցիչ կդատարկվի 6000 դրամով: Ստացվում է, որ քաղաքացի սպառողի համար ամսական կտրվածքով այդ լրացուցիչ գումարը կազմում է 3000-9000 դրամ, եթե համարենք, որ նաև զգալի թիվ են կազմում օրական 6 անգամ տրանպորտից օգտվող քաղաքացի-սպառողները, որոնց տեսակարար կշիռն իմ կարծիքով շատ փոքր է համեմատ մյուս 2 խմբերի: Ստացվում է, որ բողոքում ենք օրական 100-300 դրամ ավել գումար տալու համար և այն էլ վարորդներին կամ տնտեսավարողներին? Կարծում եմ ավելի արդյունավետ միջոց է անհատի կամ ընտանեկան բյուջեից համապատասխան միջին գումարի չափով աշխատավարձի, կենսաթոշակի, նպաստի բարձրացման պահանջով հանդես գալը ու այդ ուղղությամբ ստորագրահավաք հավաքելը կամ այլ ձևով բողոքի նոտա հղելը պատկան մարմիններին, քանի որ չեմ կարծում թե մեր վարորդների աշխատավարձը չպետք է բարձրանա, առավել ևս չեմ ուզում որ նրանք գործազուրկ դառնան, մենք որակյալ սպասարկում ու ծառայություններ չստանանք: Վճարենք ու պահանջենք: Իսկ եթե որակյալ սպասարկում չի լինելու ու մեր վարորդների աշխատավարձը չի բարձրանալու համապատասխան չափով, ապա ես նույնպես արտահայտում եմ իմ բողոքը:
3. Ինչ վերաբերում իմ մոտեցումների կամ պատկերացումների տրանսպորտի համակարգի ու դրա զարգացման հետ կապված, ապա կարծում եմ որ պատկան մարմինների, քաղաքական և հասարարական կազմակերպությունների, ԶԼՄ-ների կողմից պետք է հարց բարձրացվի մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման, հնարավորության դեպքում (նկատի չունեմ ֆինանսկանը) Երևանի բոլոր վարչական շրջաններում, տրոլեյբուսների նոր ու ժամանակակից ցանցի ձևավորման և ոչ թե դրա աստիճանական վերացման ուղղությամբ: Կարծում որ այս դեպքում ևս կամքի, այդ թվում քաղաքական կամքի դրսևորման դեպքում պետություն-մասնավոր հատված-դոնոր կազմակերպություններ մեխանիզմով հնարավոր կլինի գտնել արդյունավետ լուծումներ և առաջիկա 5-10 տարիներ ընթացքում իսկապես բեկում մտցնել այս բնագավառում: Եթե պատկերացնենք, թե ինչքան աշխատատեղեր կստղծվեն միայն մետրոպոլիտենի կայարանների շինարարության հետ կապված ու դա ինչ բազմապատիկ էֆեկտ կունենա տնտեսության այլ ոլորտների, պետական բյուջեի եկամուտների ավելացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա, ապա կարծում եմ այստեղ 2 կարծիք լինել չի կարող: Եկեք այս ուղղություններով հետևողական աշխատաքներ տանենք` ամեն մեկս մեր դիրքին, կարողությանը և հնարավորությանը համապատասխան:
Եվ վերջում, ցանկանում եմ պատկան մարմիններին ու տնտեսվարողներին անել այսպիսի առաջարկ` իմ կարծիքով արդարացի է կլինի, որպեսզի երթուղային տաքսիների և ավտոբուսների դեպքում կիրառվի տրասպորտի սակագնի դիվերսիֆիկացված մոդելը: Այսինքն ուղևորը վճարի ըստ տեղափոխման հեռավորության: Նման մոդել, եթե չեմ սխալվում գործում է մի շարք միջքաղաքային երթուղային գծերում: Կարող եմ օրինակ բերել` Երևան-Եղվարդ (կամ հակառակը) երթուղային գիծը, որից հաճախակի օգտվում եմ: Առաջին կանգառից մինչև վերջին կանգառ հեռավորությունը կլինի 25 կիլոմետր + կամ - 5 կիլոմետր: Ուղեվարձը 150 դրամ է, եթե Երևանի Աջափնյակ վարչական շրջանից Եղվարդ ես գնում: Բայց Աջափնյակ վարչական շրջանից ասենք Դավիթաշեն վարչական շրջան 50 դրամ է, մինչև Զովունի գյուղ` 100 դրամ: Այսինքն հաշվի է առնվում հեռավորությունը: Նույն մակնիշի երթուղային տաքսիներ են, նույն վառելիքն են օգտագործում և այլն: Նույն կերպ` չեմ կածում, որ ենթադրենք Շենգավիթ վարչական շրջանից մինչև ԵՊՀ գնացող ուղևորը պետք է վճարի նույնքան, որքան մինչև Նոր-Նորք վարչական շրջան գնացողը: Կարծում եմ վարորդների զգոնության և ուղևորների բարեխղճության վրա կարելի է հույս դնել: Հնարավոր եմ համարում 10-20 երթուղիներում փորձնական ձևով 1 ամիս ժամկետով տրանսպորտային սակագնի նման մոդելով կիրառումը: