
1in.am-ը գրում է.
Ֆինն սոցիոլոգները 2 տարվա ընթացքում հետևել են փոքրիկ երեխաներ ունեցող 9000 ընտանիքների և եկել են այն եզրակացության, որ երեխաների ճարպակալման մեղավորներից մեկը տատիկներն են:
Այն երեխաները, որոնց հաճախ տատիկներն են խնամում, ճարպակալման ավելի շատ հակում ունեն, քանի նրանք, ում ծնողներն ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ են դաստիարակում:
Հելսինկիի համալսարանից բժիշկ Անտի Տանսքանեն կարծում է, որ մի ժամանակ՝ քաղաքակրթության հենց սկզբում տատիկներն օգնում էին թոռներին ապրել՝ նրանց ապահովելով սննդով և հոգատարությամբ: Այժմ «տատիկի բնազդը» երեխաներին «արջի ծառայություն է» մատուցում. նրանք ոչ միայն գերսնում են թոռներին, այլև թույլ չեն տալիս նրանց ակտիվ խաղեր խաղալ: Արդյունքում երեխան հնարավորություն չի ստանում ավելորդ կալորիաները ծախսելու, որոնք կուտակվում են, և որոնց համար տատիկները, որպես կանոն, շատ են ուրախանում:
Բժիշկը հայտնաբերել է նաև, որ երեխաներին հատկապես վտանգավոր է տատիկների մոտ թողնել 9 ամսականից 3 տարեկան հասակում: Իրադրությունը սրում է այն հանգամանքը, որ ժամանակակից երեխաների տատիկները բոլորովին այլ դարի են պատկանում, և, որպես կանոն, սննդի արժեքի մասին հնացած պատերացումներ ունեն. բարձր են գնահատում ճարպերը, միսն ու քաղցրավենիքը, իսկ թարմ բանջարեղեն, ընկուզեղեն, հատապտուղներ երեխաներին հազվադեպ են տալիս: