
1in.am-ը գրում է.
Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է աշտարակցի երգիչ Կարեն Հակոբյանի գործով դատաքննությունը: Անցյալ տարի` մայիսի 8-ին, նրա արձակած կրակոցից մահացել էր Արագածոտնի մարզի դատարանի աշխատակից, 37-ամյա Արամ Հովակիմյանը:
Մեղադրական եզրակացությունից տեղեկանում ենք, որ մինչ կրակոցը ամբաստանյալի և տուժողի միջև վեճ է եղել: Պատճառը եղել է Արման Ալեքսանյանի` Արամ Հովակիմյանին ունեցած պարտքի չափը, ինչպես նաև հեռախոսզրույցներում և տարբեր միջավայրերում Կարեն Հակոբյանի հասցեին արված հայհոյանքներն ու երգիչ լինելու հանգամանքը բացասական կերպով ներկայացնելը: Դրանց շուրջ շուրջ առաջացած անձնական անախորժ հարաբերությունները պարզելու նպատակով էլ 2012թ մայիսի 8-ին, ժամը 20-ի սահմաններում, ըստ նախնական պայմանավորվածության, Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի թիվ 29 շենքի հետնամասում` միջբակային տարածքում, Կարեն Հակոբյանը վիճաբանության մեջ է մտել Արամ Հովակիմյանի հետ, որի ընթացքում, ապօրինի ձեռք բերած և պահած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է վերջինիս ուղղությամբ: Ստացած հրազենային ծանր վնասվածքներից Ա. Հովակիմյանը մահացել է:
Դեպքից անմիջապես հետո, երգիչ Կարեն Հակոբյանը դիմել է փախուստի, սակայն մեկ օր անց` մայիսի 9-ի գիշերը, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն:
Այժմ նա մեղադրվում է ապօրինի զենք կրելու /քր. օրի 235-րդ հոդ. 1-ին մաս/ և դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք հասցնելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ /112 հոդ. 2-րդ մաս 14-րդ կետ/: Առավել ծանր հոդվածը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:
Ըստ քրեական գործի նյութերի` Կարեն Սամվելի Հակոբյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, մինչդեռ Կարեն Հակոբյան անուն ազգանունով մի երգիչ` Ռուբեն Սասունցին մոտ երեք շաբաթ առաջ հարցազրույց էր տվել լրատվամիջոցներից մեկին: Եթե նրանք միևնույն անձն են, ուրեմն դժվար թե ծանր հանցանքի մեջ մեղադրվողը «Նուբարաշենում» լինի:
Հիշեցնենք, որ երգչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով նման մի դեպք էլ պատահել էր երկու տարի առաջ` «Ջիաննի» ռեստորանում: Այն ժամանակ էլ երգիչ Սարոյին` Սարո Թովմասյանին էին վիրավորել, և նա ռեստորան կանչելով օգնական ուժերին` զենքի գործադրմամբ «ռազբորկա» էր սկսել հենց ռեստորանի ներսում, որից տուժել էին Գրիգոր Սուքիասյանը և ռեստորանի աշխատակցուհի Ամալյա Դավթյանը: Հետագայում պարզվել էր, որ հունվարի 11-ին, ժամը 04.00-ին, Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող «Ջիաննի» ռեստորանում մի խումբ անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` կոպիտ կերպով խախտել էին հասարակական կարգը, վիճաբանել Գրիգոր Սուքիասյանի հետ, ծեծի ենթարկել նրան և անկանոն կրակ արձակել հաստատության ներսում:
Ժամեր անց, մեղայականով ոստիկանություն էին ներկայացել Հայկ Մարտիրոսյանը, Ռոման Միրզոյանը և Սարո Թովմասյանը: Իսկ դատարանը վճռել էր` Սարո Թովմասյանին պատժել տուգանքի ձևով` 400.000 դրամի չափով, իսկ Հայկ Մարտիրոսյանին և Ռոման Միրզոյանին` 300.000 դրամի չափով, և ազատ արձակել նրանց` հենց դատարանի դահլիճից:
Հ.Գ. Բարի խորհուրդ ռեստորանների այցելուներին. եթե որևէ երգչի անտաղանդ եք համարում, սուսուփուս գնացեք ուրիշ ռեստորան, թե չէ շոու-բիզնեսն էլ է կրիմինալիզացվում: Մարդիկ երգելու տեղը սկսում են լավ կրակել...ու դատվել: