
1in.am-ը գրում է.
Բժիշկները խորհուրդ են տալիս ամառային շոգ գիշերներին մերկ չքնել, գրում է Մարկո Ակկոսատոն La Stampa հրատարակչության կայքում: Գիշերազգեստներն ու բամբակե թեթև վերնաշապիկները ներծծում են քրտինքը, որն այդքան խանգարում է քնել: Սա այն խորհուրդներից մեկն է, որն առաջարկել է Միլանի Humanitas շտապօգնության բժիշկ Ստեֆանո Օտոլինին:
«Կարելի է քնել առանց միացված օդորակիչների, սակայն որոշակի կանոնների հետևելով: Թեթև բամբակե սավանն օգնում է անկողնում օդի շրջանառությանը: Քնից առաջ ցանկալի է սառը կամ գոլ ջրով լոգանք ընդունել, այն աստիճանաբար նվազեցնում է մարմնի ջերմաստիճանը և մաշկն ազատում է քրտինքից»,- ասում է բժիշկը, ով նաև խորհուրդ է տալիս ամռանը քնից առաջ լամպի լույսի տակ կարդալ։ «Հաճելի ընթերցանությունը կօգնի մոռանալ շոգի մասին: Ընդհանրապես խորհուրդ է տրվում ինչքան հնարավոր է երկար մնալ բնական լույսի տակ»,- փոխանցում է հոդվածի հեղինակը:
«Եթե մենակ եք քնում, ապա խորհուրդ է տրվում տարածել ձեռքերն ու ոտքերը. դա նվազեցնում է մարմնի ջերմաստիճանը: Ինչ վերաբերում է ընթրիքին, նախընտրելի են հում մթերքներից պատրաստված ուտեստները, վառարան միացնելը ցանկալի չէ: Դրանից բացի, ընթրիքը պետք է առատ չլինի և հեշտ մարսվող լինի: Հարկավոր չէ քնելուց առաջ ալկոհոլ օգտագործել: Քնելուց մի քիչ առաջ մի բաժակ ջուր խմեք: Ընդհանրապես օրվա ընթացքում շատ ջուր խմեք»,- բժշկի խոսքերն է մեջբերում հոդվածը:
Բժիշկ Օտտոլինիի վերջին խորհուրդն է. «Ինչքան հնարավոր է անջատեք էլեկտրական սարքերը և ննջարանից հանեք բջջային հեռախոսները:
Բարի գիշեր»: