
Սա եկեղեցու ներսում գոյություն ունեցող տարբեր կլանների միջև պայքար է, և եկեղեցու ներսում գոյություն ունեցող այդ կլանները կապված են իշխանության ներսում առկա կլանների հետ և գործում են միասին: Եկեղեցու ներսում սկսված անհաշտությանը այսպիսի որակում տվեց քաղաքագետ Religions in Armenia (Հայաստանի կրոնները) կայքի պատասխանատու, հիմնադիր Ստեփան Դանիելյանը:
Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Ստեփան Դանիելյանի հետ ամբողջությամբ:
-Պարո՛ն Դանիելյան, սկսենք ամենապարզ հարցից. ի՞նչ է տեղի ունենում եկեղեցում՝ բախու՞մ, պայքա՞ր, անհաշտությու՞ն, ինչպե՞ս կորակեք... փաստորեն ներքին խլրտումներին այսօր փոխարինեց բողոքի ակցիան, հոգևորականների, սպասավոր դասի «բախումը» հասավ նրան, որ անգամ սարկավագի շորերը պատռեցին:
-Ես կբնութագրեմ այսպես՝ պայքար է սա եկեղեցու ներսում գործող տարբեր կլանների, և ամենակարևորը՝ ներկայանում է նույն պայքարը, ինչ գոյություն ունի իշխանությունում տարբեր կլանների միջև: Այլ կերպ ասած՝ եկեղեցու ներսում գոյություն ունեցող տարբեր կլանների միջև պայքար է, և եկեղեցու ներսում գոյություն ունեցող այդ կլանները կապված են իշխանության ներսում առկա կլանների հետ և գործում են միասին: Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա հասարակության մեջ կան շատ ազնիվ մարդիկ, որոնք ունեն ազնիվ պահանջներ եկեղեցուց, և այդ ամեն ինչը խառնվել է իրար... բնականաբար եկեղեցում եղած տարբեր կլանները փորձում են օգտագործել հասարակական ակտիվիստներին, նրանց տրամադրությունները և նրանց ուղղորդել մեկը մյուսի դեմ: Բայց դա չի նշանակում, որ հասարակական տարբեր խմբավորումները այդ պայքարի մեջ են գտնվում:
-Իշխանության մեջ պայքարը իշխանության հասնելու համար է, իսկ եկեղեցու՞մ՝ հոգևո՞ր իշխանության պայքար է:
-Իշխանության ներսում տարբեր խմբավորումների պատճառը հետևյալն է՝ մի խմբավորումը ուզում է մյուս խմբավորման այդ բոլոր լծակները իր ձեռքը վերցնել և հեգեմոնիայի հասնել: Եվ բնական է՝ նույն նպատակը եկեղեցում է, որովհետև եկեղեցում կան ֆինանսներ, որոնք չեն վերահսկվում, և կան տարբեր այլ լծակներ... բնականաբար դրանց համար պայքար է սկսվում: Դա չի նշանակում, որ մի խմբավորումը մյուս խմբավորումից լավն է, եթե այդ խմբավորումները առաջ քաշեն տեսակետներ, որոնք համապատասխան են հանրային շահի հետ, թերևս մենք հասկանանք՝ որ խմբավորումն է հանրության կողքին, սակայն քանի որ նման դիսկուս գոյություն չունի, ուրեմն այստեղ հասարակությունը լինել չի կարող: Ինչպես մամուլն է գրում՝ այստեղ Կճոյանի և կաթողիկոսի միջև ընթացող պայքար է, և այդ պայքարը որևէ կերպ չի հատվում հանրային շահի հետ:
-Ձեր վերլուծություններից կարելի՞ է ենթադրել, որ Կճոյանն ու վարչապետ Տ. Սարգսյանը մեկ դաշտում են գործում, եթե այո, ապա ովքե՞ր են մնում մյուս դաշտում կամ կլանում:
-Մենք, իհարկե, չենք կարող ասել՝ այդպես է, թե այդպես չէ, ուղղակի կարող ենք ենթադրել մի բանաձևից, որ իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է, և հնարավոր է, որ նման կապեր գոյություն ունեն:
Ինչպիսի՞ կապեր կան, ո՞րն է իշխանության մեջ եղած տարբեր կլանների շահերը: Դա կոռուպցիան է, տարբեր լծակներում թիմակիցներին կշտացնելն է, նույնը եկեղեցում է: Եթե վարչապետը Կճոյանի հետ մեկ թիմում է, բնականաբար նրա թշնամին Կճոյանի թշնամու հետ մի թիմում կհայտնվի, սա բնական երևույթ է, և հատկապես, որ և եկեղեցում իշխող խմբավորումները, ինչպես որ իշխանության իշխող կլանները, իրենք հաշվետու չեն հասարակության առաջ ոչ իրենց գործողությունների և ֆինանսական գործարքների համար, և այդ ամենը՝ անթաքույց:
-Ո՞րն է այս ամենի մեջ հասարակության դերը:
-Իմ կարծիքով այդ պայքարի մեջ հասարակությունը պետք է աշխատի ուղղակի չմասնակցել և չօգտագործվել որևէ մեկի համար, տվյալ դեպքում պիտի որդեգրի դիտորդի դեր և հանրային շահը առաջ քաշի: Եվ առաջին հերթին պետք է հարց դնել, որ այդ մարդիկ հաշվետու պիտի լինեն. Կճոյանը պետք է հաշվետու լինի Արարատյան թեմի հետևորդների առաջ, Աջապահյանը՝ Շիրակի, և կաթողիկոսը՝ ամբողջ ազգի հավատացյալների առաջ:
Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի