Այսօր երթուղայինով գալուց նստեցի երթուղայինի տաքսու դիմաց` հատուկ նպատակով: Ցանկանում էի վարորդի հետ զրուցել վերջին հայտնի թանկացման մասին: 
Ի զարմանս ինձ՝ երթուղային վարորդը, որը միջին տարիքի միջին-վիճակագրական վարորդ էր, ասաց, որ թե՛ ինքը, թե՛ բազմաթիվ այլ վարորդներ, որոնց հետ ինքը զրուցել է, նշել են, որ չեն պատրաստվում ժողովրդից պահանջել 150 դրամ ուղեվարձ, և ով տա 100 դրամ, իրենք խելոք կվերցնեն:
«Մեկ ա, ես էդ 150 դրամից օգուտ չունեմ, էդ սաղ գնում ա գծի տիրոջը», - նշեց վարորդը՝ ավելացնելով, որ իրենք էլ են վատ զգում նոր սակագնից: 
«Ես էս ժողովրդի հետ կիսելու բան չունեմ, էսքան ժամանակ 100-ով եմ քշել, էլի 100-ով կքշեմ, թող չտան, ավելի լավ: Գոնե սենց էս երկրում մի բան փոխվի», - վարորդներին բնորոշ լեքսիկոնով ասաց վարորդը:
«Մենակ ես չեմ, լիքը շոֆեր կա, որ հիմա ինչ ասես ասում ա սրանց. խեղճ ժողովրդի վերջին կոպեկն են ուզում քերեն, մեջտեղը մենք ենք վատամարդ դառնում»:
Վարորդը նաև նշեց, որ ներքին համաձայնություն ունեն 100 դրամ վճարողներից չպահանջել վճարել 150 դրամ: Համաձայնությունը դեռ լատենտ է, քողարկված, բայց եթե տեսնեն, որ հասարակության մեջ դա տարածվում է (150 դրամ չվճարելը), ապա իրենք էլ են միանալու ժողովրդին:
«Օրենքները իրանք են ընդունում, բայց արդյունքում մենք ենք մեզ վատ զգում: Ինչի՞ համար: Թող ով ինչ ուզում ա, տա. Մեկը ես չեմ պնդելու 150 դրամ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել