«Առավոտ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրը մեջ խոսում է Հայաստանի վրա հարձակվելու մասին։ Ընդ որում, հօգուտ այդ թեզի բերում է զանազան փաստարկներ, օրինակ՝ «Սևանը մերն է, Երևանը մերն է, Զանզեզուրը մերն է» և նման այլ անհեթեթություններ։ Եթե հայաստանյան որևէ լրատվամիջոց մեջբերում է հարևան երկրի ղեկավարի այս խոսքերը, արդյոք դա ազգային դավաճանությո՞ւն է նշանակում։ Ինձ թվում է՝ ոչ, որովհետև մեր ընթերցողներն ու հեռուստադիտողները պետք է իմանան, թե ինչպիսի ցնդաբանություններով է այդ մարդը լցնում սեփական ժողովրդի ուղեղը։

«Հերթական ցնդաբանությունն էլ այն է, որ Հայաստանում խուճապ կա Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու կապակցությամբ։ Այդպես է Ալիևը փորձում մեկնաբանել այն «մուննաթները», որոնք Հայաստանում երբեմն հնչում են ռուսների հասցեին։ Մի կողմ թողնենք, որ մենք չպիտի «փնթփնթանք» ոչ մի ազգի և ո՛չ մի պետության հասցեին, իրենք իրենց շահերն ունեն, մենք՝ մերը։ Բայց ռուսների հասցեին կշտամբանքները «խուճապ» անվանելը, ինձ թվում է, նշանակում է ցանկալին դնել իրականի տեղ։ Յուրաքանչյուր միջնակարգ կրթություն ունեցող մարդ գիտի, որ ԱՄՆ-ը շատ ավելի ժամանակակից զենք ուներ, քան Վիետնամը, իսկ Խորհրդային Միությունն իր զինատեսակներով գերազանցում էր Աֆղանստանին, բայց այդ երկու երկրներում գերտերություններն առանձնապես հաջողությունների չեն հասել։ Ինչո՞ւ։ Որովհետև պատերազմներում հաղթում են ոչ թե զենքով, այլ կռվելու մոտիվացիայով։ Հարևան երկրի ժողովուրդը մեզ վրա հարձակվելու մոտիվացիա չունի, և եթե այդ երկրի ղեկավարությանը, այնուամենայնիվ, գնա նման խելահեղ քայլի՝ մեղքը նրա վիզը։

Իսկ խուճապն ընդհանրապես լավ բան չէ՝ այն խանգարում է ադեկվատ գնահատել իրավիճակը։ Ներքաղաքական կյանքում նույնպես հաճախ ընդդիմադիրները գրում են՝ «ռեժիմը խուճապի մեջ է»։ Եվ այդպես 20 տարի։ Հասկանում եմ, որ դա միջոց է՝ սեփական թիմին և սեփական ընտրազանգվածին «դուխ տալու»։ Բայց չեմ կարծում, որ խուճապը թե նախկինում և թե հիմա բնորոշ է Հայաստանի որևէ իշխանությանը։ Ամբարտավանության հասնող ինքնավստահությունը՝ «մեր դեմ խաղ չկա», «ով է այն տղամարդը» և այլն, այո, դա եղել է և կա։ Ես կգերադասեի, որ նրանց սրտում լիներ ոչ թե խուճապ, այլ անհանգստություն, և ոչ թե սեփական աթոռների (դա, անշուշտ, կա), այլ Հայաստանում և տարածաշրջանում կատարվող իրադարձությունների համար։ Բայց Աստված մի արասցե, որ խուճապ լինի։

Մեկ էլ «խուճապ» բառը շատ են սիրում սպորտային մեկնաբանները՝ «խուճապային իրավիճակ է ստեղծվել մրցակցի տուգանային հրապարակում»։ Այդ բնորոշումն էլ հազվադեպ է համապատասխանում իրականությանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել