Վարսավիրը՝ հաստ, կախված շուրթերով, կապույտ աչքերով, մեծ գլխով ու վտիտ մարմնով՝ մոտ քսանհինգ տարեկան երիտասարդ էր։ Նրա բարակ՝ սպիտակ խալաթի կարճ թևքերից մակարոնների պես կախված ձեռքերից մեկը ծածկված էր դաջվածքներով։ Բերանի ձախ անյունում սիգարետ կար, ու վերև բարձրացող ծխի պատճառով՝ մի աչքն ալարկոտ կկոցել էր։ Մի ձեռքում՝ նախորդ սերնդի (բայց լավ պահպանված) «այֆոն» կար։ Դեմքն անփույթ էր ու ինքնավստահ, մեջքն անփութորեն կոր։ 
 
 – Նստի ախպերս,― ասաց նա, ու ես նստեցի։ – Ոնց ե՞մ կտրու՞մ։ 
 – Հետևն ու կողերը կարճ, վերևը միքքիչ երկար, էնքան որ սանրվի,― ասացի ես ու ծնոտս բարձրացրի, թողնելով, որ սավանը խեղդելու չափ ձիգ փաթաթի վզիս շուրջը։ 

«Չըխկ–չըխկ»,―սկսեց մազերս կտրել նա, դեմքի անփույթ արտահայտությունն անփոփոխ։ Երբ դաջվածքներով պատված ձախ ձեռքը մետոցավ դեմքիս, նայեցի վիշապին. երիտասարդը կարծես դա նկատեց ու շոյվեց։ Անփութորեն կախված հաստ շուրթերը մի փոքր լարվեցին, աննշան ժպիտի հայտնվելուն դիմադրելով։ 

«Պա՜րա՜–պի՜րա՜»,— սլանալով անցավ ինչ որ մեքենա, ոստիկանական կամ հրշեջ։ Երիտասարդի դեմքն էլ ավելի անփույթ դարձավ, շուրթերն էլի թուլացած կախվեցին։ Նա մի պահ դադարեցրեց չխկչխկոցը, ծույլ նայեց մեծ ապակյա ցուցափեղկից դուրս, հետո հասկացող մարդու տեսքով գլուքը հետ բերեց, վերսկսեց չխկչխկոցն ու ալարկոտ ասաց. 
– Գողերի ու բ...երի ժամանակ ա, ապե։ 
– Մմ՞,— չհասկանալով՝ ինչ ի նկատի ունի, ասացի ես։ 
– Գողի ու բ...երի ժամանակ ա, ապեր,— կրկնեց նա ու՝ ի պարզաբանումն, իմաստունի ծուլությամբ,— գողերը գողանում են, բ... երն էլ գնում բռնում են։ 
– Մմմ,— ըմբռնումով ասացի ես. գողերը՝ դե՝ գողերն են, մյուսներն էլ, կարծես թե՝ ոստիկանները։ Ուղղակի չհասկացա, դրանցից ո՞րն էր լավը որը՝ վատը։ Իսկ նա չպարզաբանեց, իմաստուն լռեց։ Երևի սպասում էր, որ հարցնեմ, ու նա իմաստուն ու անփույթ բացատրի, բայց ես չհարցրի։ 

«Չըխկ–չըխկ»,— շարունակեց նա։ Վարսավիրանոց մտավ մի տղա, ավելի շուտ՝ տղամարդ, սպիտակող մազերով, բայց բավական երիտասարդ դեմքով, սպիտակ մայկայով, սպիտակ շորտիկով, սպիտակ գուլպաներով, ու կապույտ չստերով։ Մեջքը ծույլ ու անփույթ կոր էր, աչքերի արտահայտությունը՝ դժգոհ, բերանի անկյունում՝ ծույլ սիգարետ։ Վարսավիրիս մեջքն ուղղվեց, շուրթերը զգաստացան, աչքերը դարձան անմեղ ու զգույշ։ Տղամարդը՝ բերանի անկյունները էլ ավելի դժգոհ ներքև իջացնելով, առանց երիտասարդին նայելու՝ ասաց. 
– Աշոտը ու՞ր ա՛։ 
Երիտասարդը՝ մի քիչ խեղճանալով՝ 
– Գնացել ա, էրկու ժամից ասեց՝ կգա։ 
– Բա ստեղ մի հատ մոխրաման չկա՞,― էլ ավելի դժգոհ ասաց տղամարդը՝ հեռվից նայելով իր սիգարետի մոխրացած մասին, որ ահագին երկարել էր։ 
– Չէ, ցավդ տանեմ, կտտցրա գետնին,― հյուրասեր շարժումով սալահատակը ցույց տալով ասաց տղան։ Տղամարդը՝ առանց նրան լսելու՝, մտավ խորքի սենյակը։ Տղան շուրթերն ատելությամբ կախեց, հոնքերը կիտեց ու ինքն իրեն, բայց այնպես որ լսեմ՝ ասաց՝ «կարող ա՞ մի հատ քո համար մոխրաման էլ բերեմ»։ Այֆոնը զանգեց։ Տղան վերցրեց ու ինչ որ մեկի հետ խոսեց՝ անմեղ ու զգույշ։ Հետո անջատեց, նորից ընդունեց իր անփույթ տեսքն ու այֆոնն անփութորեն հայելու դիմաց շպրտելով, կախված շուրթերի արանքից ասաց՝ 
– ....եմ ....ըդ,— ու մի պահ դադար տվեց՝ երևի որ հարցնեմ, թե այդ ում է հայհոյում, որ ինքն էլ անփութորեն նկարագրի ու մի երկու բառ էլ հավելի։ Բայց ես լուռ մնացի, ու նա հոնքերը մի փոքր կիտեց, շուրթերն էլ մի փոքր ձգած՝ շարունակեց գործը։ 

«Գինը՝ 600 դրամ, մուծումները՝ միայն դրամարկղում», գրված էր դիմացիս պատի վրա փակցված ցուցանակում։ Աչքերով դիմացիս հայելու մեջ որոնեցի դրամարկղը, ու մի փոքր՝ դարակներով սեղան տեղնելով՝ հանգստացա ու նայեցի ինձ։ Տղան արդեն կտրել վերջացրել էր ու, արդեն ոչ այնքան անփույթ՝ մազերս էր սանրում։ 

– Լավ ա՞, – Հա շատ լավ ա, ընգեր, մերսի,― ասացի ու, ցուցանակի պատվիրանին հլու՝ դրամապանակս հանելով, մոտեցա դրամարկղ կոչվածին, ուր, սակայն, մարդ չկար։ Շրջվեցի ու տեսա վարսավիրիս, որն ունքերն էլ ավելի կիտած ու շուրթերը լարած, մոտենում էր ինձ, սպասելով, որ վճարեմ։ Հազար դրամ տվեցի ու մանրը չվերցրի։ Նա էլ ավելի լարեց շուրթերն ու նայեց ինձ, ու ես դուրս եկա փողոց։ 

Չհասկացա ինչու՝ նրա վերջին հայացքը չար էր. թե՝ իրեն անմիջապես վճարելու փոխարեն դրամակղին մոտենալու, թե՝ մանրը չվերցնելու, թե՝ շորտիկով մարդու, կամ թե՝ այֆոնի այն ծայրում գտնվող մարդու ու գողերի ու բ...երի մասին չհետաքրքրվելու համար...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել