
Galatv.am-ը գրում է.
Օրեր առաջ փաստաբան Ռուբեն Բալոյանը պատրաստակամություն էր հայտնել անշահախնդրորեն պաշտպանել Ռուսաստանի Դաշնությունում վթարված ավտոմեքենայի վարորդ Հրաչյա Հարությունյանի շահերը:ԳԱԼԱ-ն կապ հաստատեց Բալոյանի հետ` պարզելու համար, թե արդյոք Հարությունյանի ընտանիքը դիմել է նրան այդ հարցով, սակայն Բալոյանն ասաց, որ առայժմ ոչ:
Այնուամենայնիվ, Բալոյանից փորձեցինք պարզել, թե ինչ է պահանջվում Հայաստանից գործում փաստաբան ներգրավելու համար: Փաստաբանը նշում է, որ այս դեպքում փաստաբանին պիտի դիմի Հարությունյանի ընտանիքը կամ գործուղի ՀՀ Փաստաբանների պալատը:
ԳԱԼԱ-ն փորձեց պարզել, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի սահմանադրությունների միջև եղած տարբերությունները չեն խոչընդոտի գործի ընթացքը լիարժեքորեն վերահսկելուն, սակայն փաստաբանը պատասխանեց, որ առանձնապես շատ տարբերություններ չկան Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրությունների միջև:
Անդրադառնալով Հարությունյանի անմեղությունն ապացուցելու հավանականությանը՝ Բալոյանը նշում է, որ եթե փորձաքննությամբ պարզվի, որ արգելակի անսարքություն է եղել, որն առաջացել է վթարին նախորդող պահին, այնպես որ Հրաչյան չէր կարող կանխատեսել և շտկել դա, ապա նա քրեական պատասխանատվությունից կազատվի:
Չցանկանալով քաղաքականացնել որևէ բան՝ կապված Հրաչյային խալաթով դատարան տանելու հանգամանքի հետ, Բալոյանը միայն մեկ բան է նկատում. դատարանը պիտի թույլ չտար, որ խալաթով դատարան մարդ մտցնեին: «Պատկերացնում եք, որևէ մեկը դատավարության կողմերից դատարան է գալիս խալաթով, կապ չունի՝ նա մեղադրյալ է, տուժող, դատախազ, տուժողի իրավահաջորդ կամ ցանկացած այլ դատավարության կողմ, ի՞նչ կաներ այդ դեպքում դատարանը, իհարկե, թույլ չէր տա այդ տեսքով դատական նիստի մասնակցել, իսկ Հրաչյան դատավարության կողմ էր»,- համոզված է փաստաբանը:
Արաքս Մամուլյան