
Երբ մի քանի տարի առաջ ռուսաստանցի բլոգեր Ալեքսեյ Նավալնին իշխող կուսակցությանը՝ ՙԵդինայի Ռոսիային՚ անվանեց ՙխարդախների եւ գողերի կուսակցություն՚, շատերն էին զարմանում՝ Լավ, Ռուսաստանի պես երկրում նման բան ասես իշխանավորների հասցեին եւ ազատության մեջ մնաս… Մանավանդ որ բոլորը հիշում էին, թե ինչ եղավ, երբ Շենդերովիչը իր ՙՏիկնիկներ՚ հաղորդմամբ առաջինը սկսեց քննադատել իշխանավորներին: Հաղորդումը փակեցին, իսկ ԷնՏեՎե հեռուստատկայանը, որը հեռարձակում էր այդ հաղորդումը, ընդդիմադիրից վերածվեց իշխանամետի: Երեկ վերջապես ամեն ինչ իր տեղն ընկավ եւ Նավալնին դատապարտվեց 5 տարվա ազատազրկման:
Իհարկե, դատապարտվեց ոչ այն բանի համար, որ իշխող կուսակցության անդամներին ժուլիկ էր անվանել: Դատապարտվեց հենց գողության համար՝ ՙԿիրովլես՚ ընկերությունից հանցակցի հետ 16 միլիոն ռուբլու փայտանյութ գողանալու կամ յուրացնելու համար:
Իշխանությունների համար պարզապես իդեալական տարբերակ՝ Տեսեք, նա ով մեզ գող էր անվանում, իրականում ինքն է գողը, այսինքն հաստատվեց բոլորին հայտնի ճշմարտությունը, որ գողը ամենաբարձրն է գոռում՝ ՙԲռնիր գողին՚:
Ինչու այդքան ուշ եկավ հատուցումը՝ չէ որ իշխանավորներին գող ու խարդախ վաղուց էր անվանել: Միգուցե այն պատճառով, որ երկար ժամանակ պահանջվեց քրեական մեղադրանք ներկայացնելու համար: Կարդացել եք արդյոք ամերիկացի գրող Ռոբերտ Փեն Ուորենի ՙԹագավորական ողջ շքախումբը՚, իմ կարծիքով, պարզապես դասական վեպը ընտրությունների մասին՝ թե ինչպես է մի թեկնածուի թիմը վարկաբեկիչ նյութ փնտրում մրցակցի նկատմամբ: Շատ երկար են փնտրում, արդեն հուսահատվում են, գրեթե համոզվում են, որ մրցակիցը մաս մաքուր մարդ է, բայց թեկնածուն պնդում է՝ Շարունակեք փնտրել, չկա աշխարհում մաս մաքուր մարդ: Ու գտնում են:
Հիմա դժվար է ասել՝ արդյոք նույնն է եղել Նավալնիի դեպքում:
Ընդհանրապես շատ դժվար է խոսել նրան ներկայացրած մեղադրանքի հիմնավորվածության մասին, որովհետեւ ինքը Նավալնին պնդում է, որ սա քաղաքական պատվեր է, իշխանությունը հակադարձում է՝ ինչ քաղաքական պատվեր, մարդը պարզապես գող է եւ ուզում է դա կոծկել քաղաքական շղարշով: Վիճաբանության մեջ մտնել այս հարցի շուրջ, նշանակում է տեղափոխվել իրավական դաշտ: Եթե, ûñÇݳÏ, մասնակցել ես ղարաբաղյան պատերազմին ու հետո որպես հիßատակ, ասենք, ՙՇիլկայի՚ փամփուշտ ես բերել ու ընտրություններից առաջ կամ վիճահարույց ընտրություններից հետո տեղի ուղեցող բողոքի հանրահավաքում քեզ ձերբակալում են, որովհետեւ տանդ այդ չարաբաստիկ փամփուշտն են գտել, իհարկե, կարող ես պնդել, թե քաղաքական հետապնդումների ես ենթարկվել: Բայց, համաձայնեք, իրավապահն էլ իրավունք ունի պնդելու, որ տանը փամփուշտ պահելը առանց հատուկ թույլատվության քրեական հանցանք է, որը նախատեսված է Հայաստանի Քրեական օրենսգրքի 235 հոդվածով եւ դրա դեմ ոչինչ չեք կարող առարկել:
Բայց որոշ մեկնաբաններ պնդում են, թե Նավալնիին հենց հիմա դատապարտեցին ոչ թե այն պատճառով, որ նրա կենսագրությունում բիծ գտնելը երկար տւեց: Պարզապես առաջ նա իշխող կուսակցության անդամներին պարզապես ժուլիկ էր անվանում՝ դա, իհարկե, վիրավորական է, որովհետեւ բլոգերի այդ արտահայտությունը հետագայում շատ լայն տարածում ստացավ ու թեւավոր խոսք դարձավ: Բայց դա որեւէ մեկի համար անմիջական վտանգ չէր ներկայացնում: Դե անորոշ ասում է իմ հարազատ կուսակցության մասին, միգուցե նույնիսկ ինչ որ տեղ ճիշտ է ասում, ով է ժխտում, որ մեր կուսակցության անդամ Վազգեն Խաչիկյանին իրոք յուրացման մեղադրանք է ներկայացվել: Բայց հետո Նավալնին սկսեց իր բլոգում նյութեր տեղադրել շատ կոնկրետ մարդկանց մասին՝ պարզապես փաստաթղթեր էր զետեղում, որոնք միանշանակ վկայում էին այն մասին, որ իշխող կուսակցության այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան օֆշորում հաշիվ ունի կամ Մայամիում շքեղ առանձնատուն, որը չի հայտարարագրել:
Առաջին հայացքից՝ Նավալնին լավ բան էր անում, բացահայտում էր կոռուպցիան, իշխանություններն էլ են կոչ անում պայքարել կոռուպցիայի դեմ: Բայց հենց այստեղից սկսվեցին Նավալնիի դժբախտությունները: Որովհետեւ իշխանության տրամաբանությունը մոտավորապես այսպիսին է՝ Այո, կա կոռուպցիա, այո, գիտեմ, որ իմ կուսակիցը Կիպրոսում օֆշորային ընկերություն ունի, բայց դրա մասին ինձ քննադատողը չէ, որ պիտի բարձրաձայնի: Եթե ես հարկ համարեմ, ինքս կբացահայտեմ, ինչպես արեցի Վազգեն Խաչիկյանի դեպքում: Իսկ քանի դեռ ես չեմ բացահայտել, ուրեմն Կիպրոսում ոչ մի օֆշորային ընկերություն էլ չկա եւ ես կապացուցեմ, որ չկա:
Շեղվեցինք Նավալնիից: Երեկ նրան ու մյուս մեղադրյալին՝ Օֆիցերովին հենց դատարանի դահլիճում ձերբակալեցին: Մոսկվայում եւ ռուսաստանյան այլ քաղաքներում բողոքի ցույցեր սկսվեցին: Ու տեղի ունեցավ անհավանականը: Այն նույն դատախազը, որը նախօրեին պահանջում էր դատարանի դահլիճում ձերբակալել մեղադրյալներին, պահանջեց երկրորդ ատյանի դատարանից ազատ արձակել նրանց: Ու այսօր ազատ են արձակել եւ հենց այս պահին Նավալնին Կիրով քաղաքից, որտեղ դատն էր տեղի ունենում, գնացքով գալիս է հարազատ Մոսկվա:
Բոլորս գիտենք՝ դատախազները իրենց միտքը այդքան արագ ու կտրուկ չեն փոխում: Այսօր գրեթե բոլոր մեկնաբանները փաստում են՝ զանգ է եղել Կրեմլից: Որովհետեւ հարվածի տակ էին դրվում մոսկովյան ընտրությունները: Գիտեք իհարկե, սեպտեմբերի 8ին Մոսկվայում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ եւ Նավալնին առաջադրել է իր թեկնածությունը: Ավելին՝ հարվածի տակ էր դրվելու իշխանությունների ճակատագիրը: Չգիտեմ, արդյոք Ռուսաստանի իշխանությունները ծանոթ են հայաստանյան փորձին, բայց մենք հո հիշում ենք, որ 1995ին մեր իշխանությունները հենց այդպես էլ վարվեցին՝ պարզապես ազատազրկեցին այն մարդկանց, որոնք կարող էին հաջողության հասնել այս կամ այն ընտրատարածքում: Ու հիշում ենք նաեւ, թե այդ իշխանությունների համար դա ի վերջո ինչով ավարտվեց մի քանի տարի անց:
Բայց եկեք մինչեւ վերջ անկեղծ լինենք՝ արդյոք Նավալնին վտանգ է ներկայացնում իշխանական թեկնածուի համար: Հազիվ թե՝ Նավալնիի վարկանիշը ընդամենը 15 տոկոս է: Համաձայնեք, ընդհանրապես գոնե առայժմ ոչ Հայաստանի ընդդիմությունն է վտանգ ներկայացնում իշխանությունների համար, ոչ էլ Ռուսաստանինը: Պարզապես ընդդիմությանը այդ անվտանգ վիճակում պահելու համար ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է հիշեցնել նրան, որ մաս մաքուր մարդ աշխարհում չկա ու եթե պետք լինի՝ ՙՇիլկայի՚ փամփուշտը ձեր տանը անåայման կգտնենք: